Ադրբեջանի իշխանությունները շարունակում են երկակի խաղ վարել՝ միջազգային հանրության առջեւ հանդես գալով խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնելով հայատյացությամբ։ Ամեն ինչ այդքան վտանգավոր եւ մտահոգիչ չէր լինի, եթե այդ ամենը չուղեկցվեր նաեւ սպառազինությունների աճով, ուժի բացահայտ ցուցադրմամբ եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, ինչպես օրինակ՝ հայ գերիների նկատմամբ կեղծ հիմքերով քրեական դատավարությունների կազմակերպումը եւ այլն։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն աշխատանքներ է տանում բանակը վերազինելու, անձնակազմի թվաքանակն ավելացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրեր առաջ նշել էր, որ «ադրբեջանական բանակը պետք է ունենա նոր ծրագրեր, պետք է սահմանվեն նոր խնդիրներ եւ նպատակներ», ինչին համապատասխան բանակը պետք է կազմակերպի իր ծառայողական ու մարտական գործողությունները, մարտական պատրաստությունը: Հասանովն ընդգծել է նաեւ, որ դրա համար կան երկրի նախագահի համապատասխան ցուցումները:
Ադրբեջանի համար «խնդիր եւ նպատակ» ասվածը ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանին միակողմանի զիջումների պարտադրանքն է, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունն ու Արցախից հրաժարումը։ Հունիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ հանդիպելով զինվորականների հետ, Ի. Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, եւ ԼՂ հակամարտություն գաղափար գոյություն չունի»: Անընդունելի եւ դատապարտելի են Բաքվի բռնապետի այն հայտարարությունները, թե Հայաստանը չպետք է օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը» կամ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի»։ Դրանով ոտնահարվում է արցախցիների ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով։
Այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում է ապակայունացնել տարածաշրջանը, դրա մասին է վկայում առաջին հերթին այն հանգամանքը, որ մայիսի 12-ից առայսօր ադրբեջանական զինված ուժերի որոշ քանակություն գտնվում է ՀՀ տարածքում։ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը մի քանի զորամասեր է բացել։ Հերթականի մասին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հունիսի 24-ին Որոտանի (Կուբաթլուի) շրջանում։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության զարգացումն ու ռազմական ուժի ավելացումն իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Բազմաթիվ ադրբեջանցի սպաներ կրթություն են ստանում Թուրքիայի ռազմական ակադեմիաներում: Միաժամանակ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցում վերապատրաստումներ իրականացվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: 2020 թ. փետրվարի 25-ին ստորագրվել էր «Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմա-ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որի համաձայն Ադրբեջանին է տրամադրվել 200 մլն թուրքական լիրայի չափով զենքի օգնություն:
Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ 2013 թ. ստորագրված հուշագրի շրջանակներում տարեկան անցկացվում են համատեղ զորավարժություններ։ Միայն 2019-ին եղել են 13 համատեղ վարժանքներ: 2020 թ. պատերազմից հետո նույնպես համատեղ զորավարժությունները հետեւում են մեկը մյուսին, դեռ ավելին, դրանցում ներգրավվում են այլ պետություններ նույնպես։ Այսպես, հայտնի է, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն, այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերն արդեն իսկ Ադրբեջանում են:
Ներկա գործընթացները հիմնավորում են, ցավոք, այն մտահոգությունները, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում են նոր ռազմական արկածախնդրության։ Սրանք իրական վտանգներ են, որոնց դեմն առնելու համար հայկական կողմը պետք է ամրապնդի իր ռազմավարական նշանակության դիրքերը, ավելացնի սպառազինությունն ու մարտական պատրաստվածությունը, որպեսզի կարողանա դիմագրավել սեփական ժողովրդին եւ երկրին սպառնացող վտանգներին։