Գրքի երեւանյան միջազգային փառատոնը 2023-ին գրողներին, հրատարակիչներին ու ընթերցողներին կհամախմբի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մայիսի 25-27-ը փառատոնի շրջանակներում Մայր թատրոնի տարբեր հարթակներում կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, կլինեն հանդիպումներ տեղի եւ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի հեղինակների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, իսկ փառատոնի շրջանակներում գործող գրքի տոնավաճառից հնարավոր կլինի նախընտրելի գրքերը ձեռք բերել 20-50 տոկոս զեղչով:
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ փառատոնն անցկացվում է 2017-ից եւ նախորդ տարվանից միջազգային բնույթ է ստացել՝ ընդլայնելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, հրատարակչությունների, հեղինակների, գրաքննադատների, ոլորտի այլ մասնագիտական խմբերի հետ: «Փառատոնը դառնում է միջազգային հարթակ, ինչը կարող է էլ ավելի կշիռ հաղորդել այստեղ իրականացվող ցանկացած միջոցառման ու բարձրացնել գրավչությունը: Կարեւորում եմ այն, որ փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակիչներ, ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ: Զարմանալի չէ, որ նախորդ տարվա փառատոնին շուրջ տասը հազար գիրք է վաճառվել: Կան հրատարակիչներ, որ նշում են՝ միայն փառատոնի օրերին նույնքան գիրք են վաճառում, որքան ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց նախարարն ու հավելեց՝ փառատոնը դառնում է գրականության մասին խոսելու, նոր գրքեր ներկայացնելու եւ այդ գրքերի միջոցով մեր հեղինակներին ճանաչելի դարձնելու հարթակ: Ժ. Անդրեասյանը կարծում է՝ փառատոնը կարող է համագործակցել նաեւ կրթական հաստատությունների հետ եւ դպրոցականների, ուսանողների ամենահաճախելի միջոցառումներից մեկը դառնալ:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շեշտեց՝ Երեւան քաղաքը, հավատարիմ մնալով մշակութային կյանքին նոր ակտիվություն հաղորդելու իր հանձնառությանը, միացել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնի կազմակերպման աշխատանքներին՝ լինելով գլխավոր հովանավոր. «Կարծում եմ՝ գիրքը եւ ընթերցանությունը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն են, անհատի վերափոխման, զարգացման, մտածողության, աշխարհայացքի ընդլայնման լավագույն միջոցն են: Ես վստահ եմ, որ նույնիսկ տեխնոլոգիաների դարում մեր քաղաքում գրքի դերն ավելի ու ավելի է ընդգծվում»:
Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը ստանձնել է գրքի հետ առնչվող տարբեր միջոցառումներին ու նախաձեռնություններին սատարելու պատրաստակամություն: Քաղաքապետարանը շարունակում է նոր գրքերով, գրականությամբ համալրել գրադարանային ֆոնդերը, թվայնացնում է գրադարանների աշխատանքը: Տ. Ավինյանը վստահ է, որ Գրքի փառատոնը մեծ տոն է լինելու. «Մեկ հարկի տակ համախմբելով ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին՝ փառատոնի կարգախոսն իրականանում է, այսինքն՝ քաղաքը կարդում է»:
Փառատոնի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանն էլ ասաց՝ փառատոնը երեք օր շարունակ այցելուներին կհյուրընկալի կեսօրից մինչեւ երեկոյան 21:00-ն. «Սպասվում են պանելային զրույցներ, գրական ու երաժշտական բաթլ, համերգներ, հանդիպումներ հայ եւ արտասահմանյան այնպիսի անվանի գրողների հետ, ինչպիսիք են Արամ Պաչյանը, Մարիամ Պետրոսյանը, Տատյանա Տոլստայան, Կլաուդիո Պոցցանին, կլինեն հյուրեր նաեւ Հունաստանից, Գերմանիայից: Պատվավոր հյուրերից է Արմեն Զախարյանը: Գրքի փառատոնի փակմանը մրցանակաբաշխությամբ կամփոփի գրական մրցույթի արդյունքները: Հայտնի կդառնա, թե ովքեր են հաղթել «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Այս տարի գրական մրցույթին մասնակցող դիմորդների հայտերը ժյուրիին փոխանցվել են անանուն, եւ փառատոնի փակման հաջորդ օրը հրապարակվելու են բոլոր գրողների հավաքած միավորները»:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը տրամաբանված ու արդարացված է համարում այն, որ կարեւոր գրական իրադարձության կազմակերպման պատասխանատու գործը վստահված է նոր գրականության հիմնադրի անունը կրող կառույցին: «Մի շարք թանգարաններ ունեն հրատարակություններ, հրաշալի գրադարաններ, որոնք այդքան հայտնի չեն ընթերցողի լայն շրջանակին, եւ փառատոնը թանգարանների գրական գործունեությունը եւս մեկ լսարանի ներկայացնելու առիթ է ընձեռում»,- շեշտեց նա եւ ուրախություն հայտնեց, որ գրքի մեծարման օրը միայն Գիրք նվիրելու օրը չէ, այլեւ Գրքի երեւանյան միջազգային փառատոնը: Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ընթացքում նախատեսված է 25 միջոցառում, որոնք կամրապնդեն ընթերցող-գրող կապը: