2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրած ագրեսիայի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կիրառած գործողությունների հետեւանքով խախտվել են Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների՝ միջազգային բոլոր կոնվենցիաներով սահմանված հիմնարար իրավունքները: Միջազգային հանրությունը նման կարեւորագույն խնդիրները կարգավորելու եւ մարդու ազատություններն ապահովելու համար ստեղծել է համաշխարհային կառույցներ, ընդունել մի շարք կոնվենցիաներ:
Լիովին օրինաչափ է, որ այսօր հայ ժողովուրդն առաջին հերթին իր հայացքն ուղղել է այդ կառույցներին՝ ակնկալելով ստանձնած առաքելությունն իրականացնելու համար գործուն քայլերի իրականացում: Ավելին՝ պահանջել, որ գոնե Ադրբեջանի գործողությունները դատապարտող որոշումներն ի կատար ածելու առումով հետեւողականություն դրսեւորվի: Օրերս Եվրոպայում էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքները համակարգող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը: Վերջինիս գործառույթն է նաեւ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելը: Հայտնի փաստ է, որ Հայաստանը մշտապես կատարում է նման որոշումները, եթե դրանք ընդհանրապես ընդունվում են իր մասով, բայց այսօր նույն Եվրոպայի առաջ ծառացած է նման որոշումները արհամարհելու Ադրբեջանի գործողությունների խնդիրը:
Ադրբեջանն է, որ անտեսում է մարդու հիմնարար իրավունքների պահպանման կոչերը եւ ՄԻԵԴ-ի ընդունած՝ արդեն տասնյակի հասնող որոշումները: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, հանդիպել են Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների, մասնավորապես գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ հանդիպել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:
Հայաստանի ներկայացուցչական կազմը հերթական անգամ եվրոպացի պատասխանատուներին հիշեցրել է, որ պետք է Ադրբեջանին պարտադրել՝ կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները եւ այդ երկրի կողմից իրականացվող աղաղակող այլ փաստերով ընդունված որոշումներն ու հորդորները: Այսօր դրանց չկատարման հետեւանքն է 120 հազար արցախցիների՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնելը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների պահումը եւ խոշտանգումը:
Հերթական անգամ հայկական պատվիրակությունն աշխարհի խոշորագույն կառույցներից մեկին հորդորում է գործնական՝ պատժամիջոցների մեխանիզմ կիրառել ադրբեջանական կողմի վրա, քանզի մինչ այդ օգտագործվող գործիքակազմը որեւէ արդյունք չի տալիս: Հայաստանից ուղերձ է հղվում Եվրոպա, որ պաշտոնական Բաքվի՝ ԵՄ որոշումներն արհամարհելը եւ վերջինիս կողմից դրանց կատարումը պարտադրող գործողությունների չդիմելը ոչ միայն հարյուր հազարավոր հայերի ճակատագիր են արժենում, այլեւ հարվածում են նույն այդ եվրոպական կառույցների վարկին: Այսօր եթե աշխարհի բարձրագույն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չեն կարողանում պարտադրել այնպիսի փոքր պետության, ինչպիսին Ադրբեջանն է, ապա դա խոսում է առաջին հերթին այդ միջազգային կառույցների ձեւականության մասին: Բայց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հիմքերի նման խաթարումը հարվածում է ողջ աշխարհակարգին՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով եւ ռիսկերով: Ռիսկերից մեկը մարդկության վերադարձն է բարբարոսական հարաբերություններին: