ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց: Որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում։
Ըստ էկոնոմիկայի նախարարության, «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով՝ նշված ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ, ինչպեսեւ՝ գործող որոշման ժամկետի ավարտով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» որոշման հավելվածով է հաստատվել, որ ԵԱՏՄ մաքսային տարածք թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման եւ նույն մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում։ Խոսքն այն մետաղների մասին է, որոնց վերամշակման արդյունքն են ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկե եւ արծաթե իրերը, այլ իրերը եւ դրանց մասերը։ Բայց այդ մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին արձանագրության (2014 թ. ԵԱՏՄ մասին պայմանագրի 7-րդ հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։
Հարկ է նշել, որ երեկվա որոշմամբ ՀՀ-ի համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա. ա) 1200 կգ-թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով եւ բ) 5000 կգ-արծաթ՝ չմշակված տեսքով։
Ըստ նշյալ պետական գերատեսչության, անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը: Եվ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս էլ ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։
Թե որն է այս կարգավորման նպատակը, էկոնոմիկայի նախարարությունը մեջբերում է գործարար միջավայրի բարելավման բացատրությունը։ Որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետբյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կգործի մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ: