Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում օրերս տեղի ունեցավ «Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովը, որը նախաձեռնել ու կազմակերպել էին փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական ակտիվիստներ։
Մինչ համաժողովի սկսվելը Ծիծեռնակաբերդի բարձունքում կանգնեցված սումգայիթյան, Բաքվի, Գանձակի եւ այլ վայրերում 1988-ին եւ հետագայում տեղի ունեցած ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ՀԱԵ սպասավորների կողմից։ Լեցուն դահլիճում էին 2000-ից ավելի փախստականներ ու տեղահանվածներ՝ 1988-ից սկսած մինչեւ մեր օրերը։ Շատ էին քաշաթաղցիները, ովքեր այժմ բնակվում են ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ եկել էին մեծ ակնկալիքով։ Բազմազավակ հայր Գարեգին Հովհաննիսյանը 1989 թ. գաղթել էր Բուզլուխից՝ մի կերպ փրկելով ընտանիքը, բնակվել էր Մարաղայում, այնտեղից հեռացել ջարդերի պատճառով, հաստատվել Ստեփանակերտում։ Իսկ 1994-ից նրա ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի ազատագրված Արվական գյուղում։ Թվում էր՝ վերջ թափառումներին, սակայն եղավ 2020 թ. 44-օրյա պատերազմը, եւ Գարեգինն այժմ վարձով բնակվում Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ երազելով վերադառնալ Քաշաթաղ։ Նման ճակատագրեր շատ կային համաժողովում՝ քաշաթաղցիներ, քարվաճառցիներ, շուշեցիներ, հադրութցիներ… Բոլորն էլ սպասելիք ունեին համաժողովից, ինչն ինչ-որ չափով կլուծեր նրանց բազում խնդիրները։ Առավել կարեւորվում էր Արցախի ապաշրջափակումը, իրենց տուն վերադառնալը։ Սակայն քանի որ այժմ այդ իղձերը մնում են անկատար, կարեւորվում էին նաեւ բնակարանային խնդիրների լուծումը, սոցիալական շատ հարցեր եւ այլն։ Համաժողովը բացեց պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը, ով եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1993-2004 թթ. Արցախի նորաստեղծ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար։ Նա նշեց թե համաժողովի մասին հանդես են եկել հայտարարությամբ, որ փախստականներն իմանան ու մասնակցեն։ Իսկ համաժողովի գլխավոր նպատակը համարեց «Հայ փախստականների ձայնը, նրանց սպասումներն ու ձայնը լսելի դարձնելը»։ Նշեց նաեւ՝ համաժողովին հրավիրված են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Անդրադառնալով համաժողովի օրակարգին՝ ասաց. «Համաժողովի օրակարգը կազմվել է փախստականների կողմից բարձրաձայնված, շատերի կողմից երբեմն ուշացած, բայց առավել կարեւոր համարված ընդհանուր խնդիրների շուրջ…»: Հավելեց նաեւ. «Փախստականների խնդիրը մեր ժողովրդի, պետության ամենածանր խնդիրներից է: Այն ոչ միայն հասարակական ծանր ճգնաժամի հետեւանք է, այլեւ անհատական, բազմահազար մարդկանց անհատական ողբերգության, դրամայի հետեւանք է, սակայն դահլիճում ներկաները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը, փախստականները պատրաստ են ապրելու»։ Իր ելույթում Ա. Հակոբյանն անդրադարձավ Աղվանքի խնդրին։ Մշտապես եւ հատկապես այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, իսկ Արցախի բոլոր վայրերում պահպանված հայկական պատմաճարտարապետական հուշարձանները՝ վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ, կամուրջներ, աղվանական մշակույթ, այն է՝ ադրբեջանական։ Ա. Հակոբյանը նշեց՝ ովքեր են աղվանները, եւ այժմ որ ժողովուրդներն են նրանց հետնորդները։ Ըստ բանախոսի՝ աղվանները եղել են կովկասյան բնիկ ցեղեր՝ բարեկամ հայ ժողովրդին։ Այժմ նրանց հետնորդներն են Կովկասում բնակվող որոշ ժողովուրդներ, որոնցից միայն ուդիներն են մնացել քրիստոնյա, եւ այս առիթը շատ են օգտագործում քոչվոր ազերիները։ Ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ, ծնունդով Շամխորից Հրանուշ Խառատյանն իր ելույթում անդրադարձավ հիմնականում 1988 թ. փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ ինտերնացիոնալ քաղաքում հայ բնակչության հանդեպ իրականացված ցեղասպանությանը։ Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի ելույթը «Հայերի կոտորածները 1918-1920 թվականներին» թեմայի շուրջ էր։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995 թթ.), իսկ 1993-2003 թթ. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, ծնունդով նախիջեւանցի գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը ներկայացրեց Նախիջեւանի հայաթափումը 1980-ականներին։
Նախիջեւանի հայաթափման խնդիրներին ու պատճառներին, տարածքի հայոց պատմական հուշարձանների վերացման խնդիրների մասին խոսեց պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջեւանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը՝ էկրանին ցուցադրելով տարածքի՝ ժամանակին եղած ու այժմ վերացված մեր սրբավայրերը։ Ընթացքում եղան նաեւ տեսակապով ելույթներ։ ԱՄՆ-ից Աննա Ասվածատուրյանը խոսեց 1989 թ. Բաքվում թուրքերի կողմից մեր ժողովրդի հանդեպ իրականացված ջարդերի մասին։ Արցախից ելույթ ունեցավ նաեւ Արտակ Բեգլարյանը, ով զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ։ Ներկայացրեց 2020 թ. պատերազմի եւ տեղահանման մասին։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ Հայկուհի Մուրադյանը ներկայացրեց 2020 թ. պատերազմից հետո Արցախի տարածքում ադրբեջանցիների կողմից հայոց մշակույթի հանդեպ իրականացրած վանդալիզմը։ «Դիզակ ԱՐՏ» համահիմնադիր, Հադրութի շրջանային «Դիզակ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Լիաննա Պետրոսյանն անդրադարձավ Արցախի փախստականների խնդիրներին։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Արցախում ապաստանել են 1988-90-ականների Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ այլ բնակավայրերից ու ջարդերից փրկված բազմաթիվ հայ փախստականներ։ Հիշեցրեց՝ 1991-92 թթ. ԽՍՀՄ բանակի եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից իրականացված «Օղակ» գործողության հետեւանքով ամբողջովին հայաթափվեցին Գետաշենը, Շահումյանի, Հադրութի շրջանների բնակավայրերը, Բերդաձորը։ «Այդ տարածքների հայերի մի մասը համալրեցին նախորդ տարիների փախստականների շարքերը։ Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները վերաբնակեցվել են այսպես կոչված հին փախստականներով՝ հաճախ վերարտադրելով կորցրած բնակավայրերի անվանումները՝ Նոր Մարաղա, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն եւ այլն,-նշեց Լ. Պետրոսյանը եւ հավելեց,- 2020 թ. պատերազմից հետո Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի, Շահումյանի, Շուշիի շրջանների մեծ մասի նկատմամբ ադրբեջանական ռազմական վերահսկողությունից հետո այս տարածքների բնակչությունը կրկին դարձան փախստական եւ բռնի տեղահանված»։ Անձնական պատմություններով հանդես եկավ ներկայումս ՌԴ-ում բնակվող Վարսենիկ Բաբայանը՝ ներկայացնելով Շահումյանի շրջանը եւ տեղահանումը։ Իսկ Ջուլիետա Առուստամյանն անձնական պատմությամբ նկարագրեց Մինգեչաուրից հայության գաղթը: Եղավ նաեւ Մարինա Գրիգորյանի նկարահանած «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի դիտումը։ Ելույթ ունեցան նաեւ Արման Մելիքյանը, Մարիամ Ավագյանը, Իրինա Հակոբյանը, Արսեն Հակոբյանը, Արա Ղազարյանը։
Համաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձեւավորել «Փախստականների հարցերով» զբաղվող իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի օժանդակությամբ կմշակվի եւ շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդ ռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս եւ ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների, այլեւ փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների համար։
2. Առանձին կոչով դիմում ենք նաեւ Արցախի Հանրապետության իշխանություններին եւ հորդորում` ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլեւ Ադրբեջանից բռնագաղթած եւ փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի եւ իրավունքների պաշտպանության հարցում:
3. Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու եւ այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով:
4. Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից եւ Նախիջեւանից տարբեր ժամանակներում բռնագաղթած եւ աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին, ինչպես նաեւ հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով համախմբվել մեկ հարթակում եւ միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների եւ տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում»: