Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ուխտագնացություն Սպիտակավոր

Այնտեղ է մեծն Նժդեհի շիրիմը

Ապրիլի 28, 2023
Սոցիում
Ուխտագնացություն Սպիտակավոր
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
449
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ազգային ոգի-ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմութեան անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»։

Գարեգին Նժդեհ

Նժդեհի այս խոսքն ամենաարդիականն է այսօր։ Հայոց մեծ եղեռնի միլիոն ու ավելի զոհերի հիշատակը հարգելուն է միտված արդեն ավանդույթ դարձած Նժդեհյան ուխտը՝ Վայոց ձորի Վերնաշեն գյուղի մոտակա բարձունքում՝ Պռոշաբերդի մոտ գտնվող Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք ( Ծաղկավանք)։

Այս տարի եւս բազմամարդ էր Նժդեհի շիրմաքարի մոտ։ ՀՀ տարբեր մարզերից, Երեւանից բազում խմբեր ու ընտանիքներ էին եկել այստեղ՝ Նժդեհյան ոգով հարգելու ցեղասպան դարձած մեր հայրենակիցների հիշատակը։ Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի սաներն ու ուսուցիչները՝ տնօրեն Անուշ Նավասարդյանի գլխավորությամբ, եւ «Միհր» ռազմամարզական ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանն ու սաները նույնպես այցելեցին Սպիտակավոր։ Եղեգնաձոր քաղաքի մոտակա Վերնաշեն գյուղից դեպի Սպիտակավոր բարձրացող ավտոճանապարհը դժվարանցանելի է, բացի այդ, ուխտավորների հիմնական մասը գերադասում է վանական համալիր (այն նաեւ արդեն հայտնի է «Նժդեհյան ուխտատեղի» անունով) հասնել ոտքով՝ անցնելով մոտ 5 կմ ճանապարհ լեռնային արահետներով։ Վերնաշենի 13-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցում այժմ Գլաձոր համալսարանի պատմությանը նվիրված թանգարանն է։ Այս սրբավայրի բակում Ա. Նավասարդյանի դպրոցի աշակերտները բաժանվեցին ջոկերի եւ «Միհրի» փորձառու սաների ուղեկցությամբ սկսեցին արշավը դեպի Սպիտակավոր։ Մինչ արշավն սկսելը՝ «Միհրի» ղեկավար Գ. Մանուկյանը ողջունեց նավասարդյանական աշակերտներին, ուսուցիչներին եւ ասաց՝ իրենց նպատակն է, որ մեր երեխաները, պատանիները, երիտասարդները մեծանան ու կյանք մտնեն հայի արժեհամակարգով: «Իմ կողքինը ես եմ»՝ այս կարգախոսով են մարզվում իր սաները, եւ նրանց համար ընկերը հենց ինքն է։ «Միշտ հայ». այսպես են ողջունում միմյանց։ Նույն ճանապարհով անցան նաեւ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը, աշակերտների ծնողները։ Նրանց հետ անցանք Վերնաշեն-Սպիտակավոր մոտ 5 կմ ճանապարհը, որն Արփայի աջակողմյան Սրկղոնք-Սրկցույաղց 11.5 կմ երկարությամբ վտակի կիրճով է բարձրանում վեր՝ դեպի վանական համալիր։ Գայլաձոր լեռան հարավային լանջերից սկիզբ առնող ու Եղեգնաձոր քաղաքից 1.5 կմ հարավ-արեւմուտքում մայր գետին միախառնվող այս գետակն ունի գեղատեսիլ հովիտ՝ ջրվեժներ ու ժայռակերտ տեսարաններ։ Այս կիրճով անցնողը երբեւէ հոգնածություն չի զգա, չնայած քարքարոտ արահետներին, տեղ-տեղ գետանցումներին, ժայռ մագլցելուն։ Ընթացքում դպրոցականները հանդես եկան ռազմավարժանքով, մասնակցեցին օդամղիչով հրաձգության։

Սպիտակավոր վանական համալիրի բակում՝ Նժդեհի շիրմաքարի մոտ ծաղիկներ էին խոնարհված, կատարվում էր խնկարկում՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի հոգիների։ Այստեղ էին նաեւ «Իրական դպրոց»,  «Պետականությունը որպես գերագույն արժեք» (ՊՈԳԱ), «Մարտական եղբայրություն», ՈՄԱ, «Լեռնամանիա» արշավական ակումբ, «Թոնդրակ» ակումբ եւ նման այլ կառույցների ներկայացուցիչներ։ «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան՝ բոլորը»,- ասում էր Նժդեհը։ Վանքի տարածքում կայացել էր նաեւ հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես նահատակների հոգիների։ Եկեղեցու բակում «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները, որ արդեն հետ էին վերադառնում, լուսանկարվեցին Նժդեհի շիրիմի խաչքարի մոտ, որի վրա գրված է հայոց մեծ մտածող-զինվոր-զորականի խոսքը. «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»։ Խաչի տակ «Այստեղ հանգչում է նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր» խոսքն է քանդակված։ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները նույնպես քայլարշավով էին բարձրացել ուխտավայր, ճանապարհն անցել էին ռազմական պարապմունքի որոշ տարրեր օգտագործելով:

«Ապրիլի 24-ին Նժդեհի ուխտավայր բարձրանալու նպատակը ոչ թե միայն արշավային է, այլեւ՝ խորհրդանշական: Ոչ թե թուլություն, օտարամոլություն, ապավինում «բարի աշխարհին», այլ հավատք եւ հենք սեփական ուժերին:  Երեւանից դուրս, լեռան գագաթին գտնվող Նժդեհի շիրմաքարը ցույց է տալիս ելք դեպի այլ ուղղություններ եւ զորություններ, որոնք թվում են անհնարին քաղքենի միջավայրում»,- ասված է «Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջում։ «Լեռնամանիա» արշավական ակումբի նախագահ Հրայր Սուրմալեցին ասաց, որ իրականացնում են «Արշավները դպրոցում» ծրագիրը, եւ իրենց խմբում «Սուրմալու» ազգագրական երգի-պարի համույթի ու Յուրա Հովհաննիսյանի (26-ի Յուրա) անվան ռազմամարզական կենտրոնի սաներն են։ «Թոնդրակ» արշավական ակումբի ղեկավար, պատմաբան Գոռ Ղազարյանը ողջունեց ներկաներին։ Կարեւորեց նման արշավները։ Ապրիլի 24-ին նաեւ «Միհր» ռազմամարզական ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի ծննդյան օրն է։ Իր անվանակցին Գոռ Ղազարյանը նվիրեց Նժդեհի «Իմ պատասխանը» գիրքը։ ՊՈԳԱ-ի նախագահ Օնիկ Պապոյանն ասաց, որ եկել է իր սաների հետ։ Վերնաշեն-Սպիտակավոր ճանապարհը պատանիներն անցել են մարզական վարժանքներով։ Վանքի բակում հանդիպեցինք նաեւ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի ուխտավորներին՝ միջնակարգ դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ՝ տնօրեն Նարինե Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նշեմ՝ Բարձրունու եւ Երեւանի Ա. Նավասարդյանի անվ. թիվ 196 հիմնական դպրոցները «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի շրջանակներում վերջերս կատարել էին փոխադարձ այցեր։ Նժդեհի շիրմաքարի մոտ ասմունքով հանդես եկավ նաեւ սիրիահայ Ալեքսը։ Երեկոյան վերադարձանք Սպիտակավորից՝ արդեն ավտոճանապարհով, որն անցնում է սարի լանջերով։ Վերեւից բացվում է հրաշալի տեսարան՝ Եղեգնաձոր եւ մոտակա բնակավայրերն են փռված Արփայի հովտում։ Ներքեւում է մնում Սպիտակավոր վանքը, իսկ ավելի վեր՝ սրագագաթ լեռն է, որն իր վրա պահում է Պռոշաբերդը՝ կառուցված Պռոշ իշխանի կողմից 13-րդ դարում։ 

 

Ճանապարհին զրուցեցի Ա. Նավասարդյանի անվ. դպրոցի սաների, ուսուցիչների հետ։ Շատերն առաջին անգամ էին մասնակցում այս արշավին։ Գոհ էին, շնորհակալ դպրոցի տնօրենին՝ նման հնարավորության համար, «Միհրի» ղեկավարին ու պատանիներին, որ ողջ ընթացքում ուղեկցեցին իրենց։ Դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին այցելում են Նժդեհյան ուխտավայր. «Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Նժդեհյան ուխտատեղի այցելելը պայմանավորված է այն իրողությամբ, որ 1948 թ. ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, իսկ 1915 թ. ապրիլի 24-ին էլ հայ ազգը զրկվել է իր ղեկավար ուժերից եւ մտավորականներից։ Եվ այդ օրը Սպիտակավորում՝ Նժդեհի շիրիմի մոտ, հայորդիներն ուխտում են հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, հայոց պետականությանը եւ Նժդեհի պատգամներին»։ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում 1955 թ. դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երեւանից շտապ մեկնել է Վլադիմիր։ Նրան են հանձնել եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվել նաեւ մարմինը տեղափոխել հայրենիք։ Լեւոնը կատարել է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տվել ու տախտակի վրա պատվիրել է ռուսերենով գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։ 

Տեղեկացնեմ՝ 1983 թ. Գարեգին Նժդեհի աճյունը գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի եղբոր միջոցով Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից նրա թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, գաղտնի տեղափոխում է Երեւան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987 թ. հուղարկավորվում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ: 1987-ից սկսած՝ ամեն տարի, հունիսի 16-17-ը նժդեհականները տարբեր տեղերից ուխտագնացության են գալիս Սպիտակավոր։ Տարիներ առաջ, երբ բնակվում էինք Բերձորում, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր գլխավոր բժիշկ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետի հետ հունիսին ուխտի եկանք Սպիտակավոր։ Ա. Բունիաթյանն ու Աթանաս վարդապետը Նժդեհի աճյունը տեղափոխելու եւ հուղարկավորելու կազմակերպիչներից են։ Պատմեցին, թե ինչպես են իրականացրել այդ դժվար աշխատանքը խորհրդային ՊԱԿ-ի հսկողության տակ։ Նույն կազմակերպիչները նաեւ երդվել էին, որ յուրաքանչյուր տարի այդ օրերին՝ հունիսին կայցելեն Սպիտակավոր, հոկտեմբերին՝ Խուստուփ։ Նաեւ երդվել էին. «Եթե չգանք, ուրեմն՝ չկանք»։

Թեգեր: Գարեգին Նժդեհ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շատ բան կվճռեն մանրուքները

Շատ բան կվճռեն մանրուքները

…Երբ ադրբեջանցիները լեղապատառ փախչելիս են եղել

…Երբ ադրբեջանցիները լեղապատառ փախչելիս են եղել

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist