Հայաստանի համար Թուրքիայի օդային սահմանը կրկին փակելու որոշման հիմքում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման փաստարկը դնելն առաջին հերթին խոսում է այդ երկրի քաղաքական ղեկավարության սկզբունքների եւ վերջինիս կողմից թուրքական հասարակությանը պարտադրվող ծայրահեղ վտանգավոր արժեհամակարգի մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած երիտթուրքերի պատասխանատու կազմին արդար դատաստանի արժանացրած հայորդիների գործողությունները հավերժացնող հուշարձանի տեղադրումը, այն դեպքում, երբ, այսպես կոչված, «ժողովրդավարական» Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի առաջնորդությամբ նույն թուրքական ռազմական դատարանն էր թալեաթներին դատապարտել մահապատժի:
Իր արտաքին քաղաքականության հիմքում դնելով մարդկության դեմ կատարած մեծագույն ոճրագործություններից մեկի հեղինակների պաշտպանության եւ մեծարման սկզբունքը՝ պաշտոնական Անկարան ակամայից գաղտնազերծում է իր ոչ ժողովրդավարական կեցվածքը, դրանից բացի, ծայրահեղ վատ ազդակներ է հաղորդում թուրքական հասարակությանը՝ նրա մեջ սերմանելով ազգայնամոլական գիտակցություն եւ ատելություն այլ ժողովուրդների հանդեպ: Սա նույնն է, թե Գերմանիայում մեծարեն Հիտլերին եւ նրա քաղաքականությունը դնեն այդ պետության մեր օրերի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմքում, կամ Բեռլինում կանգնեցնեն հրեաների ցեղասպանության կազմակերպչի արձանը: Հայոց ցեղասպանությունն իրագործածներին մեծարելու գործողությունները Թուրքիան արել է դեռ նախորդ դարի 40-ականներին, երբ Գերմանիայից Անկարա տեղափոխեց եւ իր «հաղթանակների» հուշահամալիրում վերաթաղեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
21-րդ դարում՝ քաղաքակրթության զարգացման մեր օրերում եվրոպական առաջադեմ երկրների ընտանիք ձգտող Թուրքիայում Հայոց ցեղասպանություն իրականացրածների հերոսացմամբ թուրքական հասարակություն է ձեւավորվում, այդ երկրի ղեկավարը մասնակցում է Արցախի ժողովրդի դեմ իրականացված աննախադեպ ագրեսիայի արդյունքներին նվիրված Բաքվի զորահանդեսին եւ հայտարարում, թե այդ ագրեսիայի արդյունքներից Հայոց եղեռնն իրականացրած եւ պատժված թուրք հանցագործների հոգիները «փառավորվել» են: Դրանից կարճ ժամանակ անց ցեղասպանությունը գործած հանցագործներին արդար դատաստանի ենթարկածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման փաստը դնում են վարվող պետական քաղաքականության հիմքում:
Պաշտոնական Անկարան Հայաստանի ինքնիշխան տարածքում հուշահամալիրի բացումը գնահատում է որպես սադրանք իր հանդեպ: Ավելորդ չէ արձանագրելը, որ վերջինս ՀՀ օդային սահմանը մեկ էլ փակել էր նախորդ դարի 90-ականների սկզբին՝ արցախցիներին պարտադրված պատերազմում հերոսական պայքարի գնով հայկական տարածքներն ազատագրելու հանգամանքի պատճառաբանմամբ: Ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ բանակցային փուլում նման գործողության գնալը նախապայման է՝ դրված Հայաստանի դեմ եւ՝ ճնշման գործիք:
Այստեղ պետք է արձանագրել, որ «Նեմեսիսի» գործողության հերոսներին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշումը կայացվել է 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, որը թյուրքական պետությունների կողմից հերթական ցեղասպանական գործողության փաստի արձանագրման եւ հետեւանքներից մեկի մասին հիշեցման խորհուրդ ունի: Ավելորդ չէ հիշեցնելը, որ մյուս թյուրքական պետությունը՝ Ադրբեջանն էլ ծանր է տանում Արցախում Գարեգին Նժդեհի արձանի գոյությունը:
Թյուրքական պետությունների քաղաքական ղեկավարներն այսօր, կուրացած լինելով 44-օրյա պատերազմի հետեւանքներով, ոչ միայն չեն ուզում ընկալել, որ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեջ են ինքնիշխան պետության հետ, այլեւ այդ գործընթացի մեջ այնպիսի ինքնամոռացությամբ են մխրճվել, որ արդեն չեն գիտակցում, թե հերոսացնում են մարդկության դեմ ամենազարհուրելի հանցագործություններից մեկի հեղինակներին, իսկ այն միայն հայերի հիմնահարցը չէ, այլ՝ համամարդկային: Հետեւաբար՝ նման հիմնավորմամբ օդային տարածքի փակումը ոչ միայն հարված է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, այլեւ հենց պաշտոնական Անկարայի վարկին: