Հարմարվողականությունը կարող է դրական լինել, եթե դրա արդյունքում չեն հատվում «կարմիր գծերը», մեր պարագայում՝ ազգային արժանապատվության, ազգային արժեքների եւ ինքնության, չի վտանգվում ազգի եւ պետության ամբողջականությունը։ Հայկական պետականության եւ հայկական ինքնության դեմ պատերազմն ընթանում է ինչպես բացահայտ, այնպես էլ՝ քողարկված եւ միջնորդավորված։ Թերեւս, ցինիկ «անկեղծությամբ» մեզ հետ խոսում է Բաքվի բռնապետը։ Բացառություն չէր նաեւ մայիսի 28-ի նրա ելույթը, որտեղ տեղ էին գտել մեր վերաբերյալ հիմնական մոտեցումներն ու ակնկալվող արդյունքները։ Բաց տեքստով Ալիեւը խոսում է հայկական պետականությունն անցյալ դարձնելու մտադրության մասին, ցավոք, մեր հասարակության որոշակի շերտեր նախընտրում են հավատալ «խաղաղության» օրակարգին։
Հաղթողի կեցվածքով Ալիեւը շրջագայում է Արցախի բռնազավթած տարածքներով՝ բարձրաձայնելով ռազմատենչ ծրագրերը։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա,- ասել է Բաքվի բռնապետը, այնուհետեւ, դիմելով արցախահայերին, հայտարարել է.- Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ալիեւի խոսքով, Արցախում ապրող հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ «Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Արցախում.- խմբ.)։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» եւ մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- ասել է նա։ Ավելին, Ալիեւը նաեւ հոխորտացել է, որ եթե «խաղաղության պայմանագիրը» չստորագրվի, միեւնույն է, «ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որեւէ խնդրի, որովհետեւ հենց իրե՛նք են ուժեղ կողմը, իրե՛նց դիրքորոշումն է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, իրե՛նք ուժեղ դիրքեր ունեն սահմանին»։ «Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ եւ անվտանգության պայմաններում»,- վստահեցրել է նա, քանի որ, ըստ նրա, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ»։ Եթե նման բառապաշարը, ուղիղ տեքստով հնչած սպառնալիքները «խաղաղության» առաջարկ են, ապա սարսափելի է մտածել, թե ինչպիսին է այդ պետության ղեկավարի պատերազմի ընկալումը։
Ալիեւի հայտարարությունները մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովված չէ, եւ քանի դեռ առարկայական գործողություններ, օրինակ՝ պատժամիջոցներ չեն կիրառվում Ադրբեջանի դեմ, միջազգային մեխանիզմների ներդրումն անգամ չի կարողանալու կասեցնել ադրբեջանական հերթական ագրեսիան կամ ցեղասպանական որեւէ գործողություն: Էրդողանի վերընտրվելը հնարավորություն է տալու Բաքվի բռնապետին ավելի համարձակ գործել։ «Ես հավատում եմ մեր (թուրք) ազգին եւ ումմային (մահմեդական)։ Ալլահի կամքով մենք կգնանք բազմաթիվ նվաճումների։ Թող Ալլահը մեզ ուժ տա՝ սկսելու նախապատրաստվել այս նվաճումներին»,- կիրակի օրը մզկիթում ասել է Էրդողանը՝ փաստացի կանաչ լույս վառելով «թյուրքական երազանքին» ընդառաջ ցանկացած հանցագործության համար։
Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով, Ալիեւի ելույթի դրույթները փաստում են այն պարզ իրողությունը, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան, միեւնույն ժամանակ «որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիեւը»: «Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարեւանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիեւի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրեւորումն է»,- ընդգծում է ադրբեջանագետը:
Հայաստանի, այդ թվում Արցախի եւ հայության դեմ տարվում է հոգեբանական պատերազմ, որին մեր հասարակությունը պատրաստ չէ, եղած իմունիտետն էլ թուլացել է։ Դրա վկայությունն է այն, որ հաճախ հասարակության շրջանում շրջանառվում են ադրբեջանաթուրքական թեզերը։ Արցախի տարածքների բռնազավթմանը եւ հոգեբանական պատերազմին զուգահեռ իրականացվում է մշակութային ցեղասպանություն։ Այդ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են եւ ծառայում են մեկ նպատակի՝ ոչնչացնել հային եւ հայկական հետքը սեփական բնօրրանում քոչվորի բնիկությունն ապահովելու համար։ «Այստեղով թուրքն է անցել» հայտնի արտահայտությունը նույնական է Ադրբեջանի պարագայում։ Հերթական վանդալիզմը տեղի է ունեցել կիրակի օրը Բերձորում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռեւս խորհրդային տարիներին կառուցված 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաեւ Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն են փորագրված: Փառքի հուշահամալիրն ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին եւ երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:
Ողբերգությունն այն է, որ այսօր կա գեթ մեկ հայ, որը պատմության եւ մերօրյա զարգացումներից դասեր չքաղելով՝ հավատում է թուրքի կամ կովկասյան թաթարի հետ խաղաղ համագոյակցությանը։