Մինչ մենք հայտարարում ենք, թե այլեւս երբեք թույլ չենք տա 1915 թվականի կրկնությունը, միջազգային համայնքը հիշում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Բաքվի բռնապետը նշում է, որ «մի օր հայերը կարող են արթնանալ եւ տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերեւում»: Իրականությունը ձեւավորվում է խոսքի եւ գործի համապատասխանության արդյունքում։ Ներկայումս խաղաղություն է հաստատվում հայի արյան եւ հայրենիքի հաշվին, դա է Ադրբեջանի «խաղաղության» ընկալումը։ Հայի խաղաղությունը կառուցվել է արարման, խաղաղ համագոյակցության տարբերակով, որն ապահովել է Հայոց բանակը։
Ներկայումս իրավիճակն օր օրի վատթարանում է. Արցախին սպառնացող վերջնական հայաթափումն ու հերթական ցեղասպանական գործողությունների հավանականությունն առավել առարկայական են դարձել։ Ապրիլի 24-ին, իսկ նրանք հակված են գործողություններն իրականացնել խորհրդանշական օրերին, Ադրբեջանը հայտարարեց Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող մայրուղու վրա անցակետ տեղադրելու մասին։ Դրանով պաշտոնական Բաքուն ցույց տվեց, որ իր համար նշանակություն չունի նաեւ միջազգային դատարանի կայացրած որեւէ որոշում։ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ անցակետ տեղադրելու արդյունքում Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրված են ինչպես Արցախի մնացած հատվածից, այնպես էլ մայր հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից: Փաստացի Արցախում ապրող հայը կանգնած է թե ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ, թե դանդաղ մահվան՝ պայմանավորված պարենի, դեղորայքի եւ կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաների բացակայությամբ։
Ո՞րն է փրկությունը, եւ կա՞, արդյոք, այն։ Այո, կա եւ այն խոսքը գործի վերածելու մեջ է։ Փրկության մասին հայտնի կարգախոս կա Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» հայտնի վեպում։ «Խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է» արտահայտությունը վաղուց դարձել է թեւավոր խոսք եւ հուշում է, որ ամեն մեկն իր հարցերը պետք է լուծի ինքնուրույն կամ դժբախտության մեջ գտնվող ընկերների հետ միասին, ուրիշը «խեղդվողի» փոխարեն այդ գործը չի անի։ Սեփական ուժերով փրկվելու մասին է նաեւ «Բարոն Մյունհաուզենի արկածները» վիպակի այն դրվագը, երբ պատերազմի ժամանակ թուրքերի ձեռքից փախչելիս (խորհրդանշական մանրուք), Մյունհաուզենը փորձում է ձի հեծած թռչել ճահճի վրայով, բայց ընկնում է տիղմի մեջ, եւ փրկվելու միակ տարբերակը մնում է կեղծամի հյուսից բռնած թե իրեն, թե ձիուն մեծ դժվարությամբ դուրս բերելու տարբերակը։ Գեղարվեստական ստեղծագործություններում նկարագրված դեպքերը կենսունակ են նաեւ իրական կյանքում։ Իսկապես, հեշտ չէ փրկության ճանապարհը, սակայն այն իրատեսական է։ Այլ հարց է՝ իսկ ուզո՞ւմ ենք, արդյոք, փրկվել, մենք ուզո՞ւմ ենք պետականություն ունենալ, արդյոք մեզ համար կարեւո՞ր է մարդկության պատմության, ազգերի բազմազանության մեջ մեր տեսակը պահպանել, թե՞ բավարարվելու ենք ընդհանուրի մեջ տարրալուծվելու տարբերակով։ Վերջին մեկ հարյուրամյակում պետականություն ստացել ենք արտաքին նպաստավոր պայմանների եւ զարգացումների արդյունքում՝ այն ստանալով որպես նվեր, իսկ նվեր ստացածի իրական արժեքը հաճախ չի գնահատվում, չգնահատված նվերն էլ սովորաբար մսխվում է, օգտագործվում՝ սպառելու մտայնությամբ։ Վերոնշյալ հարցերին դրական պատասխան տալուց հետո միայն ամենագլխավոր խնդիրը կդառնա «ի՞նչ եւ ինչպե՞ս անել» հարցերի պատասխանը գտնելը։ Ցանկացած անելանելի դրություն հաղթահարելի է, երբ դադարում ես հայացքդ ուղղել դուրս եւ կենտրոնանում ես ներքին ուժերի համախմբման վրա։ Երբ սպասում ենք, թե ինչ կասի այս կամ այն երկիրը, այդ երկրների քաղաքական, հասարակական գործիչները, որպեսզի մենք «փրկվենք», ապա, գոտեպնդող խոսքերից կամ խղճահարությունից բացի, ոչինչ էլ չենք ստանա։
Անցել է հարյուր տարուց ավելի, սակայն Թուրքիան ոչ միայն պատասխանատվություն չի կրել իրականացրած ցեղասպանության համար, այլեւ շարունակում է հովանավորել նոր ոճրագործություններ եւ հանցագործություններ, այս անգամ՝ Ադրբեջանի ձեռքով։ Ապրիլի 24-ի առթիվ հնչեցին ոճիրը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ, կատարվեցին գրառումներ, սակայն տեղին ենք համարում հիշատակել «Time» պարբերականում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ հոդվածը (https://time.com/6273756/armenian-genocide-april-24-day/), որի հեղինակը Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերն է: «Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվեց մինչեւ 1.5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաեւ անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների նոր շարքի, որին աշխարհը հետեւում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են գլխատումների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների եւ հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական եւ տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի եւ բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով. քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը եւ հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ թեեւ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց իրականում հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։
Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը. սա պետք է գործելու բանաձեւ դառնա թե առաջադեմ մարդկության, թե յուրաքանչյուր հայի համար։