«Բոլորակ ձեւն պատշաճ է երկնից, զի երկինքն է կատարեալ մարմին… իսկ բոլորակ ձեւն ի մէջ ամենայն ձեւոց է կատարեալ. նախ զի ոչ կարէ յաւելուլ ի նմա եւ ոչ պակասիլ, երկրորդ` զի ոչ երեւի սկիզբն եւ ոչ կատարած, երրորդ, զի վեցեակ թիւն ի մէջ ամենայն թուոց է առաջին, կատարեալ… զի որքան է ի միջին կիտէն ի բոլորակ ծիրն, այնչափ է իւր բոլորակ ծիրն։ Այսպիսով, բոլորակ ձեւն կատարեալ է եւ պատշաճի բոլորակութեան երկնից մարմնոց».
Հակոբ Ղրիմեցի
Վաղնջական ժամանակներից գիտությունը հայ ժողովրդի հետ է, ինչպես հացն ու ջուրը եւ նույնքան կենսական, որքան գոյության համար անհրաժեշտ ցանկացած սնունդ. դեռեւս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից, ասենք, Հայկական լեռնաշխարհում օգտվել են լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից, ինչը կապված է տիեզերագիտության հետ, լուրջ գիտություն, որով զբաղվելու համար գիտելիքների ու երեւակայության բազմակողմանի զարգացում է անհրաժեշտ։ Ցավոք, լայն զանգվածներն այնքան էլ լուսավորված չեն մեր ժողովրդի պատմական, գիտական, մշակութային արժեքներով եւ դրանց մասին ունեն մակերեսային պատկերացում, ինչը հաճախ հասնում է ինքնաթերագնահատման եւ, ըստ այդմ` օտարների, հաճախ` անհարկի, մեծարման, ինչն էլ հանգեցնում է օտարասիրության ու օտարահպատակության։ Հայ տոմարագիտությունը բազմաթիվ հայտնի անուններով է հարուստ` սկսած VI դարից մինչեւ մեր օրերը, ինչպես Աթանաս Տարոնացի (VI դար), Հովհաննես Կոզեռն Տարոնացի (XI դար), Հակոբ Ղրիմեցի (XIV- XV դարեր), Ստեփանոս (XVII դար), Ավետիք Տիգրանակերտցի (XVII-XVIII դարեր), Մխիթարյան միաբանության աստղագետները, մասնավորապես` Մխիթար Սեբաստացին, մեր օրերում` Գրիգոր Բրուտյան եւ այլն։
Կան գիտնականներ, մշակութային գործիչներ, նշանավոր մարդիկ, ում ծննդյան ու մահվան օրերի անհայտ լինելու պատճառով, հանիրավի դուրս են մնում պետական քարոզչության տեսադաշտից եւ գրեթե չեն նշվում նրանց հիշատակի օրերը, չեն խոսում նրանց մասին, չեն հանրայնացնում նրանց կյանքն ու գործը, եւ, ըստ այդմ, հանրային պատկերացումները մեր արժեքների մասին մնում են թերի ու չգնահատված։ Նրանցից մեկն էլ Հակոբ Ղրիմեցին է, ում ծնունդը վերագրվում է 1360-ական թթ., իսկ մահվան թվականը` 1426։ Կենսագրականից հայտնի է, որ ծնվել է Ղրիմում ու այդտեղ էլ ստացել նախնական կրթություն, այնուհետեւ տեղափոխվել է Երզնկա, 1386-89 թթ. աշակերտել Գեւորգ Երզնկացուն, դասավանդել նույն դպրոցում, 1389 թ. Կապոսի վանքի աշակերտների համար կազմել է ուսումնական ձեռնարկներ, նրանց հետ ընդօրինակել ձեռագրեր, ուսուցումը հեշտացնելու նպատակով ձեռագրերի լուսանցքներում մեկնել, պարզաբանել, համառոտագրել որոշ գործեր։ Գեւորգ Երզնկացու խնդրանքով, դասախոսությունների հիման վրա, կազմել է դասագիրք եւ տոմարագիտական ձեռնարկ` Հովհաննես Սարկավագից հետո առաջինը անդրադառնալով Հայոց եկեղեցու օրացուցային հարցերին։ Տոմարագիտությունը համարել է «ոչ միայն փիլիսոփայություն կամ պարզապես աստվածաբանություն, այլ այս երկու գիտությունների ներդաշնակ միասնություն»։ 1410 թ., Գրիգոր Խլաթեցու հրավերով, մեկնում է Վանա լճի հյուսիսում տեղակայված Մեծոփա վանքի նորաբաց դպրոց` որպես րաբունապետ, դասավանդում իմաստասիրություն ու տոմարագիտություն։ 1415-ին Թովմա Մեծոփեցու հանձնարարությամբ կազմում է Գրիգոր Տաթեւացու երկհատորյա քարոզագրքերի համառոտ խմբագրականը։ 1416 թ. կարգավորում է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրում հանրահայտ` «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը` հայ գրականության տոմարագիտական եզակի աշխատություններից մեկը, որտեղ հանգամանորեն ներկայացնում է Արեւի, Լուսնի, աստղերի շարժումը եւ տալիս գիտական ճշգրիտ բացատրություն, ընդ որում` լուսնային բոլորաշրջանների հաշվարկով տարբերվելով նախորդներից։ Տոմարագիտության համակարգի ուսումնասիրման համար Ղրիմեցին կարեւորում է չորս ճշգրիտ գիտությունների իմացությունը։ Բացի տիեզերագրական կարեւոր տվյալներից, նրա «Մեկնութիւն»-ը պարունակում է միջնադարյան Հայաստանի գիտական գնահատականը, հայկական ժողովրդական գործիքների եւ երաժշտության մասին տվյալներ, բազմալար գործիքների, ինչպիսին են քնարը, սանթուրը, քանոնը եւ այլն, կատարման եղանակների մանրակրկիտ նկարագրություններ։ Ինչպես «Մեկնութիւն»-ը, այնպես էլ «Բնության մասին» աշխատությունը երկար ժամանակ դասավանդվել են հայոց դպրոցներում։ Դասավանդել է գրչության արվեստ, երաժշտություն, զբաղվել քերականությամբ, աշխատություններում շոշափել է բնագիտական հարցեր, բնությունը համարել չորս հիմնական տարրերի համակցություն.
անշունչ առարկաներից, որ սոսկ գոյություն ունեն,
բույսերից, որ ոչ միայն գոյություն ունեն, այլեւ ապրում են,
կենդանիներից, որ գոյություն ունեն, ապրում ու զգում են,
մարդկանցից, որ այդ ամենի հետ մեկտեղ` նաեւ մտածում են։
Նրա շատ երկեր մեզ են հասել հեղինակային ձեռագրով եւ պահպանվում են Երեւանում, Սանկտ Պետերբուրգում։ Հակոբ Ղրիմեցին դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական-վարդապետների շարքը, իսկ XVII դարի մի քարոզագրքի հիշատակարանում նրա անվանը հանդիպում ենք աշխարհի պատվաբեր երեւելիների շարքում. «Սայ է երդ սրբազան ուղղափառ վարդապետաց, ի պայծառութիւն յեկեղեցւոյ, ի պատիւ տէրունական տոնից եւ ի գովութիւն սրբոց իմաստասիրացն` Արիստոտելի, եւ Դիոնէսիոսի եւ Սիրաքայ եւ Յակոբեայ Ղրիմեցոյ եւ Սողոմոնի իմաստնոյ»։