Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, բացվեց վանաձորցի երջանկահիշատակ գեղանկարիչ Գեորգի Թովմասյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Լոռվա գույներ» խորագրով։
Գ. Թովմասյանը 12 տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Գեղանկարչի հիշատակի օրը նշանավորվեց հետաքրքիր եւ գունառատ ցուցահանդեսով։ Այն կազմակերպեց Գ. Թովմասյանի թոռը՝ Մենուա Մկրտչյանը տիկնոջ՝ Վերոնիկայի հետ։ Մինչ այդ Գ. Թովմասյանի աշխատանքների ցուցահանդեսներ նրանք կազմակերպել էին նաեւ Մոսկվայում, Կալուգայում։ Բացմանը ներկա էին Գ. Թովմասյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, գրողներ, մշակութասեր վանաձորցիներ եւ երեւանցիներ։
Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ներկայացված գործերի մեծ մասը թումանյանական աշխարհի բնապատկերներ են, եկեղեցիներ՝ հարուստ, ճոխ գույներով եւ ջերմ զգացմունքներով։
Գ. Թովմասյանի կերպարվեստը բարձր գնահատեցին Վերոնիկա Մկրտչյանը, թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Նաիրա Ղազարյանը։ Իր երկար տարիների գործընկերոջ մասին գնահատանքի ջերմ խոսք ասաց Վանաձորի պետհամալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը. «Ես կներկայացնեմ դասախոս Թովմասյանին: 1969 թ. բացվեց Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ համալսարան), երիտասարդ դասախոսների շարքը համալրեց Գեորգի Միսակիչը՝ դասավանդելով «Կերպարվեստ եւ նրա դասավանդման մեթոդիկա» առարկան: Սակայն նրա առաքելությունը դրանով չավարտվեց. 1996 թ. հիմնադրեց «Կերպարվեստ» մասնագիտությունը եւ դարձավ արվեստի ամբիոնի առաջին վարիչը: Մեկուկես տասնամյակ ղեկավարեց ամբիոնը, որը դարձավ կադրերի յուրօրինակ դարբնոց ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների համար: Նրա օրոք դոցենտի գիտական կոչում ստացան մի խումբ դասախոսներ, նրա ուսանողներից շատերն են այժմ հանրածանոթ մեր հասարակությանը»:
Արմինե Թովմասյան (գեղանկարչի դուստրը).- Հայրս բարության ու հոգատարության մարմնացում էր։ Շատ էր սիրում իր ընտանիքը, զավակներին, թոռներին, ընկերներին ու բարեկամներին։ Երբ հայրական տանն էի անցկացնում օրերս, դրանք վերածվում էին հոգեւոր տոնի։ Ժամերով չէի կարողանում դուրս գալ վերնահարկի նրա արվեստանոցից, լսում ու լսում էի նրա իմաստուն խոսքերը, աչքերս չէի հեռացնում նրա վրձնած կտավներից: Երբ նա հեռացավ կյանքից, երկինքն ու հողը հարստացան, բայց մենք աղքատացանք։ Հորս պայծառ կերպարը միշտ ինձ հետ է, ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում իմ ապրած օրերում։
Նշենք նաեւ՝ Գեորգի Թովմասյանը կենդանության օրոք բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` տարբեր հանրապետություններում եւ արտասահմանյան երկրներում՝ արժանանալով բարձր գնահատականների:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ