2020 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր շուրջ խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործընթացներն են: Հարաբերությունների կարգավորման բանակցություններ են անցկացվում միանգամից երկու թյուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության խթանումը, տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործումն առաջնային նշանակություն ստացան Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման համար: Այն առանցքային նշանակություն ունի նաեւ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, որն այսօրվա դրությամբ մեր պետության անվտանգային համակարգի առաջնային գործոնն է:
2021 թվականին, երբ հարաբերությունների կարգավորման բանակցությունները մեկնարկեցին, դրանց արագացման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին հենց թյուրքական պետությունները, հատկապես՝ Ադրբեջանը, որը տարբեր վերջնաժամկետներ էր նախանշում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն այսօր վերջինիս գործողությունները խոսում են հակառակի մասին: Պաշտոնական Բաքվի առավելապաշտական պահանջների պատճառով ոչ միայն դանդաղում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլեւ վերջինս խանդով է մոտենում Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը:
Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման փաստին առաջինն արձագանքեց Բաքուն՝ այն որակելով «սադրիչ», որին հետեւեցին Թուրքիայի՝ ՀՀ ինքնաթիռների թռիչքների համար օդային միջանցքի փակման գործողությունները եւ հուշարձանի բացման քննադատությունը: Դրանից հետո էլ ադրբեջանական կողմը հուշարձանի հարցը պահում է օրակարգում՝ դրանով փորձելով լրացուցիչ բարդություններ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Օրերս Անթալիա ժամանած ադրբեջանական պատվիրակության լրագրողները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին կրկին ստիպեցին խոսել «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման փաստի մասին: Թուրք պաշտոնյան էլ հույս է հայտնել, որ Հայաստանը կուղղի «սխալը», եւ այն չանելու դեպքում կրկին սպառնաց, որ Թուրքիան նոր միջոցների կդիմի:
Չավուշօղլուն կրկին փորձել է «Նեմեսիս» գործողությանը տալ ահաբեկչության որակում՝ խեղաթյուրելով իրականությունը: Մասնավորապես, նա գործողության արդյունքում արժանի պատիժը ստացածների թվում հիշատակում է թուրք դիվանագետների, որոնք իրականում չեն եղել պատժվածների թվում, պարզապես թուրք պաշտոնյան փորձում է նույնականացնել ԱՍԱԼԱ-ի գործողությունները «Նեմեսիսի» հետ, ինչն իրականությունը խեղաթյուրելու պարզունակ փորձ է: «Նեմեսիս» գործողության մասնակիցները ի կատար են ածել նույն քեմալական Թուրքիայի ձեւավորած ռազմական դատարանի մահապատժի որոշումները: Ավելորդ չէ նշելը, որ «Նեմեսիս» գործողության պատժվողների ցանկում ընդգրկված՝ Հայոց ցեղասպանությունը իրականացնողներից մեկը հետագայում մահապատժի է ենթարկվել հենց Թուրքիայի դատարանի կողմից, ճիշտ է, այս դեպում Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով:
«Նեմեսիս» գործողության արդյունքում իրենց արժանի պատիժն են կրել 20-րդ դարասկզբին Թուրքիայում եւ Բաքվում հայ ժողովրդին ցեղասպանության նախապատրաստողները եւ իրականացնողները: Ոճրագործություն, որը ժամանակին դատապարտել է նաեւ նույն Թուրքիան, եւ այսօր գործողությունը խորհրդանշող հուշաքարի տեղադրման փաստը հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ բերելը լուրջ հարված է գործընթացին:
Որքան էլ հայկական կողմը հայտարարի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատում է առանց նախապայմանների, այն է՝ առանց Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման, միեւնույն է, պատմական այդ ողբերգությունը փաստ է, եւ այն երկու երկրների հարաբերությունների ենթատեքստում է: Հաստատվելիք հարաբերությունների անկեղծությունը եւ ամրությունը առաջին հերթին պայմանավորվում են նաեւ այդ պատմական ողբերգական դրվագի նկատմամբ կողմերի վերաբերմունքով: Դրանից է կախված սկսված երկխոսության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ այն փորձաքար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ադրբեջանի դրդմամբ «Նեմեսիսի» հուշակոթողի հարցը հարաբերությունների կարգավորման օրակարգ անընդհատ բերելը միանշանակ դրանք խոչընդոտելու նպատակ է հետապնդում:
Պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը գործողություններում անկեղծություն է պահանջում, իսկ այն իր հերթին նշանակում է այդ հարաբերությունների՝ անցյալում, ներկայում եւ ապագայի իրողություններին անկողմնակալ առարկայական գնահատում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ