1936 թ. Հիտլերի ղեկավարած ֆաշիստական Գերմանիան մեծ շուքով անցկացրեց միանգամից երկու օլիմպիական խաղեր՝ ամառային եւ ձմեռային: Այն վերջինն էր մարդկության պատմության մեջ, երբ երկու օլիմպիական խաղերն անցկացվեցին նույն երկրում, իսկ արդեն 1940-ին Ճապոնիայում նախատեսված օլիմպիական խաղերը չեղարկվեցին հենց հիտլերյան Գերմանիայի սանձազերծած համաշխարհային պատերազմով, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: Խաղաղության խորհրդանիշ օլիմպիական խաղերն անցկացնելու քողի տակ ֆաշիստական Գերմանիան նախապատրաստվում էր մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմի սանձազերծմանը՝ հզորացնելով իր ռազմական արդյունաբերությունն ու ներուժը:
Քրիստոսի ծննդից հետո, 21-րդ դարում Արցախի ժողովրդի դեմ աննախադեպ ագրեսիա եւ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ գործած Բաքվի վարչախումբն ապրիլի 28-30-ն անցկացնում է համաշխարհային ավտոարշավի «Ֆորմուլա-1» մրցաշարը: Այսօր Ուկրաինայում պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով այդ երկրի բոլոր մարզական ֆեդերացիաներին եւ առաջատար մարզիկներին արգելված է մասնակցել միջազգային սպորտային միջոցառումներին, իսկ Ադրբեջանին բարեհաճորեն թույլատրվում է անցկացնել նման խոշորագույն մրցաշարերից մեկը: Այստեղ պետք է արձանագրենք, որ «Ֆորմուլա-1»-ն անցկացվում է արցախյան արյունալի պատերազմը խորհրդանշող, այսպես կոչված, «հաղթանակի պուրակից» ոչ շատ հեռու՝ Բաքվի արվարձանում:
Ավտոարշավների սիրահարներն աշխարհի տարբեր անկյուններից ժամանելու են Բաքու եւ զմայլվելու են մրցաշարով, այն դեպքում, երբ այնտեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմը՝ շրջափակման մեջ պահելով, հումանիտար ճգնաժամի եւ էթնիկ զտման ենթարկելով 120 հազար արցախցու: Փաստորեն, աշխարհի հանրությունը Բաքվում խրախճանքի է մասնակցում, երբ Արցախում ծեր, մանուկ ու կին զրկված են մարդու հիմնարար իրավունքներից, սահմանափակ կերպով են օգտվում սննդից ու բժշկական ծառայությունից, հումանիտար ճգնաժամի մեջ են:
Աշխարհը խրախճանք է ապրում, երբ Արցախի ժողովուրդը պարտադրված կանգնած է բնաջնջվելու կամ հազարամյակների բնօրրանը լքելու երկընտրանքի առաջ: Արցախահայությունը, այդուհանդերձ, չի դադարում իր հույսի հայացքն ուղղված պահել միջազգային հանրությանը եւ կառույցներին՝ ակնկալելով, որ վերջիններս պատժամիջոցների միջոցով կստիպեն պաշտոնական Բաքվին բացել Արցախի «կյանքի ճանապարհը» եւ հետ կանգնել մարդկության դեմ հանցագործություն կատարելու հերթական քայլից: Ցավոք, նույն այդ միջազգային հանրությունն Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու փոխարեն խրախուսում է նրան խոշոր սպորտային մրցաշարով՝ անտեսելով այդ պահին Բաքվի իրականացրած հակամարդկային քայլերը:
Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին աշխարհն անհաղորդ էր իրականությանը եւ չէր տեսնում համամարդկային արժեքների դեմ մեկնարկած հանցագործ գործընթացները, այնպես էլ այսօր աշխարհը մեջքով է շրջվել Արցախին եւ վայելում է սպորտային խաղերի հաճույքը, ինչն Ադրբեջանն օրինաչափորեն գնահատում է որպես «կանաչ լույս» իր կատարած, կատարվող եւ կատարելիք հանցագործությունների համար: Արցախի այսօրվա շրջափակումն էլ 44-օրյա ագրեսիային եւ պատերազմական հանցագործություններին՝ միջազգային հանրության կողմից գնահատական չտալու հետեւանք է:
Բաքվին թույլ տալով շարունակել տարածաշրջանն ապակայունացնող գործելաոճը՝ միջազգային հանրությունը վտանգի առաջ է կանգնեցնում ոչ միայն արցախցուն եւ տարածաշրջանի ժողովուրդներին, այլեւ հենց իրեն, քանզի Հարավային Կովկասում նոր ապակայունացումն անխուսափելիորեն դուրս է գալու այնտեղից դեպի եվրասիական մայրցամաքի այլ մասեր եւ՝ ոչ միայն: