Թանգարանների միջազգային օր ամենամյա տոնը նշվում է մայիսի 18-ին։ Այն հռչակվել է 1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհրդի (ԹՄՕ-ICOM) 11-րդ գլխավոր կոնֆերանսում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978-ից սկսած՝ մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր, նշվում է աշխարհի 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում։ 1992-ից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օր ունի թեմա, եւ ԹՄՕ-ն հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։
Օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կայունություն եւ բարեկեցություն» խորագրով։ 1992-ի թեման էր «Թանգարանները եւ շրջակա միջավայրը»։ Նույն 1992 թ. մայիսի 18-ը նաեւ այլ խորհուրդ ունի հայոց պատմության մեջ։ 31 տարի առաջ Արցախյան գոյամարտի ընթացքում հայկական մարտական ջոկատները Շուշիի ազատագրումից 9-10 օր անց Արցախի ու Գորիսի կողմից սկսեցին կարեւոր ռազմագործողություն եւ ազատագրեցին 1 տարի թշնամու գերության մեջ մնացած Բերդաձորի ենթաշրջանը, այնուհետեւ՝ Լաչինի շրջանի վարչական կենտրոն Լաչին քաղաքը՝ պատմական Բերձորը եւ Աղավնո գյուղը։ 1988 թ. Արցախյան շարժումը ոտքի հանեց աշխարհի բոլոր վայրերում գտնվող հայությանը, ում երազանքն էր Արցախ-Մայր հայրենիք միավորումը։ Ստեփանակերտում, Երեւանում եւ այլ քաղաքներում, շրջաններում տեղի ունեցած ցույց-միտինգների ժամանակ հիմնականում լսվել են «Արցախ-Ղարաբաղ, ՄԻԱՑՈՒՄ» բացականչությունները։ Ու հայոց քաջորդիների կողմից Բերձորում էլ կայացավ ՄԻԱՑՈՒՄ-ը՝ հայ ժողովրդի իղձ-երազանքը։
Ծնվելով Բերձորում եւ հասակ առնելով այնտեղ՝ հիշում եմ, թե յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին ինչ տոնակատարություն էր իմ ծննդավայրում։ Մենք՝ աշակերտներս, նույնպես մասնակից էինք լինում տոնին, որին հաճախ ներկա էին լինում Արցախի նախագահը, հյուրեր մեր հայրենիքի տարբեր վայրերից, Բերձորն ազատագրող ազատամարտիկներ, զինվորականներ, այդ թվում՝ Կոմանդոսը, ով նաեւ մի անգամ այցելեց Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էինք ես ու քույրերս։ Առավել տպավորված են հիշողությանս մեջ Բերձորի Վեհափառի հրապարակում նույն օրը, երեկոյան կայացող համերգները տարբեր խմբերի մասնակցությամբ։
Թանգարանների միջազգային եւ Բերձորի ազատագրման օրերին նվիրված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ-ռուսական բարեկամության թանգարանում տեղի ունեցավ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ, լրագրող-լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի «Հնադարյան Արցախ» խորագիրը կրող լուսանկարների եւ նրա դստեր՝ նկարիչ Անահիտ Ըռքոյանի գեղանկարների միացյալ ցուցահանդեսը։ Թանգարանի բակում տնօրեն Հրաչյա-Ժորա Հակոբյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց օրվա առթիվ եւ անդրադարձավ ցուցադրության կարեւորությանը։ Տեղեկացրեց, որ ցուցադրությունն իրականություն դարձավ Աբովյանի թիվ 8 դպրոցի զինղեկ, նախկին քաշաթաղցի Արմեն Բաբայանի առաջարկ-նախաձեռնությամբ։ Ընթացքում լուսանկարների հեղինակի հետ պայմանավորվել են, ու ահա արդյունքը։ Շնորհակալություն հայտնեց նաեւ ներկաներին։ Նշեց, որ ցուցադրությունը կշարունակվի մինչեւ մայիսի 22-ը։ Այդ ընթացքում տեղի կունենան նաեւ «Թանգարանային գիշեր» եւ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում թանգարանի այցելուները կդիտեն ներկայացված լուսանկարներն ու գեղանկարները։
Իր խոսքում Արցախի՝ թշնամու տիրապետության տակ անցած տարածքներում մնացած հայոց պատմաճարտարապետական հուշարձանների մասին ներկայացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը։ Ցուցադրությունը կարեւորեց նաեւ այն առումով, որ Արցախ չայցելած մեր հայրենակիցները, հյուրերը ճանաչեն հայոց երկիրը։ Լուսանկարների հեղինակը տեղեկացրեց, որ 20 եւ ավելի տարիների ընթացքում, ապրելով ու աշխատելով Քաշաթաղի շրջանում, հասցրել է ուսումնասիրել Արցախի Քաշաթաղի եւ այլ շրջաններում պահպանված հայոց հնադարյան հուշարձանները, որոնք ամենալավ վկայությունն են՝ հազարամյակների պատմություն ունեցող Արցախի՝ մշտապես հայոց օրրան լինելու մասին։ Շնորհակալություն հայտնեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամին, ի դեմս գործադիր տնօրեն Արմեն Ծուլիկյանի, ում առաջարկով ու աջակցությամբ առաջին ցուցադրությունը կայացել է Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում», մեկ ամիս առաջ։ Նշեց նաեւ, որ իր նպատակն է ցուցադրված լուսանկարներով պատմել Արցախի մասին, առավելապես այն տարածքների, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացել են թշնամու տիրապետության տակ, իսկ ներկայացված հուշարձանները վտանգված են, դրանցից որոշներն արդեն ավերվել, ոչնչացվել, պղծվել, ձեւափոխվել են։
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության եւ տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ Կոմիտաս Գրիգորյանը, Կոտայքի մարզի ստեղծագործողների միության նախագահ, բանաստեղծ Հրազդան Հայկենցը, «Կոտայք» թերթի ներկայացուցիչ Ռուդիկ Մաթեւոսյանը, աբովյանցիներ, Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ՝ Մուշեղ Ալավերդյանի գլխավորությամբ, հյուրեր՝ այդ թվում՝ «Լերք» ռազմամարզական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վլադիմիր Նիկողոսյանը, ինչպես նաեւ ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի Զառի վաշտի սաները՝ Հայկի ղեկավարությամբ։ Զ. Ըռքոյանը դիմեց պատանի երկրապահներին՝ ասելով, որ պետք է լավ ճանաչեն հայրենի երկիրը, թեկուզ լուսանկարներով, եւ հայտնեց շնորհակալություն ներկայության համար։ Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, դիտեցին լուսանկարները, որոնց վրա նշված էին անունները, վայրը, ժամանակաշրջանը, այլ կարեւոր տեղեկություններ։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, ով ժամանակին նաեւ տնօրինել է Բերձորի երկրագիտական թանգարանը, հիշողություններ պատմեց, թե ինչպես են Զ. Ըռքոյանի հետ Քաշաթաղի շրջանի տարբեր վայրերում ուսումնասիրել ու հողից «ազատագրել» խաչքարեր, տապանաքարեր, որոնք ունեն դարերի պատմություն։ Շուշիից տեղահանված Արփի Գասպարյանը, ով ցուցահանդեսին ներկա էր «Հանուն սահմանի» ՀԿ ներկայացուցիչ Տիգրանուհի Դավթյանի եւ դստեր՝ Նարեի հետ, ցավով է հիշում Շուշիի իրենց տունը, որը մնաց գերության մեջ։ Տեղեկացրեց նաեւ, որ եղբայրը՝ Գեւորգը, զոհվել է 44-օրյայի մարտերում։ Դուստրը՝ Նարեն, դիտելով Շուշիի մասին ներկայացված լուսանկարները, տխրությամբ հարցրեց՝ ո՞ւր է Ճտլդուզը… Մոտեցավ ցուցասրահի դաշնամուրին ու առավել տխրեց։ Մոր հարցին՝
-Նարե, ինչո՞ւ ես տխրել, նոր լավ էիր…
-Կարոտել եմ իմ դաշնամուրին Շուշիի,- պատասխանեց փոքրիկ Նարեն։
Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղական համայնքի ղեկավար Լեւոն Մովսիսյանն այժմ ընտանիքով վարձով բնակվում է Աբովյան քաղաքում։ Ներկա էին ցուցադրությանը։ Լեւոնի երրորդ դասարանցի որդին ցավով է հիշում՝ ինչպես էր ավագ եղբոր հետ հանգստանում Հակարի գետի ափին։
Կոմիտաս Գրիգորյանն ասաց, որ նայել է նկարները եւ տպավորված է։ Որդին՝ Դավիթը, հերոսաբար մարտնչել է 44-օրյա պատերազմում եւ հերոսաբար էլ մարտիրոսվել Մարտունու տարածքում նոյեմբերի 4-ին։ Այս սրբություններն է պաշտպանել հերոս որդին։ Պարզվեց՝ Դավիթը եւ Քաշաթաղի շրջանի Արվական գյուղի բնակիչ, կապիտան Համլետ Հաննիբալի Հովհաննիսյանը միասին են եղել պատերազմի ընթացքում, եւ նրանց մարտկոցը գործել է անվրեպ։ Ցավ է՝ պատերազմի վերջին օրը մարտիրոսվեց նաեւ Համլետը։ Ցուցասրահում ներկայացված Անահիտ Ըռքոյանի գեղանկարներում նույնպես Արցախը կար՝ Բերձորի նորակառույց տուն, եւ հակառակը՝ 44-օրյայի ժամանակ ռմբակոծությունից ավերված տուն Ստեփանակերտում եւ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներսը՝ ավերված թշնամու ռմբակոծությունից։ Ցուցադրությանը ներկաները հավատացած էին՝ կգա նաեւ ժամանակը, որ կայցելենք վերստին ազատագրված մեր սրբավայրերը, կանցնենք ներկայացված կամուրջներով, որոնք առայժմ գերության մեջ են։
Գայանե ԸՌՔՈՅԱՆ
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի