Առաջավոր Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում ներկայումս ընթանում է հնագույն քաղաքակրթություններ կրող ժողովուրդների ցեղասպանական գործողությունների ավարտական փուլը ֆիզիկական, հոգեւոր, մշակութային եւ կյանքի մնացած բոլոր հարթություններում։
Այս տարածաշրջանի անվտանգ ապագան եւ զարգացումը կարող են ապահովել միայն այն ժողովուրդներն ու միությունները, որոնք կենսականորեն կապված են այս տարածքի հետ եւ շահագրգռված են խաղաղ համագոյակցության իրենց բնօրրանում։ Համամարդկային քաղաքակրթությունն իր վերելքը սկսել է հաղորդակցողի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, որտեղ ձեւավորվել են համամարդկային արարչական արժեհամակարգն ու սոցիումի փոխգործակցության հիմնական սկզբունքները՝ հիմնված բարոյականության եւ էթիկայի վրա: Հանդիսանալով այդ արժեհամակարգի հիմնասյունը, հայերը ժամանակի ընթացքում հեռացել/հեռացրել են իրենց բուն առաքելության իրականացումից, մինչդեռ մեր առջեւ կանգնած մարտահրավերներն ու սպառնալիքները ստիպում են վերանվաճել այդ առաքելության իրականացման պարտականությունը։ Դրան ուղղված առաջնային քայլերից մեկը քաղաքակրթական կապերի վերականգնումն է հնդեվրոպական եւ չինական «հողագործական քաղաքակրթությունների» հետ։
Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնը նամակ է ուղղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ բարձրաձայնելու համար հնագույն քաղաքակրթությունների առջեւ ծառացած մարտահրավերների մասին։ Անդրադառնալով հնագույն քաղաքակրթություններ կրող ժողովուրդների նկատմամբ ցեղասպանական գործողություններին՝ նշվում է, որ տեղի ունեցող գործընթացը «հոգեւոր ոլորտում աշխարհի եւ քաղաքակրթությունների միասնության մասին Աբրահամյան ուսմունքի այլասերումն է, նրա աղավաղումն ու նենգափոխումը՝ մյուսների հանդեպ ոմանց բացառիկության հռչակման տեսքով»: «Նման նենգախեղումները պատմական ողբերգական իրադարձությունների չընդհատվող շղթայի հիմք են ծառայել, պատմության կեղծված շարադրանքի վրա ձեւավորելով կեղծ «պատմական իրավունք»։ Վերջինիս դրսեւորման պսակը դարձավ Սուրբ Երուսաղեմ քաղաքի վերաբերյալ բոլոր իրավունքները բացառապես կողմերից մեկին փոխանցելու պահանջը, դրանով իսկ ոչնչացնելով կրոնների եւ քաղաքակրթությունների բազմազանության եւ միասնության կենտրոն Երուսաղեմ քաղաքում ներդաշնակության եւ խաղաղության մասին Աբրահամյան նախնական պատգամը։
Նման իրավիճակում հայկական քաղաքակրթական արժեքների հետեւորդները չէին կարող անմասն մնալ կործանարար գործողությունների հորձանքից ու նրա ահասարսուռ հետեւանքներից։ Նրանք հայտարարեցին, որ եթե հարկ է հենվել «պատմական ստույգ իրավունքի» վրա, ապա հենց իրենք՝ հայերը, տանտիրոջ իրավունքով, ստիպված են հիշեցնել բացառիկության հետեւորդներին կրոնների եւ մշակույթների բազմազանության կենտրոն Սուրբ Երուսաղեմ քաղաքում նրանց իսկ եկվոր ու օտար լինելու մասին։
Նման իրավիճակն անընդունելի եւ տագնապալի է Համընդգրկուն (գլոբալ) քաղաքակրթության Ներդաշնակ աշխարհի ապագայի համար եւ պահանջում է Հին քաղաքակրթությունների Հարթակի (ֆորում) սեւեռուն ուշադրությունը, որպես անցյալից ներկայով դեպի ապագա փոխանցվող մեծագույն արժեքների պահպանման պատասխանատվությունը ստանձնած հանձնառուներ»,- նշված է Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի նամակում:
Տնտեսագիտության եւ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե որոշ ժողովուրդներ գտնում են, որ արդարությունը պետք է վերականգնվի, ապա պատմական առումով հենց մենք ենք դրա տերը. խոսքը Երուսաղեմի մասին է։ «Մենք տեր պիտի կանգնենք մեր ունեցածին։ 1921-ից մինչ այսօր Հայաստանի տարածքը շարունակում է անեքսիայի ենթարկվել։ 1921 թ. պայմանագրի անօրինականությամբ ստեղծված ռեզերվացիան այսօր փակվում է։ Ո՛չ արեւմուտքը, ո՛չ էլ արեւելքը չեն լուծելու մեր խնդիրները, մենք պետք է որոշենք մեր ճակատագիրը»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեզ համար կարեւորագույն հարցը մնում է պահանջատիրությունը, առավել եւս, երբ մեր հեռու եւ մոտ հարեւաններն օգտագործում են բոլոր հնարավորությունները մեր հաշվին լուծելու իրենց անձնական եւ պետական շահերը։ Զրուցակիցս նկատեց, որ թուրքերը 30 տարվա ընթացքում պահանջատիրության միջոցով կարողացան մեծ արդյունքների հասնել, իսկ մենք տեր չենք կանգնում մեկ դարից ավելի հիմք ունեցող պահանջատիրությանը։
Ավելի քան հարյուր տարի առաջ սկսված ցեղասպանությունն այսօր շարունակվում է մշակութասպանությամբ։ Դրանով «թալանչի-վաշխառուական» տեսակը փորձում է լուծել բնիկության հարցը՝ վերացնելով պատմամշակութային շերտը։ Սա լրջագույն մարտահրավերներից մեկն է՝ ուղղված ոչ միայն հայկական քաղաքակրթության, այլեւ ստեղծագործ մյուս քաղաքակրթությունների դեմ։ Իր հոդվածներից մեկում Գասպարյանը գրում է. «Նեոբոլշեւիզմի, նեոօսմանիզմի, պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի մեթոդները, որոնք անհատական եւ հավաքական անպատժելիության են արժանացրել համաշխարհային հանրությունից եւ ժամանակակից քաղաքակրթական աշխարհից, շարունակում են իրականացնել սպիտակ ցեղասպանություն եւ մշակութասպանություն»: Ներկա աղետալի հետեւանքներին հանգեցնող մեր իսկ թույլ տված սխալներն ուղղելու համար առաջնահերթ է դառնում «մակաբույծ» պարադիգմը սահմանել որպես գոյաբանական սպառնալիք եւ միջոցներ գտնել դրանից պաշտպանվելու համար: Պաշտպանության ակնհայտ ձեւերից մեկը թշնամական քաղաքակրթական ձեւերի գործունեության կանխումն է մեր տարածքում: Այս համատեքստում հայերը ստիպված են կրկին ստանձնելու հաղորդակցի դերը՝ կամուրջ ստեղծելով ստեղծագործ քաղաքակրթությունների միջեւ։