Մեկնում եմ Ապարան. Մայիսի 28-ն է՝ մեր պատմության փառավոր էջերից մեկը։ Միասնությամբ ու անձնազոհությամբ փրկեցինք հայրենիքը։ Ճանապարհի 2 կողմում կանաչ դաշտերի արանքում նաեւ դեղնին են տալիս որոշ հատվածներ։ Գեղեցիկ ու չքնաղ մեր հայրենիքն է։ 105 տարի առաջ այս օրերին նույն դաշտերն էին թշնամուց պաշտպանում մեր հայրենակիցները՝ տարածքի ողջ հայությունը՝ նաեւ իրենց արյամբ ողողելով կանաչն ու ծաղիկը։
105 տարի է անցել, ու տոն էր Ապարանում, տոն, որ համայն հայությանն է, տոն, որ մեզ պարտավորեցնում է՝ միշտ լինել հայրենիքի պաշտպան, տեր մնալ հայի արժեհամակարգին։ Ըստ պատմական տվյալների՝ Բաշ-Ապարանի հերոսամարտ-ճակատամարտը հայ կամավորականների եւ արդեն Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի միջեւ էր։ Այն սկսվել է 1918 թ. մայիսի 15-ից եւ հաղթական ավարտ ունեցել մայիսի 29-ին։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մայիսի 15-ին Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Երեւանի ոստիկանության աշխատակից՝ ծնունդով Ապարանի արագյուղցի Արսեն Տեր-Պողոսյանը, տեր Հովհաննես Տեր-Մինասյանի հետ ձեւավորել են ինքնապաշտպանության խորհուրդ վերջինիս նախագահությամբ։ Մայիսի 17-ին հայտարարվել է պատերազմական դրություն։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել եւ ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Մայիսի 23-ին թուրքական բանակի փաշաներ Էսադի եւ Քյազիմի 10 հազարանոց կանոնավոր գնդերը եւ 3000 թալանչի քուրդ ու թուրք մտել են Ապարանի գավառ, հանդիպել մեր ժաղովրդի համառ դիմադրությանը եւ պարտվել ոչ այնքան զենքին դեմ առնելով, որքան կամքին ու հավատին, երկրին տել լինելուն։ Պատահական չէ «Ապարան» երգը.
Մայիս քսանչորսին` տասնութ թվական,
Հայոց ազգի համար` ժամ օրհասական,
Հեսա փաշեն տվեց այսպես հրաման
Կոտորել Ապարան, անցնել Երեւան:
Ապարա՛ն, Ապարա՛ն, խիզախ Ապարա՛ն,
Հայ զէնքով, Հայ զորքով թուրքի դեմն առար,
Փրկեցիր Էջմիածին, Հայոց սուրբ օրրան,
Չթողիր, որ թուրքը անցնի Երեւան:
Այս հերոսական ճակատամարտից 105 տարի անց մարդաշատ էր Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակը։ Բաղրամյան փողոցի ամբողջ երկայնքով՝ կենտրոնական հրապարակից մինչեւ «Վերածնունդ» հուշահամալիր, կայացան տարատեսակ միջոցառումներ ու ցուցահանդեսներ: Նույն փողոցի ողջ երկայնքով տեղադրված էին տաղավարներ, որտեղ ցուցադրված էին Հայաստանի տարբեր վայրերին, նաեւ Արցախին վերաբերող արվեստի նմուշներ, ձեռքի աշխատանքներ, տարածքային ուտեստներ, կազմակերպությունների արտադրանքներ: Հանրապետության տարբեր համայնքներ ունեին իրենց տաղավարները, ուր ներկայացված էին իրենց համայնքի յուրահատկությունները: Մշակույթի տների եւ արվեստի դպրոցների սաները հանդես էին գալիս երաժշտական ու պարային համարներով, բաց դասերով ու գրաֆիտի աշխատանքներով, մարզադպրոցի սաները՝ ցուցադրական ելույթներով, մանկապարտեզի սաները՝ խաղային ու երաժշտական համարներով: Տոնին ներկա էին ՀՀ կառավարության ու Ազգային Ժողովի ներկայացուցիչներ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, զինվորականներ։
Իր ելույթում Արագածոտնի մարզպետը շնորհավորեց ներկաներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա, ինչպես նաեւ Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշ-Ապարանում 105 տարի առաջ մեր ժողովրդի տարած փառավոր հաղթանակի առթիվ։ Տոնի առավել կարեւոր մասը Հայոց բանակի զինվորների ցուցադրական ելույթներն էին, շքերթը։ Հրապարակում կայացած հանդիսավոր մասից հետո ներկաներն այցելեցին «Վերածնունդ» հուշահամալիր։ 1918 թ. մայիսին մեր ժողովրդի փառավոր հաղթանակին նվիրված՝ 1974-79 թթ. Ապարանում՝ բլրակի վրա կառուցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը։ 1979 թ. մայիսի 18-ին էլ կայացել է հուշահամալիրի բացումը։ Տարածքում մոտ 7 հա կանաչապատվել է, տնկվել են 500 եղեւնի ու նույնքան բարդի, որոնք արդեն հսկա ծառեր են։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ 2000 թ. մայիսի 28-ին հուշահամալիրի արեւմտյան թմբին հուղարկավորվել է նույն ճակատամարտում եւ առհասարակ հայոց այդ շրջանի պատմության մեջ նշանակալի դեր ունեցող Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը։ «Վերածնունդ» հուշակոթողի հյուսիսային մասում է Ապարանի Արցախյան պատերազմներում մարտիրոսված քաջորդիների պանթեոնը։ «Վերածնունդ» հուշակոթողի մոտ տեղադրվեցին ծաղկեպսակներ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, այլ կառույցների, համայնքների կողմից։ Այցելուները ծաղիկներ խոնարհեցին հուշապատի տակ՝ հարգելով հերոս կամավորականների ու զինվորականների հիշատակը։ Այստեղ եւս Հայոց բանակի զինվորները հանդես եկան։ Շատ երեխաներ էին լուսանկարվում զինվորների հետ։ Հուշակոթող այցելեցին նաեւ ՀՀ ԵԿՄ անդամներ՝ Արցախի դրոշը ծածանելով։
Զրուցեցի զինվորների, նրանց հրամանատարների հետ։ Պատրաստ են հայրենիքը պաշտպանել՝ ոգեւորված նաեւ 105 տարի առաջ կայացած հերոսամարտով։ Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների պանթեոնը նույնպես մարդաշատ էր՝ ծաղկեպսակների տեղադրում խաչքարերի մոտ, ծաղիկների խոնարհում ու խնկարկում։ Այստեղ է հուղարկավորված նաեւ Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը, ով ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 19-ին Ապարան քաղաքում, իսկ 1999 թ. ընտանիքով մշտական բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում։ Հերոսաբար զոհվել է 2020 թ. նոյեմբերի 7-ին՝ շրջափակման մեջ ընկնելով Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի մատույցներում։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Ապարանում հանդիպեցինք քաշաթաղցիներով՝ Արին Գալստյան, Մհեր Ոսկանյան, Հայկ Եղիազարյան, այցելեցինք Ռուսլանի շիրիմին։ Ընթացքում այցելեցինք նաեւ տարբեր տաղավարներ։ Ապարանի Արագյուղի տաղավարում հանդիպեցի նույն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Մակիչ Վարդանյանին, ում հետ Ֆիզուլու տարածքում՝ մարտադաշտում ենք եղել 2016 թ. ապրիլին։ «Կարմիր խաչ»-ի տաղավարում Բերձորի մանկապարտեզի նախկին տնօրեն Իննա Բաբայանն իր հիմնած ԱՁ-ի արտադրած հագուստն էր ներկայացնում։ Երգիչ Արսեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացնում են «Արար» կազմակերպության մշակութային աշխատանքները։ Շենավան գյուղի տաղավարում հյուրասիրում էին հյուրերին, ներկայացնում ազգային ճաշատեսակներ։ Տոնը շարունակվեց մինչ երեկո։
Վերադարձա Ապարանից՝ ոգեւորված, ինչ-որ տեղ մտահոգ մեր երկրի ներկա իրավիճակով։ Սակայն 105 տարի առաջ ավելի վատ վիճակում էր մեր երկիրը, ու վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: Նույն 1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Այսօր մենք ունենք անկախ պետություն, ազգային բանակ, մնում է վերականգնել 1918, 1988 թվականների կամքն ու միասնությունը։