«Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը նախօրեին Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի սրահում կազմակերպեց վկայականների եւ գոտիների բաշխման արարողություն: Շուրջ մեկ տարի է՝ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել մարզվել եւ կատարելագործել իրենց վարպետությունը, եւ այժմ եկել էր հերթը՝ ցուցադրելու սովորածը: Ոմանք, իհարկե, հուզվում էին, ոմանք ակնհայտորեն դրսեւորում էին մարտարվեստները յուրացնելու իրենց ունակությունները, եւ այն էլ երբեմն այնպիսի հաջողությամբ, որ տպավորություն էր ստեղծվում, թե սրերը պատանի մարզիկ-մարզուհիների ձեռքերի շարունակությունն են: Սա նոր մակարդակի հասնելու առաջին քայլն է, եւ իրենց մարզիչների գլխավորությամբ պատանիներն ու պարմանուհիները ոչ միայն պարզապես գոտիներ ստացան, այլեւ դրսեւորեցին նշված նոր մակարդակը հետագայում զարգացնել-գերազանցելու իրենց պատրաստակամությունը:
«Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիայի» մարզիչ մաստեր Ջորջ Դուռնայանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց այն հանգամանքը, որ ի սկզբանե շեշտը դրվել է Սիրիայից, Լիբանանից, այլ երկրներից, ինչպես նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների ուսուցման վրա, ընդ որում՝ զոհվածների երեխաներն անվճար մարտական կրթություն են ստանում:
«Մարզումների ընթացքում երեխաներին ծանթացնում ենք կարատեի, քունգֆուի, քիքբոքսինգի, սանդայի գաղտնիքներին: Այս բոլոր մարտարվեստներն ուսուցանվում են, համապատասխան մարզումներ են անցկացվում: Մեկ տարի սովորածի հիման վրա հանձնեցինք գոտիները, որոնց արժանացել էին երեխաները»,- փաստեց նա:
Յուրաքանչյուր ծրագրի հաջողությունը կախված է ինչպես կազմակերպիչների նվիրվածությունից եւ նախաձեռնողականությունից, այնպես էլ ստեղծված պայմաններից: Բարեբախտաբար, գտնվեցին կառույցներ եւ անհատներ, ովքեր կանգնել են «Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիայի» թիկունքին, ոգեւորել եւ մղել լուրջ աշխատանքի: Խոսքը հատկապես ամերիկյան «Code 3 Angels» շտապ օգնության կազմակերպության մասին է, որը նյութական հովանավորություն է ցուցաբերում՝ կատարելով պահանջվող բոլոր ծախսերը: «Code 3 Angels»-ի անդամները՝ տնօրեն Ժո Գրիգորյանի գլխավորությամբ, նույնպես ներկա էին միջոցառմանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ աշխատանքային տարվա ընթացքում գրանցված առաջընթացը նկատելի է, մարզիկներն ակնհայտորեն կատարելագործել են իրենց որակները: Իսկ Ժո Գրիգորյանի այդ գնահատականը նշանակում է, որ կազմակերպությունը կշարունակի «զարկերակի» իր գործառույթը, որը ստանձնել է սիրով ու պատասխանատվությամբ:
Մարզիչը՝ Ջորջ Դուռնայանը, նույնպես գոհ է այն ցուցանիշներից, որոնց հաջողվել է հասնել կարճատեւ գործունեության ընթացքում: «Առաջին տարում մենք միայն 17 աշակերտների հետ ենք աշխատել: Այլոց չենք ներգրավել միայն այն պատճառով, որ ցանկանում էինք, փոխաբերական իմաստով ասած, այս առաջին «նավը» բարեհաջող հասցնել «նավահանգիստ»: Շաբաթական երեք մարզում ենք անցկացրել, յուրաքանչյուրը՝ մեկուկես ժամ տեւողությամբ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պլանավորում են համագործակցել արաբական երկրների համապատասխան ֆեդերացիաների հետ: «Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ, նախկինում Սիրիայի քունգֆուի, ուշուի ֆեդերացիաների նախագահն էի եւ արաբական աշխարհի տեխնիկական կոմիտեի փոխնախագահը: Այդ ֆեդերացիաների հետ կապերն ուժեղ են, իսկ համագործակցություն նախաձեռնելու համար անհրաժեշտ էր, որ մեր խումբն զգալիորեն ուժեղանա՝ մրցումներ կազմակերպելու համար: Եթե հաջողվի տարեկան գոնե մեկ անգամ մեկնել այս երկրներ կամ հյուրընկալել արաբական երկրների մարզական պատվիրակություններին, մեզ համար մեծ հաջողություն կլինի: Առայժմ նախնական պայմանավորվածություն ունենք Հորդանանի հետ»,- ասաց միստեր Ջորջ Դուռնայանը:
Սիրիան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր հայ քաղաքացիների խնդիրները նաեւ այն ժամանակ, երբ նրանք Հայաստանում են: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նորա Արիսյանը: Մարզիկներին վկայականների հանձնման պատիվը հենց նրան տրվեց: Տիկին Արիսյանն իր խոսքում ընդգծեց այսպիսի մարզումների կարեւորությունը՝ հետագա հաջողություններ մաղթելով մարզիկներին:
Միջոցառմանը ներկա էին նաեւ «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգ Բեդյանը, Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, Եգիպտոսից՝ Հրայր Ջալալյանը: