Սահմանին ադրբեջանական զինուժի՝ իրավիճակը լարելու սադրանքներն արդեն օրինաչափություն են դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային հանդիպումներից առաջ: Առաջիկա կիրակի օրը առաջին դեմքերի մակարդակով Բրյուսելում՝ եռակողմ, այնուհետեւ Քիշնեւում՝ հնգակողմ, իսկ մայիսի 19-ին ՌԴ-ում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումները չէին կարող բացառություն լինել: Կեղծ պատրվակով, թե իբր մայիսի 10-ին ՀՀ ԶՈւ դիրքերից արձակած գնդակից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, պաշտոնական Բաքուն մայիսի 11-ի առավոտյան սահմանի Սոթքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ բացեց հրետանային եւ ականանետային կրակ, ինչի հետեւանքով հայկական զինուժն ունի 4 վիրավոր: Ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքի ժամն էլ պատահական չէր ընտրված՝ առավոտյան ժամը 6-ը, երբ ԵՄ դիտորդական առաքելությունը շփման գծի մոտ չի լինում՝ Բաքվի մեղավորությունն արձանագրելու համար:
Հատկանշական է, որ վաշինգտոնյան բանակցություններից առաջ տեւական ժամանակ պաշտոնական Բաքուն զերծ էր մնում սահմանային միջադեպեր հրահրելու իր՝ ծայրահեղ վտանգավոր գործելաոճից, իսկ ահա Մոսկվայի, Բրյուսելի եւ Քիշնեւի հանդիպումների նախօրեին կրկին «խոսեց» զենքի լեզվով: Այն լիովին տեղավորվում է ադրբեջանական գործելաոճի մեջ, ըստ որի՝ բանակցություններում առավելապաշտական պայմաններ առաջ քաշելուց առաջ հիշեցնել, որ ցանկացած պահի պատրաստ է գնալ էսկալացիայի: Բաքուն դրանով, ըստ էության, փորձում է չեղարկել նաեւ 2022 թ. Սոչիում ընդունված համաձայնագիրը, որում ամրագրված է, որ կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից:
Մյուս կողմից էլ Բաքուն փորձում է ասել, որ իր համար նշանակություն չունի, թե սահմանային իրավիճակը դիտարկում են ԵՄ դիտորդական առաքելության 200 ներկայացուցիչները: Այդ մեսիջն Ադրբեջանն ուղարկում է ԵՄ հովանու ներքո նախատեսված կարգավորումների բանակցություններից առաջ, ավելի որոշակի՝ ԵՄ խոշոր միջնորդ պետությունների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ կազմակերպվելիք երկրների առաջին դեմքերի հանդիպումից առաջ:
Այս հանդուգն ու թափանցիկ ակնարկը փաստում է, որ ԵՄ դիտորդները պարտավոր են որեւէ կերպ արձագանքել վերջին միջադեպին: Նրանց լռությունը Ադրբեջանը կդիտարկի որպես կանաչ լույս իր հերթական եւ ավելի ծավալուն ռազմական սադրանքների համար: Չի բացառվում, որ Ադրբեջանի հրահրած Սոթքի միջադեպի բուն նպատակն էլ ԵՄ դիտորդների գործողությունները հետախուզելը, նրանց տրամադրվածությունը պարզելն է՝ հետագայում ավելի լայնածավալ սադրանքներ կազմակերպելու համար:
Սոթքում արձանագրված հերթական միջադեպը փորձաքար է տարածաշրջանում անվտանգության եւ հրադադարի պահպանման գործող մեխանիզմների համար: Կախված նրանից, թե ինչպես առկա ձեւաչափերը կարձագանքեն հրադադարի կոպտագույն խախտմանը, պարզ կլինի, թե լրացուցիչ առաքելությունների եւ նոր դիտորդական ձեւաչափի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
Այն, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող միջազգային մեխանիզմները բոլոր դեպքերում անհրաժեշտ են, քննարկման ենթակա չէ, քանի որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ ռազմական ուժի սպառնալիք է ցուցադրում, ինչը մեծացնում է տարածաշրջանն ամբողջությամբ ապակայունացնելու հավանականությունը: Եթե համաշխարհային կենտրոններն անկեղծ են Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն պահպանելու իրենց հայտարարություններում, ապա Բաքվին զսպելու գործուն գործիքակազմի կիրառումն այլընտրանք չունի:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ