Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ 2023 թ. վարկերի պայմանները հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանության արժանացան 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 201-Լ որոշումում փոփոխությունները։
Ըստ էկոնոմիկայի նախարարության (տեղեկությունը բացառապես պատկան այս կառույցինն է,- Ա. Մ.), ծրագիրը մեկնարկել է 2019-ից եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսված են 2023 թ. պետբուջեի մասին օրենքի թիվ 1 հավելվածի թիվ 2 աղյուսակում ներառված համապատասխան միջոցառմամբ։ Ծրագրում պարբերաբար փոփոխություններ ու լրացումներ են եղել՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ խնդիրներով պայմանավորված։
Ըստ վերջին փոփոխությունների՝ 2022 թ. ապրիլի 16-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար առավելագույն տոկոսադրույք չի սահմանվել, եւ վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող եւ նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող եւ վերամշակող տնտեսավարողներին տրամադրված վարկերը սուբսիդավորվում են ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով։ Նշված ժամանակահատվածում խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվում են 1.5 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 6 ամիս արտոնյալ ժամկետով։ «Խաղողի մթերման համար մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են 3 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 12 ամիս արտոնյալ ժամկետով, իսկ 2022 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ 4 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 24 ամիս արտոնյալ ժամկետով եւ սուբսիդավորվելու է 11 տոկոսային կետով»,- տեղեկացնում է նախարարությունը։
2022 թ. դեկտեմբերի 30-ից հետո ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար սկսելու են գործել նախկին պայմանները, ըստ որոնց վարկերը տրամադրվելու են առավելագույնը տարեկան մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, եւ սուբսիդավորվելու է վարկերի տոկոսադրույքների տարեկան մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է մինչեւ 12 տոկոսային կետին համարժեք մասով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Մինչդեռ ֆինանսական շուկայում իրավիճակով պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը շահավետ չէ, եւ նշված պայմանները պահպանելու դեպքում ծրագրի շարունակականության ապահովումը կդառնա խնդրահարույց։ Հարկ է նշել, որ վարկերի համար վերին շեմ սահմանված չի եղել։
2022 թ. ծրագրում փոփոխությունները կատարվել են Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների, ՌԴ ռուբլու արժեզրկման պատճառով, արժույթի շուկայում ստեղծված իրավիճակով եւ Հայաստանից ապրանքների արտահանման ու արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրներով պայմանավորված։ «Նախագիծը մշակվել է ծրագրի առանձին շահառուների հետ կայացած քննարկումների արդյունքում եւ հետեւյալ նկատառումներից ելնելով՝ չնայած ՌԴ ռուբլու փոխարժեքի որոշակի կայունացմանը, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի շուրջ 17 տոկոս կազմող արժեվորման պատճառով ծրագրի շահառուները դեռեւս զգալի վնասներ են կրում արտահանված արտադրանքի դիմաց ստացված արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ»։ Բացի այդ, դարձյալ ըստ նշյալ պետական գերատեսչության, զգալիորեն ավելացել են արտահանման լոգիստիկ ծախսերը։ Նշված վնասները փոխհատուցելու նպատակով ոլորտի տնտեսավարողները որոշակիորեն բարձրացրել են իրացվող արտադրանքի արժեքը, ինչի հետեւանքով կրճատվել են արտահանման բնեղեն ծավալները։ Մասնավորապես՝ 2022 թ. նախորդ տարվա համեմատ պանրի արտահանման ծավալները նվազել են 38.7, պտուղբանջարեղենային պահածոներինը՝ 13.7, իսկ կոնյակի սպիրտինը՝ 50.8 տոկոսով։
Ինչեւէ, կարգավորման նպատակով հետեւյալը որոշվեց. 1. գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, 2. սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք գումարը, իսկ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն ծավալող եւ գյուղատնտեսական հումք մթերող, վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք գումարը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից։