Կրկին ապրիլ ամիսն է: Որքան էլ խաղաղության պայմանագրեր փորձարկվեն, մեկ է՝ հայը եղեռնը չի մոռանալու: Խորհելով եղեռնի մասին` ամեն անգամ առաջինը դպրոցական տարիներից մեջս տպավորված «Հայ գաղթօջախների պատմություն» ֆակուլտատիվ պարապմունքներն եմ հիշում եւ ուսուցչուհուս՝ հոգեթարգման մանկավարժ Լիդա Շախկյանի եզրահանգումը՝ «Սա պետք է իմանա ամեն հայ մարդ»: Ուրախ եմ, որ վաստակաշատ ուսուցչուհին դեռ մեր կողքին է, բայց որպես սրբացած մասունք` պահում եմ նրա պարապմունքներին արված գրառումներս: Իրար հաջորդող մի քանի պարապմունքներ նվիրված են եղել պատմաբան-աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանի «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության» (հատոր 1-2, 1964-67 թթ.) աշխատությանը: Ուշագրավ մանրամասներ են դրանք, մասնագետի նուրբ գնահատականներ, ճշմարտության անմոռաց վավերագրեր:
Աշոտ Գուրգենի Աբրահամյանը ծնվել է 1903 թ. հունվարի 31-ին Ղուշչի (այժմ՝ Կեչուտ, Վայոց ձորի մարզ) գյուղում, եւ, մեզանում սովորական դարձած, աննկատ է անցել նաեւ նրա ծննդյան 120-ամյակը: Փորձելով մեղմել նաեւ իմ անտարբերության դրոշմը` այս փոքրիկ հրապարակումը գրում եմ նրա մահվան օրվա (30. 04. 1983 թ.) առիթով, գրում եմ 40 տարի անց` փորձելով ընթերցողի ուշադրությունը բեւեռել նրա արժեքավոր պատմագիտական եւ աղբյուրագիտական ժառանգության վրա: Պատմական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961) Ա. Աբրահամյանը 1933 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմատնտեսագիտական ֆակուլտետը: Նա 1944-49 թթ. եղել է ԵՊՀ-ի հայ ժողովրդի պատմության, 1968-76 թթ.՝ հնագիտության եւ ազգագրության ամբիոնների վարիչը: Խմբագրել է «Էջմիածին» ամսագիրը 1944, 1949-54 թթ.: Նրա աշխատությունները վերաբերում են հայ գրչությանը («Հայոց գիր եւ գրչություն»-1973 թ., «Նախամաշտոցյան հայ գիր եւ գրչություն»-1982 թ.), հայ ազգային ազատագրական շարժման պատմությանը («Իսրայել Օրի», 1978 թ.): Կազմել եւ հրատարակել է Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի եւ Զենոբ Գլակի մատենագրությունները: Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական դասագրքի ստեղծմանը:
Կարծում եմ` ասվածը բավական է, որ խորհեն մասնագետները, մասսայական ընթերցողները եւ ավելի հաճախ սկսեն թերթել հայոց պատմության՝ երբեք էլ չխունացող էջերն ու դասեր առնեն մեր երեւելիների՝ գալիք սերունդներին հասցեագրած պատգամ-ժառանգությունից: Ուսանելի խոհերի ու ուշագրավ հարցադրումների պակաս Աշոտ Աբրահամյանի ժառանգությունում չկա: Կարդացեք նրա գործերը եւ խորհեք. «Իրավունք ունե՞ք լքել այսօր Արցախը կամ թե Հայաստանը…»:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ