Մայիսի 9-ը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ոսկեղեն մագաղաթներում ամրագրվեց որպես հայկական ոգու հզորության, հաղթանակների վերագտնման խորհրդանշման օրը եւ՝ ընդմիշտ: Եթե անգամ այսօր հայկական Շուշին կրկին բռնազավթված է, ունենք Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանաթուրքական զույգի եւ նրանց դաշնակիցների համատեղ ագրեսիայի հետեւանքները, սակայն դա չի կարող ջնջել այդ օրվա խորհուրդն ու նշանակությունը հայերի եւ բարեկամ ժողովուրդների համար:
Մայիսի 9-ը մարդու իրավունքների հիմնարար արժեքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման համար մղված արդար պայքարի հաղթանակի օրն է, որի արդյունքները միայն հայ ազգինը չեն, այլ ողջ մարդկությանը: Նաեւ շատ խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման օրը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը համընկել են: Երկու դեպքում էլ պարտվել են բռնապետական, ազգայնամոլական եւ ֆաշիստական հանցավոր դրսեւորումները:
Արցախի ժողովուրդը, Հայաստանից եւ ողջ աշխարհից ժամանած հայ կամավորներ, բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ մայիսի 9-ին կանխեցին Արցախը էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկելու հերթական ադրբեջանական փորձը: Արցախյան առաջին ազատամարտը պարտադրված էր, Ադրբեջանը գրավել էր այն ժամանակվա ԼՂՀ-ի տարածքի 70 տոկոսը՝ հայաթափելով դրանք, եւ արցախցին ոտքի կանգնեց հերթական ցեղասպանությունը կանխելու համար: Մայիսի 9-ը փաստագրում է ադրբեջանական ֆաշիզմի պարտությունը, ինչպես 1945 թ. նույն օրը նացիստական Գերմանիայի կործանումը եւ նրա հրահրած տասնյակ միլիոնավոր զոհեր բերած պատերազմի ավարտը:
Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ի արժեւորումն է, որ ապագայում կանխելու է նոյեմբերի 9-երը: Թերեւս, մեր ժողովրդի՝ այդ օրվա նշանակության ոչ լիարժեք գիտակցման ու արժեւորման հետեւանք էր 2020 թ. պատերազմը: Հաղթանակի օրվա խորհուրդն ամբողջ ծավալով չկարողացանք գիտակցել առաջին հերթին մենք, այն, մեծ հաշվով, չնկատեց նաեւ քաղաքակիրթ աշխարհը, հակառակ դեպքում ձայն կբարձրացներ, երբ ադրբեջանաթուրքական զույգը՝ բացառելով ընթացող խաղաղ բանակցային գործընթացը, ագրեսիայի միջոցով կրկին փորձեց խլել արցախցու ինքնորոշման եւ անվտանգ ապրելու իրավունքը:
1945 թ. եւ 1992 թ. մայիսի 9-երը իրենց ժամանակների մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում հաղթանակների լուսապսակներն են, հետեւաբար, դրանց արժեքը չի կարող կորսվել երբեւէ եւ որեւէ հանգամանքում: Դրանք կմնան համամարդկային իրավունքների համար հավերժ ընթացող պայքարի պատմության հաղթական էջերում: Նրանց կորուստը կնշանակի մարդկության բարոյական ճարտարապետության փլուզում, ասել է թե` քաղաքակրթության կործանում եւ բարբարոսական բարքերի վերադարձ: Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ը միշտ էլ կլինի գոյաբանական պայքարի հաղթանակների, ուժեղության խորհրդանիշ եւ՝ դեպի հազարամյակներ սերունդների երթի ուղենիշ: