Արցախյան 44-օրյա պատերազմը մերօրյա պատմության ամենացավոտ էջերից է՝ հայրենազրկումով, մարդկային կորուստներով եւ կործանարար այլ հետեւանքներով։ Օրերս «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպության շենքում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթած «ԶՈՐԱՑ» հարթակի շնորհանդեսը։ Ներկայացվեցին կատարված աշխատանքը, նպատակը, ապագա անելիքները։
«ԶՈՐԱՑ»-ը հայրենիքի ազատագրման, պաշտպանության համար մղված բոլոր պատերազմներում ու մարտերում զոհված մարտիկների շիրիմների տեղադրության բացահայտման համար նախատեսված հարթակ է, որը պարունակում է շիրիմների քարտեզներ, կենսագրական եւ արխիվային նյութեր մարտիկների ու պատերազմի ընթացքի մասին։ Այն ստեղծվել է 2021 թ. դեկտեմբերին՝ «Հերոսապատում» նախաձեռնության եւ «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի անդամներ Ժաննա Գեւորգյանի, Սիմա Օհանյանի, Վլ. Առաքելյանի, Էրիկ Գալստյանի, Մանե Պողոսյանի, Ծովինար Գինոսյանի եւ Աստղիկ Մախսուդյանի նախաձեռնությամբ։ «Հերոսապատումը» հիմնվել է պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերին։ Հիմնական նպատակն է եղել 44-օրյա պատերազմով անցած, մեր կողքին ապրող, ինչպես նաեւ զոհված մարտիկների կյանքի եւ գործունեության լուսաբանումը՝ թե՛ որպես մարտիկ, թե՛ որպես անհատականություն։ Մեկ տարվա գործունեության ընթացքում գրվել են բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, դիմանկարներ, նկարահանվել հոլովակներ, որոնք առկա են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Այժմ «Հերոսապատումի» խմբագիրները, ինչպես նաեւ մեծ թվով այլ կամավորներ աշխատում են «Զորաց» կայքէջի նյութերի պատրաստման վրա։
«Խարույկ» արշավական ակումբը հիմնվել է 2015 թ.։ Մեկ տարի անց արշավական երիտասարդները, միավորվելով ընդհանուր գաղափարների շուրջ, ստեղծեցին «Խարույկ» ՀԿ-ն, որը գոյության 7 տարիների ընթացքում իրականացրել է մի շարք մշակութային, բնապահպանական եւ կրթական միջոցառումներ։ Հարթակի նպատակներն են ստեղծել եւ թվայնացնել Արցախյան պատերազմի մասնակից մարտիկների՝ ողջ Հայաստանում գտնվող շիրիմների քարտեզը եւ հասանելի դարձնել հանրությանը, ինչի միջոցով կհեշտանա կողմնորոշվելու գործընթացը, բարձրացնել մարտիկների կյանքի ու գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը՝ փոխանցելով գրագետ տեղեկություն, ստեղծել հոլովակների, լուսանկարների, ֆիլմերի, փաստաթղթերի, գրականության եւ այլ նյութերի արխիվ, որը մեծապես կօգնի պատերազմի պատմությունն ուսումնասիրողներին եւ թեմայով հետաքրքրված անձանց։ Վահանակի նպատակն է այցելուների համար հեշտացնել շիրիմը գտնելու գործընթացը։ Գրելով մարտիկի անունը՝ կտեսնենք տեղեկատվություն նրա մասին եւ քարտեզ, որը կուղղորդի այցելուներին դեպի շիրիմը։ Հարթակի անվանման ընտրությունը կապված է Վայոց ձորի Եղեգիս գյուղում գտնվող եկեղեցու անվան հետ, որը նվիրված է եղել զինվորականներին, պատերազմ գնալուց առաջ մարտիկները այցելել են եւ օրհնանք ստացել այնտեղ։
Ըստ արձանագրության՝ Զորաց եկեղեցին կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ականներին։ Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Բաղկացած է միայն խորանից եւ երկու ավանդատնից։ Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջեւի պարսպապատ հրապարակը։ Ունի երեք կամարաձեւ մուտք, ինչն արտացոլված է հարթակի տարբերանշանում եւ ներառում է նաեւ Եռաբլուրի երեք բլուրների գաղափարը։ Շնորհանդեսին ներկա էին նախաձեռնությամբ հետաքրքրված անձինք, աջակցող ընկերությունների ներկայացուցիչներ, աշխատանքներին ընդգրկված կամավորներ։ Նախաձեռնության կողմից շնորհակալագրեր տրվեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Վահագն Դավթյանին, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր պետական հիմնարկի պետ, մայոր Էդգար Պողոսյանին, «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ին, «Lime Tech» ընկերությանը, որի կողմից պատրաստվել է եռաբլուրում դրված վահանակը, «ARDOS Metal Art Studio» ընկերությանը, որը պատրաստել է դեպի վահանակ տանող ցուցանակները: Կայքէջի աշխատանքների համար շնորհակալագրեր տրվեցին Ալեքս Մելիքյանին, Էրիկ Գալստյանին, կամավորներին՝ նյութերի հավաքագրման եւ խմբագրման համար, Արեւ Մախսուդյանին եւ Հայկ Անդրեասյանին՝ աջակցության համար, Թաթուլ Սահակյանին, ով օգնել է քարտեզագրման աշխատանքներում։
Գայանե ԸՌՔՈՅԱՆ
Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի