«Այս աղջիկը հաղթել է համաշխարհային մրցույթում 115 երկրի 3950 մասնակցի՝ արժանանալով Գլխավոր մրցանակի: Եվ նա հայ է՝ Մարիաննա Գեւորգյան անուն-ազգանունով, ով ապրում է Հայաստանում…»:
Այսպես էին ներկայացրել տաղանդավոր քանոնահարուհուն Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում ամիսներ առաջ կայացած «Աշխարհի կանայք» խորագրով մրցույթում Գլխավոր մրցանակը հանձնելիս: Մարիաննայի այդ նվաճմանը մենք անդրադարձանք, երբ նա արդեն Երեւանում էր եւ պատրաստվում էր մենահամերգի Կամերային երաժշտության տանը: Համերգը կայացավ, եւ կարճ ժամանակ անց, նա նորից էր մեկնել հեռավոր Հնդկաստան: Քանոնահարուհու հետ մեր հերթական հանդիպմանը նա նախ խոսեց երեւանյան համերգի մասին. «Ինձ համար շատ կարեւոր էր գեղեցիկ ու ինքնատիպ այդ համերգը, որովհետեւ այն համընկավ մեծահամբավ Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին: Երեւի նախախնամության կամքն էր, որ Արամ Իլյիչի երբեմնի տաջիկ սան, համերգին ներկա լինելու հատուկ նպատակով Հայաստան ժամանած կոմպոզիտոր Տոլիբխան Շախիդինի «Կոնցերտո կրասո» սքանչելի ստեղծագործության պրեմիերան վստահվել էր ինձ: Համերգն անցավ աննկարագրելի հաջողությամբ, ոգեւորված էր հանդիսատեսը, ինքը՝ տաջիկ կոմպոզիտորը, ով իր մեծ ուսուցչի մասին խոսելիս չէր թաքցնում հիացումն ու ակնածանքը: Ի դեպ, մեր զրույցների ժամանակ նա վերհիշում էր մոսկովյան իր ուսումնառությունը, փառահեղ իր ուսուցչի խորհուրդները. «Տոլիբխան, դու ազգությամբ տաջիկ ես, այնպես ստեղծագործիր, որ քո յուրաքանչյուր երաժշտության առաջին նոտայից զգացվի ազգային ձեռագիրդ», «Ժամանակը ոսկի է, խնայիր այն»: Ուզում եմ, որ մենք նույնպես լինենք հետեւողական եւ դուրս գանք օտարամոլության կործանարար ճահճից, որ մեր բաժին ժամանակը նվիրենք ազգօգուտ գործերի»:
Այնուհետեւ քանոնահարուհին պատմեց «Էքսպո-23»-ի շրջանակներում Հնդկաստանի Կոտչի քաղաքում օրերս տված իր մենահամերգի մասին, որն ունկնդրելու էին եկել նաեւ կառավարության ներկայացուցիչներից շատերը. «Նախատեսված էր մեկժամյա համերգ, բայց այն շարունակվեց շատ ավելի երկար: Ներկայացել էի խիստ դասական ծրագրով՝ հագեցած մեր ազգային երաժշտական գանձերով ու գոհարներով: Նվագակցողները Հնդկաստանի լավագույն երաժիշտներից էին ընտրված: Հուրախություն ինձ, համերգի ավարտին, երբ մրցանակ հանձնեցին երաժշտիս, հնչեցրին իմ երկրի՝ Հայաստան անունը: Հպարտ էի եւ ուրախ, որ կարողացա իմ արվեստով հանդիսականներին «տեղափոխել» Հայաստան, ներկայացնել մեր հոգեւոր մշակույթի շքեղ գույները, մեր ազգային նկարագիրն ու դիմագիծը»:
Ինչպես ընդգծեց Մարիաննան՝ իր մենահամերգով սքանչացած էին բոլորը, նաեւ՝ մեր բարեկամ երկրի կառավարության անդամները, ովքեր համերգից հետո կայացած զրույցի ժամանակ խոստացել են մինչեւ ընթացիկ ամսվա վերջ անպայման այցելել աստվածաշնչյան մեր հայրենիք, ավելի մոտիկից առնչվել հայաստանյան շքեղ գույներին, մեր երկրի հրաշք բնությանը, մեր ազգային մշակույթին: Երկիր ու մշակույթ հայրենի սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնող տաղանդավոր քանոնահարուհու հավաստմամբ՝ նրանց այցի առիթով էլ թերեւս կլինեն հերթական համերգները, որոնք, սովորաբար, տեղի են ունենում ամսական մեկ կամ երկու անգամ:
Այսպիսին է ազգային բարձր արվեստի ուժը՝ հմայել օտարներին եւ այդ ուժի ներգործության շնորհիվ նրանց «հրավիրել» պատմական քո հայրենիքն էապես ճանաչելու…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ