Հայաստանի դրախտային անկյուններից մեկում՝ Դիլիջանում, նվիրական անունների հետ կապված մասունքներ շատ կան, բայց դրանց մեջ առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը, որն իրականում մասունք է ոչ միայն Դիլիջանի, այլեւ ամբողջ Հայաստանի համար: Աղստեւ գետի ափին կառուցված ամառանոցը նախշավոր պատշգամբով երկհարկանի շենք է, որտեղ հյուրընկալվել են մեր մեծերից շատերը՝ Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արմեն Տիգրանյանը, Լեոն, Ավետիք Իսահակյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան… Թե ինչու երախտաշատ բարերար Մարիամ իշխանուհու դիլիջանյան ամառանոցի մասին հիշատակումով սկսեցինք մեր խոսքը՝ ասենք. այս քաղաքի Հին գերեզմանոցում սեւ մարմարյա հուշաքարի տակ է հանգչում հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից մեկը՝ Ազնիվ Հրաչյան, որի խաղով սքանչացել են ժամանակի հայ բեմի երեւելիներից շատերը, նրանց թվում՝ Պետրոս Ադամյանը, հանճարեղ Վահրամ Փափազյանը…
Պոլսի Բերա թաղամասում ծնված ապագա դերասանուհին, որ ֆրանսիական կաթոլիկական դպրոցում ծույլ աշակերտուհու անուն է ունեցել, ի սկզբանե էր սիրահարված թատրոնին: Մայրը թեեւ դեմ էր աղջկա հակվածությանը, բայց դա չէր խանգարելու, որ վաղաժամ հորից զրկված իր գեղանի դուստրը, արհամարհելով միանձնուհու անորոշ ապագան, դպրոցական հանդեսներում աղոթքն ու բանաստեղծությունը միախառնի հայրենասիրական երգերի հետ, արտասանի Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը», ապա նաեւ խիզախի հենց հարազատ հարկի տակ ներկայացում կազմակերպել եւ իր դպրոցահասակ ընկերների հետ բեմականացնել Վանանդեցու «Սուրբ Ներսես» ստեղծագործությունը: Իսկ պրոֆեսիոնալ բեմ բարձրանալու էր տակավին 16 տարեկան հասակում՝ հանդես գալով Պոլսի «Արեւելյան թատրոն»-ում՝ ռեժիսոր եւ դերասան Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ: Դերասանուհին Մաղաքյանին իր «մեծ ուսուցիչն» էր համարելու, իսկ մշտական խաղընկեր Պետրոս Ադամյանը վառվռուն, հրափայլ աչքերի համար իրեն՝ Ազնիվ Մինասյանին, Ազնիվ Հրաչյա բեմական անունով էր կնքելու:
Բեմական գործունեության առաջին շրջանում, ինչպես Մաղաքյանի, ապա եւ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբում հանդես է գալիս պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական, ֆրանսիական մելոդրամաներում՝ Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ. Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» եւ այլ ներկայացումներում:
Չնայած սենտիմենտալ, ռոմանտիկական խաղացանկին, դերասանուհին հակվում է դեպի ռեալիզմը, որն ավելի է արմատավորվում Թիֆլիսի հայկական թատերախմբերում գլխավոր դերեր մարմնավորելիս: Այդ շրջանի կերպավորումներից են Ռուզանը՝ Մուրացանի նույնանուն դրամայում, Նատալիան՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»-ում, Ժաննա դþԱրկը՝ Շիլլերի «Օռլեանի կույսը», Պորցիան՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Սոֆյան՝ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Մարգարիտ Գոթիեն՝ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Նինան՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» դասական բեմադրություններում: Նրա խաղով սքանչացել են Գաբրիել Սունդուկյանը, Գեւորգ Չմշկյանը, Գրիգոր Արծրունին, Թիֆլիսի թատերասեր ողջ հանրությունը:
Ազնիվ Հրաչյա տաղանդավոր հայուհին իր ավանդն էր թողնելու նաեւ Բաքվի հայ թատրոնի պատմության էջերում ոչ միայն որպես դերասան, այլ նաեւ որպես բեմադրիչ: Սակայն հայաշունչ-հայաշեն այս քաղաքում նրա գործունեությունը խաթարվում է 1896-ի համիդյան ջարդերի պատճառով, եւ նա ստիպված ընտանիքի հետ գաղթում է Թիֆլիս, որոշ ժամանակ անց կրկին վերադառնում Բաքվում ամուսնացած դստեր՝ Պերճուհու մոտ: Այստեղ նրա առողջական վիճակը խիստ վատթարանում է, եւ բարեկամներն ստիպված են լինում նրան տեղափոխել Դիլիջան՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատուն: Չնայած ձայնն ընդմիշտ կորցնելու վտանգին, այստեղ էլ չի հրաժարվում բեմից եւ մոտ երկու տարի շարունակ սիրող դերասանների հետ մի քանի պիեսներ է բեմադրում եւ խաղում, բայց անողոք հիվանդությունը մահճին է գամում միայնակ դերասանուհուն. նույն այդ ամառանոցում իր վախճանն էր գտել նրա ամուսինը, չկար նաեւ աղջիկը՝ Պերճուհին: Ազնիվ Հրաչյայի խնամքը ստանձնում են Դիլիջանի թատերական եւ համքարային ընկերության անդամները: Թատերախումբը՝ Սիմոն Ղազարյանի նախաձեռնությամբ, բեմադրում է «Աշխարհի դատաստանը» ներկայացումը եւ ողջ գումարը տրամադրում հիվանդ դերասանուհուն: Սակայն այս օգնությունն ու ջերմագին սերն էլ չեն փրկում. նրա կյանքի վարագույրն իջնում է, եւ մայր հողը իր գիրկն է առնում սիրասուն դստերը: Տեղի դարբինները սեփական նախաձեռնությամբ նրա գերեզմանի շուրջը երկաթե ձեւավոր ցանկապատ են սարքում, վրան փակցնում երկաթատառ տապանագիր. «Հայ բեմի մեծ վարպետ Ազնիվ Հրաչյա»: Հետագայում Դիլիջանի թատերական ընկերության կողմից նրա գերեզմանին կանգնեցվում է սեւ մարմարյա հուշաքար՝ վրան սպիտակ մարմարից կերտված դերասանուհու կիսադեմը:
Հետաքրքիր է իմանալ, որ այդ հուշաքարի տակ է հանգչում նաեւ մի փոքրիկ էակ: Դա թատերախմբի այդ ժամանակվա ղեկավար Հասմիկի դուստրն է, որ մահացել է Դիլիջանում, եւ դժբախտ մայրը, որպես մխիթարանք, նրան հողին է հանձնել մեծ դերասանուհու կողքին…