Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ ՀՀ օրենսդիր մարմինը նման որոշում էր կայացրել՝ «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա»։
Գերագույն խորհրդի որոշումը ոչ ոք չեղյալ չի համարել։ «Կարգավիճակը գործում է»,- այդ մասին հիշեցնում է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը՝ ընդգծելով, որ այդ որոշմանը հակասող բոլոր պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությունները, ում կողմից էլ դրանք արվեն, առ ոչինչ են։ ԳԽ որոշման գործող կարգավիճակի շեշտադրումը կարեւոր է եւ օրակարգային, քանի որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ, որը հակասում է Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը։ «Միջազգային «միջնորդությամբ» արդեն երկար ժամանակ ընթացող Փաշինյան-Ալիեւ բանակցությունները ծառայում են ընդամենը որպես ծխածածկույթ՝ ՀՀ-ի եւ Արցախի դեմ Բաքվի շարունակվող պատերազմը քողարկելու համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր բոլոր այդպիսի հանդիպումներից, բանակցություններից ու միջնորդություններից հետո Ադրբեջանն անպատիժ իրականացրել է նոր հարձակումներ Հայաստանի, ներառյալ Արցախի դեմ՝ այդ նույն «միջնորդների» բացարձակ անտարբեր հայացքների ներքո»,- շեշտում է Այվազյանը։
Անդրադառնալով հայտարարությանը՝ նշենք, որ Շառլ Միշելի գնահատմամբ «բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկման» արդյունքները մտահոգիչ են հայերիս համար եւ սպառնում են մեր պետական-ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը եւ սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ամլաթիի հռչակագրին եւ Հայաստանի (29.800 քառակուսի կմ) եւ Ադրբեջանի (86.600 քառակուսի կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերին եւս Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն եւ Երեւանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Սակայն պետք է հստակ արձանագրել, որ Ալմա Աթայում ստորագրված հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր. 11 օր առաջ արդեն իսկ անցկացվել էր անկախության հանրաքվեն, որին կողմ էր քվեարկել մասնակիցների 99.89 տոկոսը, իսկ դեմ՝ 0.02 տոկոսը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագրին ՀՀ-ն միացել էր վերապահումներով, ինչի մասին «մոռացել» է հիշատակել ԵԽ նախագահը։ Իսկ վերապահումը հետեւյալն էր՝ «ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաեւ այլ պետություններ» ձեւակերպմանն ավելացվել էր «ինչպես նաեւ մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած սուբյեկտներ» ձեւակերպումը։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանն ԱՊՀ անդամ է դարձել 1993 թ. սեպտեմբերի 24-ին, Հեյդար Ալիեւը ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, սակայն նույն օրը Բաքվում կայացած Գերագույն խորհրդի նիստը վավերացրել է ոչ թե հռչակագիրը, այլ միայն ԱՊՀ կանոնադրությունը: Ի դեպ, Ադրբեջանի 2-րդ նախագահ Ա. Էլչիբեյը ԱՊՀ-ն անվանել էր «մեծ կոլտնտեսություն», որը Ռուսաստանն օգտագործում է «հին կայսրությունը պահպանելու համար»։ Այս համատեսքտում ցինիզմ է, երբ Բաքվի այսօրվա բռնապետը փորձում է օգտվել այդ հռչակագրից, այն էլ՝ հատվածական մոտեցմամբ։
Շառլ Միշելը նաեւ հայտարարել է, որ շարունակել են քննարկումները «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցի վերաբերյալ». «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»։ Փաստացի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացահայտ կերպով անտեսվում է՝ հաշվի չառնելով Բաքվի վարած հայատյաց քաղաքականությունը, ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչության եւ առայսօր Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների նկատմամբ հանցագործ վերաբերմունքը, Արցախի ամբողջական շրջափակումն ու այնտեղ ապրողների հիմնարար իրավունքների ոտնահարումը, հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայկական հետքի ոչնչացումը։ Այլ կերպ ասած, բրյուսելյան հանդիպումից հետո արված հայտարարությունը շրջանցում է արդարություն եւ արդարադատություն հաստատելու անհրաժեշտությունը։ Ալիեւյան կլանի գործած հանցագործությունները Արցախյան երկրորդ պատերազմի օրերից մինչ հիմա պետք է համապատասխան իրավաքաղաքական գնահատական ստանան, հակառակ դեպքում՝ դրանք նախադրյալներ են ստեղծում հետագա հանցագործությունների եւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների տարածքների շարունակական բռնազավթման համար։
Ակնհայտ է, որ Արեւմուտքի համար կարեւոր նշանակություն ունի արեւելքից հարավային ուղով «տրանսպորտային եւ տնտեսական կապերի» զարգացումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքով բոլոր հնարավոր՝ տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ ճանապարհների սառեցումը։ Շահերի համընկնումը թույլ է տալիս Ադրբեջանին առաջ քաշել տարածաշրջանից Հայաստանի գործոնը վերացնելուն ուղղված օրակարգը, իսկ Թուրքիային՝ կյանքի կոչելու «թուրանական միջանցքը»։ «Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջեւանի հետ եւ այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում»,- ասել է Միշելը՝ հավելելով, որ համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների եւ համատեղ շինարարական աշխատանքների մասին համաձայնագիրը՝ կոնկրետ գրաֆիկով։