Արցախյան գոյամարտի մասնակից տարբեր ջոկատների միավորումից 30 տարի առաջ՝ 1993-ի մայիսի 8-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու նվիրումով կազմավորվեց Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միությունը։ Պատերազմի օրերին եւ մինչ օրս Երկրապահն իր դիրքում է՝ պաշտպան հայրենիքի։
Երկրապահի օրվա առթիվ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ երկրապահ կամավորականներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան բոլոր պատերազմներում, ՀՀ եւ Արցախի սահմանները պաշտպանելիս մարտիրոսված քաջորդիների հիշատակին։ Ավանդույթի համաձայն՝ սկզբում ծաղիկներ խոնարհվեցին ԵԿՄ վարչության շենքում Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Եռաբլուրում ՀՀ, Արցախի Եռագույններով ու ԵԿՄ դրոշով պատվոշարք էին կազմել «Պատանի երկրապահ» ակումբի սաները։ Երկրապահ կամավորականներն սկզբում ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Այնուհետեւ ծաղկեպսակ զետեղվեց սպարապետի շիրմաքարի մոտ ու կայացավ ծաղիկների խոնարհում։ Ներկա էին ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ԵԿՄ Սյունիքի խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ազատամարտի բազում մասնակիցներ։ Ծաղիկներ խոնարհվեցին նաեւ Զորավար Անդրանիկի ու Եռաբլուրում ննջող անմահ հերոսների շիրիմներին, որոնց մոտ պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները։
…Հանդիպում եմ մարտական ընկերներիս՝ Արսեն-Երեմ Խաչատրյանին, Ստեփան Շահբազյանին, Սարգիս Վահունուն, Արմենին. երկրապահներ, ովքեր, չնայած Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ ծանր վիրավորում էին ստացել, ունեն առողջական խնդիրներ, սակայն հարկ եղած դեպքում առաջնագծում են։ ՀՀ ԵԿՄ Ավանի բաժանմունքի նախագահ Արսեն-Երեմը հիվանդանոցից էր եկել՝ մասնակցելու միջոցառմանը։ Գյումրու երկրապահի անդամներ, 4-րդ գումարտակի արդեն ալեհեր ու ծեր ազատամարտիկները՝ ավագ-լեյտենանտ Ավետիք Մելիքսեթյանը, սակրավոր, կապիտան Մուշեղ Նավոյանը, Աշոտ Հարությունյանը, ռազմական բժիշկ Հարություն Կիրակոսյանը, Սամվել Աբաջյանը, բազում մարտերի միջով են անցել նաեւ վերջին պատերազմների ժամանակ։ Բժիշկ Հ. Կիրակոսյանը 1992-94 թթ. ծառայել է Մարտակերտի շրջանի Դրմբոնի ռազմական հոսպիտալում։ Պարզվեց՝ եղել է Արցախ (Դալտոն) Բունիաթյանի զինակիցը Դրմբոնում։ Միասին այցելում ենք Արցախ Բունիաթյանի շիրիմին։ Նշեմ, որ Արցախ Բունիաթյանը, ով 4-5 տարի ծառայել էր ռազմական հոսպիտալում, փրկել հարյուրավոր վիրավոր քաջորդիների կյանքեր, 1996-ից բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում եւ գլխավորում էր իր հիմնած բժշկական միավորումը, որը նրա մահից հետո կոչվեց հիմնադիրի անունով։ Հ. Կիրակոսյանը մեծ սիրով է խոսում զինակցի մասին, հիշում, թե ինչպես էր հանգստի ժամանակ գրում օրագիրը։ Ասաց, որ Ցվետանա Պասկալեւան Արցախի համար նոթատետրեր էր բերում, որոնք էլ դարձան օրագիր, այնուհետեւ 7 հատորյակ՝ «Արյունոտ օրեր» վերնագրով փաստագրական գիրք։
Մասիսի «Մասիս» կամավորական ջոկատը կազմավորվել է 1990 թ., 1990-1994 թթ. ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Սեւակավան), Կապանի (Արծվանիկ, Ճակատեն), Տավուշի եւ Արցախի Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ 1993 թ. ջոկատի կազմում եղել եմ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ավազանում ու «Կոբրա» կոչվող դիրքերում։ Ջոկատի հրամանատար, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության անդամ, գնդապետ Գնել Մանուկյանը (Գագո) վախճանվեց 2021 թ. մայիսին ու ամփոփված է «Եռաբլուրում»։ Իրենց հրամանատարի շիրմաքարի մոտ էին Մասիսի երկրապահները։ Հիշում ենք՝ 30 տարի առաջ, այս օրերին Լաչինի միջանցքի հարավային դիքերում էինք։ Կամավորական Հովիկ Մուրադյանը, մնացած ազատամարտիկները կարոտով են հիշում այդ օրերը, նահատակ մարտական ընկերներին։ Հարություն Բարությանն այդ ժամանակ ճակատային հրամանատար էր ու ջոկատը ոգեւորող ազատամարտիկ։ Մարտիրոսվեց քաջորդին 1994-ին Հորադիզում։ Ավանի երկրապահների հետ այցելում ենք նրանց մարտական ընկեր Գագիկ Գաբրիելյանի (ծնվ.` 1952 թ.), Կարենի որդու՝ Պարգեւ Սեդրակյանի (ծնվ.` 2001 թ.) շիրիմներին։ Քաջորդիները նահատակվել են 2020 թ. պատերազմի ժամանակ։ Նույն շարքում է հուղարկավորված քաշաթաղցի, 1996-ից ԵԿՄ անդամ Կարինե Աղեկյանը, ով մասնակցեց նաեւ 2020 թ. պատերազմին ու վախճանվեց օրեր անց՝ չդիմանալով պարտության ցավին։
Օրվա ընթացքում «Եռաբլուր» են այցելում անմահ հերոսների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ։ Խնկաբույր է տարածված Եռաբլուրում…