«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն է
-Եթե նախկինում զրուցեինք՝ գուցե հարցնեի առանց փողկապ Ճշմարիտյանի նախասիրությունների մասին, խնդրեի պատմել պաշտոնական հանդիպումներից հետո ոչ պաշտոնական զրույցների մասին, որից հետո չլուծվող հարցեր են կարգավորվել։ Բայց հիմա մեր երկրի առջեւ ծառացած մեծածավալ մարտահրավերներն այլ թեմաների ժամանակ չեն թողնում… Դուք երկու անգամ, տարբեր տարիների, զբաղեցրել եք էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Տնտեսության այբ-ից ֆե-ն գիտեք։ Խնդրեմ Ձեր գնահատականը այսօրվա մեր տնտեսությանը։
-Առաջին մոտեցմամբ եթե գնահատենք տնտեսության վիճակը զուտ որպես վիճակագրություն՝ մեկ բան է, որպես իրականություն՝ մեկ այլ։ Ցանկացած տնտեսության մասին խոսելիս անպայման առաջին տեղում պետք է դնել դրա սոցիալական արդյունքը։ Եվ ցանկացած տնտեսության զարգացման համար երեք կարեւոր տարր կա՝ կայունություն, անվտանգություն եւ կանխատեսելիություն։ Եթե գնահատում ենք այսօրվա հայաստանյան իրավիճակը, ապա այս երեքն էլ, մեղմ ասած, կասկածելի կամ խարխուլ վիճակում են։ Փաստն ենք արձանագրում։ Օրինակ՝ երբ տնտեսության մասին ենք խոսում, այսօր ի՞նչ չափի տարածք նկատի ունենք, ասենք, գյուղատնտեսական հողերի։ Ո՞ր ձեռնարկությունները ո՞ր տարածքներում գոյություն ունեն կամ՝ այսօր գոյություն ունեն եւ վաղը գուցե գոյություն չունենան։ Մենք խնդիր ունենք ե՛ւ հեռանկարի, ե՛ւ կանխատեսելիության ու անվտանգության առումով։ Անհասկանալի վիճակ է կայունության մասով։ Ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքով ունեցել ենք մարդկային ներհոսք, որն ապահովել է որոշակի ֆինանսական ռեսուրսների մուտք Հայաստան, նաեւ, ՌԴ նկատմամբ պատժամիջոցներից ելնելով, մեզ մոտ անոմալ՝ արտահանման եւ ներմուծման աճ ենք ունեցել։ Արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճի թվերը նայեք, բայց 80 տոկոսից ավելի արտահանման աճ ունենք, նույնը՝ ներմուծման մասով։ Այսինքն՝ կատարվում է պարզապես վերաարտահանում։ Հիմա՝ վերաարտահանումից ստացված եկամուտը որքա՞ն է վերաբաշխվում։ Եթե խոսում ենք սոցիալական արդյունքի մասին, ապա առաջին տեղում պետք է դնենք եկամուտների վերաբաշխման խնդիրը։ Եթե վերաբաշխումը մի քանի ձեռքում է կենտրոնանում, ապա աղքատության կրճատման չի բերում։ Մինչդեռ տնտեսության իրական հատվածի տված արդյունքն է միշտ ավելի լայն շրջանակ ենթադրում։ Իսկ հիմա մենք ունենք դրական տնտեսական ցուցանիշներ, բայց ծայրահեղ աղքատության եւ աղքատության ծավալների աճ։ Այսինքն՝ ունենք որոշակի ֆինանսական, տնտեսական ռեսուրսների կենտրոնացում, որը բերում է մնացած շերտերի աղքատացման։
Տնտեսական մեկ այլ իրավիճակից խոսեմ։ Մտցրել են անհասկանալի սահմանափակումներ զուտ փոքր բիզնեսի իմաստով։ Որոշակի դրական բաներ կան. սուբսիդավորման մեխանիզմներ, որոնք փոքր բիզնեսի համար լավ են։ Բայց դարձյալ ուղղությունը գնում է դեպի բանկային ոլորտ։ Վատ չէ, որ բանկային ոլորտին նույնպես աջակցվում է, բայց ֆիսկալ ոլորտի եւ իրական հատվածի միջեւ հավասարակշռությունը պահելը պետք է ճիշտ արվի։ Երբ ֆիսկալ հատվածը դնում ես ջերմոցային պայմաններում, տուժում է իրական հատվածը։ Իրական հատվածն ես դնում ջեմոցային պայմաններում, ֆինանսական հատվածն է տուժում։ Դրա համար կարեւոր է հավասարակշռությունը պահելը։
Մյուս կարեւոր բանը կանխատեսելիության իմաստով. ոչ միայն անվտանգության առումով, այլեւ հետագա խոշոր ներդրումների, նոր արտադրություններ կամ եղածը պահպանելու կամ վերագործարկելու ու վերակազմակերպելու, նոր ուղղություններ ձեռք բերելու առումով, բացի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեկ էլ ծառայությունների ոլորտից, ոչ մի տեղ չի նկատվում։ Դրա համար էլ արդյունաբերության աճն այդքան ցածր է։
-Փաստորեն՝ տնտեսության աճի կառուցվածքը եթե վերլուծենք, այդ աճից հանենք ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքների՝ մեզ վրա ազդեցությունը, վերաարտահանման պատճառները, տակը մնում է…
-Զրոյական աճ։ Որովհետեւ եթե դու արդյունաբերության 2.5 տոկոս աճ ես տալիս, չես կարող 80 տոկոսից ավելի արտահանման աճ ունենալ։
-Զրոյական աճից ավելի ուրիշ ի՞նչ կարող էինք ունենալ՝ հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Կրկին գալիս ենք կայունության խնդրին։
-Այո, գալիս ենք այն խնդիրներին, որոնք ավելի ֆունդամենտալ են։ Հարձակում է եղել մեր պետության հիմքերի վրա. ասվում է ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, արդարության վերականգնում, եւ… հարձակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի վրա։ Այդ կարգախոսներից ո՞ր մեկի մեջ է սա տեղավորվում։ «Հայ» բառը հանում են դպրոցական դասագրքերից, հայրենասիրությունը համարում են կեղծ կատեգորիա։ Երբ հարձակվում են պետության հիմքերի վրա, կանխատեսելիություն ու կայունություն չի լինելու։ Ինձ համար անպատկերացնելի է՝ դա կլինի Հայաստանում, թե աշխարհաքաղաքական կենտրոններում, Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ որեւէ այլ տեղ, ինչպես կարելի է հայի հայրենիքի Արցախի հատվածը եւ 120 հազար հայ մարդու տալ նրա մշտական ոխերիմ թշնամու տիրապետությանը։ Մշտականը թուրքին նկատի ունեմ, Ադրբեջանը հեչ, թուրքի կույր աղիքն է։ Այդ ո՞ր մի միջազգային երաշխիքը կարող է Ադրբեջանի տիրապետությամբ ապահովել նրանց որեւէ իրավունքի տեսակ։ Մտածել, թե նույն այդ աշխարհաքաղաքական կենտրոնները դա չեն հասկանում, միամտություն է։ Ասենք՝ Մոսկվայում չեն հասկանում, թե ինչ կլինի 120 հազար հայի հետ, երբ Ադրբեջանի հայր պետությունը բացեիբաց հայտարարում է, որ իրենց նպատակը թուրք փաշաների գործը շարունակելն է։ Այս վիճակը ուղղակիորեն ազդում է հենց տնտեսության վրա։
-Իսկ Արցախը հանձնողները «մտածում» են՝ խաղաղություն է լինելու։
-Մեր տարածաշրջանում խաղաղությունը կարող է լինել երկարատեւ, եթե, օրինակ, Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ճանաչի Արցախը պատմական տարածքի վրա բոլոր իրավունքներով եւ 3-4 սերունդ այդ քաղաքականությունը Թուրքիայում պահպանվի։ Առնվա՛զն 3-4 սերունդ։ Հակառակ պարագայում մեր տարածաշրջանում խաղաղությունը հիմնված է լինելու հայ-թուրքական հակամարտության գոյության եւ դրա ռազմական իրացումը զսպող գործոնների վրա։ Այդ գործոններն են Հայաստանի ռազմական, քաղաքական ու տնտեսական ամրությունը եւ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունների հավասարակշռությունը։ Ի վերջո՝ գոյություն ունի պատմական արդարություն, գոյություն ունեն հասկացություններ, որոնց դեմ գնալը ժամանակավոր, հեղհեղուկ, անկայուն լուծումներ են։
-Եթե ավելի մատչելի բացատրենք հանրությանը, ապա՝ չկա՛ ոսկե միջին։
-Իհարկե՝ չկա՛։ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ։ Սա չիրացվող քաղաքականություն է։
-Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը վերականգնելու համար հիմնային լուծումներ տալ չենք կարող առանց քաղաքական անվտանգության։
-Բնականաբար։ Եվ՝ հակառակը։ Անվտանգության ամբողջ շղթան պետք է գործի՝ քաղաքական, ռազմական, պետական, տնտեսական, էներգետիկ, կենսաբանական, առողջապահական, իրավական, ֆինանսական, մեր պարագայում՝ նաեւ հոգեւոր, կրթական, մշակութային, տեղեկատվական։ Ինֆորմացիոն անվտանգությունը եթե ապահովված լիներ, գուցե երկիրը այս պրոցեսների առաջ չկանգներ եւ զարգանար էվոլյուցիոն ձեւով։ Նշյալ անվտանգության բաղադրիչներից որեւէ մեկի խաթարումը բերում է ամբողջական շղթայի խաթարման։ Սա անվտանգության այբուբենն է։ Մենք առաջին տեղում միշտ մեր զինված ուժերն ենք դնում եւ ճիշտ ենք անում, բայց այս օղակը միայնակ չի կարող, պետք է սնվի ամբողջական շղթայից։
-Պարտավո՛ր ենք ելք գտնել։
-Ելք միշտ կա։ Եթե մենք ուզում ենք, որ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն մեզ աջակցի կամ գոնե չխանգարի, մենք, որպես պետություն, պետք է ունենանք մեր կարմիր գծերը՝ քաղաքական, հոգեւոր, մշակութային։ Պետք է իմանան, որ մենք հետնահանջ չենք անելու։ Միեւնույն ժամանակ՝ մեր շահերում պետք է կարողանանք ցույց տալ տվյալ կենտրոնի կամ կենտրոնների շահերը։ Պետք չէ բացատրել. նրանք իրենց շահը մեզնից լավ գիտեն։ Մեզ կհարգեն, եթե իմանան, որ վստահելի գործընկեր ենք, գիտենք մեր ազգային շահը, կարմիր գծերը, նրանց մոտ դրական իմպուլսներ կառաջանան այդ դեպքում։
-Կուզեմ մի երեւույթից խոսենք. հանրության մեջ խայծեր են գցում, թե հասարակական շփում լինի, մշակութային կամ գործարար շփում լինի, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն եւ այլն։ Բայց չեն ասում, որ արդի աշխարհում նման բան չկա։ ԱՄՆ-ն ձեռքի մի շարժումով իր գործարարներին հետ է կանչում ՌԴ-ից։ Կամ՝ էներգետիկ դիվանագիտության դաշտը նայենք. աշխարհաքաղաքական բոլոր ելեւէջները երեւում են։ Հենց խոսք է լինում ՀՀ-ում ատոմակայան կառուցելու, ռուսական ռեակտոր ընտրելու, ԱՄՆ-ն իր մոդուլյար ատոմակայանի առաջարկով մեջտեղ է ընկնում։ Շահերի բախման կիզակետում ենք։ Փորձենք այս հարցերը դիտարկել նաեւ ինֆորմացիոն անվտանգության հարթակում, ինչը շատ կարեւոր է, եւ դրա ուժը չգործածելը մեզ բերեց այն կետին, որ հանրության մի շերտ չի զգում երկրի գլխին կախված վտանգը։
-Ինֆորմացիոն անվտանգությանը միշտ վերաբերել ենք որպես չորրորդ իշխանություն, բայց պետության կողմից պատշաճ կարգավորման չի ենթարկվել դաշտը։ Մինչդեռ չորրորդ իշխանությունը իշխանության ռեալ եւ ուժեղ թեւ է։ Ինֆորմացիայով կարելի է երկրներ տապալել։ Բոլոր այն երկրները, որտեղ տեղի են ունեցել քաղաքական անոմալիաներ, եղել են ինֆորմացիոն հարձակման միջոցով։ Սա միջոց է, գործիք։ Վերլուծաբաններից շատերն են խոսում անարդարությունից, կոռուպցիայից եւն։ Ի՞նչ է, Թուրքիայում կամ ԱՄՆ-ում դա չկա՞, թե՞, ասենք, Թուրքիայում ամեն օր Հեմինգուեյ, Դոստոեւսկի են կարդում ու Մոցարտ լսում, Դանիա ու Նորվեգիա են։ Ոչ, պարզապես նրանք իրենց ինֆորմացիոն անվտանգությունը հսկողության տակ պահեցին։ Մենք չորրորդ իշխանությանը պետք է վերաբերվենք որպես իշխանության թեւի եւ կարգավորենք սահմանադրորեն։ Չորրորդը ռեալ իշխանություն է։ Ռեա՛լ։ Ձեր ասած խայծերը, թե մշակութային շփումները կկարգավորեն մեր հարաբերությունները մեր ոխերիմ թշնամու հետ, իրապես խայծեր են վտանգավոր։ Մենք չենք կարող ապրել համատեղ։ Պաղեստինում փորձում են չէ, մի մասում հրեաներ են, մի մասում՝ արաբներ։ Ստացվո՞ւմ է։ Իհարկե՝ ոչ։ Նա, ով մեղավոր է եղել, իր մեղքը պիտի ընդունի։ Մեր դեպքում Թուրքիան է։ Չի՛ ընդունում։ Հետեւաբար՝ ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։ Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանը կատարո՞ւմ է։ Եթե չես կարողանում երկիրը կառավարել այնպես, որ եղածը պահպանես եւ վրան մի դրական բան էլ ավելացնես, ինչ թուղթ ուզում ես ունեցիր, խաղաղություն չի լինելու։ Կիպրոսի նման թուղթ ունեցող երկիր չկար։ Տարան տարածքը։ Կամ՝ Սիրիայի օրինակը։
-Ինֆորմացիոն անվտանգություն չունենալու համապատկերում դիտարկո՞ւմ եք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակումը։
-Այսի ՞նքն՝ փակումը։
-Դե կառավարությունը որոշել է, որ ծախսարդյունավետ չէ, պետք է փակել, նաեւ՝ այլ երկրներում պաշտոնաթերթեր չկան, պետք է պաշտոնաթերթը փակել, որ մրցակցությունն ապահովված լինի մամուլի եւ այլն, եւ այլն։
-Եթե նշում ենք, որ, օրինակ, անգլիացիք պաշտոնաթերթ չունեն, գուցե հասնենք նրան, որ մեկ անգլիական գազո՞ն ունենանք։ Թե չէ ստացվում է՝ մեր զապորոժեցի վրա ուզում ենք բենթլիի շարժիչ դնել։ Իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնաթերթ չէ «Վաշինգտոն փոստը» կամ՝ «Նյու Յորք թայմսը» եւն։ Կամ՝ Գերմանիայի առաջատար թերթերը։
-«Վաշինգտոն փոստը» ԱՄՆ-ի Իրաք մտնելուց ամիսներ առաջ ԱՄՆ-ի կողմից իրաքյան «խեղճ ժողովրդին» բռնակալից ազատելու որոշման արդարացիության քարոզչություն էր սկսել։
-Այո, այո։ Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ մրցակցություն… Է հա, եթե դուք ձեր թերթը օդում կախված լուրերով լցնեիք, հնարավոր է՝ դուք էլ ֆինանսական ավելի մեծ հոսքեր ունենայիք։ Բայց, այո, դուք բամբասանքի եւ զրպարտանքի նյութեր երբեք չեք հրապարակել… Չգիտեմ, «ՀՀ» օրաթերթի հանդեպ նրանց՝ փակողների վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է։ Միայն անունը՝ «Հայաստանի Հանրապետություն», շատ կարեւոր է։ Դա չգիտակցե՞լ… չեմ ընկալում։
-Ցավոք, շատ բան է անհասկանալի (իրականում՝ հասկանալի)՝ երկրի հարցերից սկսած մինչեւ թերթի հարցեր։
-Միանգամայն ճիշտ եք։ Օրինակ, չեմ ընկալում՝ թուրքն ասում է՝ պիտի շարունակի ցեղասպանությունը, հանրության մի հատված ասում է՝ թուրքի հետ առեւտուր կանեմ։ Կամ՝ այսօրվա թուրքն առաջվա թուրքը չէ։ Բա եթե առաջվանը չէ, ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
-Հանրությունն ինչո՞ւ չի զգում վտանգը։
-Այդ կարծիքին չեմ։
-Հանրության այդ շերտը կա՞։
-Դրա պատասխանն էլ կա, դուք էիք գրել չէ՞՝ հասարակությունը ձեւավորվում է այնպիսին, ինչպիսի կաղապարի մեջ լցնում ես։ Երբ հանրությանը առաջնորդում ես վախի, պարտվողականության օրակարգերով, նրա մոտ այդ հատկություններն են զարգանում։ Ճիշտ հակառակը՝ առաջնորդում ես հերոսական էջերով, դաստիարակում ես հայրենասեր հանրույթ։ Ժողովուրդը միշտ նույնն է՝ ինչ արժեքներով առաջնորդում ես, այդպիսին էլ ձեւավորվում է։ Սա այլ, խորքային քննարկման թեմա է։
-ՀՀ օրվա քաղաքականությունը առաջնորդվում է պարտվողականության օրակարգով, անունը դնում նավթ չունենալու պատճառը։
-Ի՜նչ է, մինչեւ հիմա նավթ ունեի՞նք։
-Նաեւ չի խոսում մեր՝ նավթի այլընտրանք եւ ավելի ուժեղ ռեսուրսներից՝ ընդերքի եւ մարդկային։
-Չհամաձայնել չեմ կարող։ Ռեսուրսներից մեկն էլ մեր սփյուռքն է… Չենք գործադրում, չենք աշխատում… Ընդհանրապես ասում են՝ ի՞նչ կարող ենք անել։ Շա՛տ բան կարող ենք անել՝ սահմանադրական կարգը վերականգնել, դաշնակիցների հետ հարաբերությունները կրկին կարգավորել… Եթե այս ամենը չի արվում, տնտեսության զարգացման մասին խոսելն անիմաստ է։ Անվտանգության ամբողջական շղթան էլ չի աշխատի։
-Վերջին հարցը՝ այս իրավիճակում կարողանո՞ւմ եք լավատես մնալ։
-Հուզականությունից պետք է դուրս գալ։ Սթափ դատել է պետք։ Իսկ երբ սթափ ես դատում, ելքեր գտնում ես ամենաճգնաժամային վիճակներից անգամ։
-Շնորհակալություն զրույցի համար։
-Ես էլ եմ շնորհակալ։ Հիշենք՝ չկան անելանելի վիճակներ։ Խաղաղությո՞ւն ենք ուզում։ Նախ արժանապատվություն պիտի լինի, խաղաղությունը կգա ա՛յդ պարագայում միայն։