«Առաւօ՛տ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա՛»։ Ինչո՜ւ պետք է արեգակն ինձ վրա լույս ծագեցնի, երբ հենց լույսը բացվում է, ձեռքերս պարզելու ու լույս ընդունելու փոխարեն՝ թաքնվում եմ ստվերում։ Ինչո՜ւ պետք է արեգակն իր արդար լույսը տարածի մեր՝ անարդարներիս վրա։ Իսկ մենք անարդար ենք, քանզի մեր երկրի համար չենք պայքարում…
Մենք թույլ ենք տվել, որ մեր երկիրը որբից զատ մանեկենի գլխի վերածվի, վրան ով ասես վարսավիրությունից բացի վիրահատություն էլ է սովորում։ Հա՛, լիքը թշնամիներ ունենք՝ ներքին ու արտաքին։ Բայց «թքած» դրանց վրա։ Երկիրը մե՛րն է, նրանցը չէ՛։ Որ պետությունից ասես օգնություն ենք սպասում։ Օրինաչափ է, արդի աշխարհ է, դաշնակիցների հետ համագործակցություն կա, նոր դաշնակիցների փնտրտուք, շահերի համադրում եւ այլն։ Բայց ո՜ւր են մեր ձեռքերը, որ պիտի բարեւեն դաշնակիցներին։ Չկան, մե՛ր ձեռքերը չկան, հետեւաբար՝ չկան նաեւ դաշնակիցներ, չկա եւ՝ համագործակցություն, կա զուտ օգնության սպասում։ Իսկ օգնություն հայցողին իրականում չեն էլ օգնում, փոխարենը սեղմում են օգնություն հայցողին այդ վիճակում գցողի ձեռքերը։ Ուստի՝ չի ձեւակերպվում հայկական շահը։ Մեղավո՞րը։ Աշխա՞րհն է.- աստծո սիրուն, աշխարհը նոր չէ, որ անբարոյական է ու շահամոլ։ Թշնամի՞ն է.- բայց թշնամին թշնամություն անելու համար է։ Ի՜նչ ենք անում մենք.- ձեռքներս պարզելու ու լույս ընդունելու փոխարեն թաքնվում ենք ստվերում։ Իսկ այստեղ առաջին րոպեներն են միայն հաճելի, հետո կպչում է խոնավության անդուր հոտը…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն. «Երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը եւ ինչ-որ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումը, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր են այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմանը, դեռ չկան»։ Հարց է ծագում՝ հապա ինչո՞ւ է ռուսական կողմը թույլ տալիս, որ Ռուսաստանի հետ միասին ստորագրված՝ կարգավորմանը նպաստող իրավական հիմքերը շրջանցվեն ստորագրող կողմերից մեկի՝ Բաքվի միջոցով, ու խախտվեն անպատիժ, պարբերաբար լկտիանալով, բացահայտ սպառնալիքով, ընդ որում՝ նաեւ ռուսական նժարի համար։
Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջեւ բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: Ամերիկյան կողմը նշում է, որ Միացյալ Նահանգները ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը եւ, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:
Հարց է ծագում՝ ԱՄՆ-ն ինչի՞ց ելնելով է այս կարգի «սեւ հումորի» դիմում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում ամրապնդել։ Տարածաշրջանի անվտանգությունը վտանգում են հայկական հողերի վրա բուսնած երկու պետություններ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանն ու Ադրբեջանը պիտի միանան, պայքարեն Թուրքիայի դե՞մ։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ի ասածը սա չէ, նրա հեռահար նպատակը տարածաշրջանում հակաիրանական, հակառուսական պլացդարմ ձեւավորելն է եւ Հայաստանին այդ հակա-հարթակում տեղավորելը…
Կամ՝ Բերձորի միջանցքի մասին խոսելիս՝ ամերիկյան կողմը վերահաստատել է, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է «Լաչինի միջանցքով առեւտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարեւորությունը եւ շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում»՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի: Բնականաբար՝ լղոզած տեքստ՝ ոչինչ չասող։ Եթե ԱՄՆ-ն իսկապես կարգավորում է ուզում, հստակ պետք է ասեր, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի եւ բացվի առանց նախապայմանների, որովհետեւ այն հայկական երկու պետությունների՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կենսական նշանակության կապն է, եւ չբացվելու պարագայում Ադրբեջանը պատժամիջոցների կենթարկվի։ Ասե՞լ է։ Բնականաբար՝ ո՛չ։ Փոխարենը ադրբեջանական կողմը լավ մտածված բեմադրություններով ամեն օր աշխարհին «ապացուցում» է, որ միջանցքով ազատ տեղաշարժ կա։
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խոսույթը հայկական կողմի հանդեպ կարո՞ղ է փոխվել։ Միանշանակ՝ այո։ Բայց դրա համար հարկ է, որ նախ ՀՀ-ի խոսույթը փոխվի։ Մինչդեռ մեր խոսույթը միջազգային հանրույթ կոչվածի բառամթերքից չի տարբերվում. մենք էլ ենք միջազգային հանրույթի օրինակով թյուրքական կողմին կոչ անում լքել ՀՀ տարածքը, մենք էլ ենք Լաչինի միջանցքը դիտարկում զուտ իբրեւ «հումանիտար հարց», մենք էլ ենք Արցախի խնդրին նայում այդ հանրույթի աչքերով, մենք էլ ենք խաղաղության կոչ անում մեզ վրա զենքով եկածին։
Գրեթե չկա այդպիսի օր, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայկական կողմի հանդեպ սադրանքների չգնան՝ ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով։ Բայց իբրեւ սադրիչ ներկայացնում են հենց Հայաստանին։ Օրինակ՝ Թուրքիան իր օդային տարածքը փակում է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար եւ հայտարարում է, թե իր տարածքով թռիչքներ թույլ չի տա, քանի դեռ Հայաստանի կողմից շարունակվում են սադրանքները Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Ու եթե հայկական կողմը չդադարեցնի այդ սադրանքները, ապա իրենք այլ միջոցների կդիմեն։
Սա նշանակում է՝ թուրքական կողմը հայկական կողմի հանդեպ պատրաստում է հերթական հարձակումը՝ ռազմական։ Հայկական կողմը, դատելով համենայնդեպս այս պահի դրությամբ մեր իրականությունից, չի փոխի իր խոսույթը՝ շարունակելով ասել, թե մեկ է՝ խաղաղության ճանապարհով է գնալու։ Այնպիսի տպավորություն է, որ պատերազմող աշխարհում խաղաղության աղավնի դառնալու չհիմնավորված «առաքելությունը» հայկական կողմը կամովին ստանձնել է՝ մոռանալով, թե թյուրքական կողմն ինչպես է վարվում աղավնիների հետ։ Այս դեպքում լիովին արդարացված է միջազգային հարթակի քաղաքականությունը մեր հանդեպ։ Դա նույն վերաբերմունքն է՝ ինչպես ինքներս ենք մեզ վերաբերում։
«Առաւօ՛տ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա՛»։ Արեգակը մեզ վրա լույս կծագեցնի, եթե դուրս գանք ստվերից ու պարզենք մեր ձեռքերը, բայց ոչ թե բացափ, այլ՝ բռունցքով։