Մամուլում իմ թղթակցությունն սկսվել է 1992-ից՝ «Ազգ» օրաթերթի հետ համագործակցությամբ, այնուհետեւ աշխատել եմ «Լրագիր», «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ» թերթերում, միաժամանակ նաեւ թղթակցել եմ տարբեր, այդ թվում՝ օտարերկրյա պարբերականների։
2000-ից, որպես թղթակից, աշխատում եմ «ՀՀ» օրաթերթում։ Այն հիմնադրվել է 1990 թ. եւ, փաստորեն, եղել գործադիրի ու օրենսդիրի պաշտոնաթերթը, ինչը, թերեւս, անհրաժեշտություն է ցանկացած երկրի համար՝ պաշտոնական տեսակետները ներկայացնելու նպատակով։ «ՀՀ»-ն հետաքրքրում էր ոչ միայն հայ ընթերցողներին, այլեւ շատ հաճախ Հայաստանում գործող օտարերկրյա ներկայացուցչություններին, դա նկատելի է եղել հնչող տեսակետներից, ինչն անձամբ եմ զգացել։ Մասնագիտությամբ լինելով արեւելագետ-իրանագետ՝ իմ նյութերի թեմաները եղել են Իրանում ու Միջին Արեւելքի երկրներում տեղի ունեցող զարգացումները։ Այս առնչությամբ մի դեպք հիշեցի. 2011 թ. մարտին, երբ Սիրիա ներմուծվեց «Արաբական գարուն» շարժումը, «ՀՀ»-ն գրեց, որ Թուրքիան շահագրգիռ է դրանում, ինչն արժանացավ այդ երկրի դեսպանության խիստ հակազդեցությանը՝ երկար-բարակ նամակի տեսքով, որով ձգտել էին ապացուցել, թե Թուրքիան դեմ է շարժմանը եւ պաշտպանում է պաշտոնական Դամասկոսին։ Գլխավոր խմբագիր, լուսահոգի Տիգրան Ֆարմանյանը որոշեց հրապարակել նամակը եւ դրա պատասխանը, որում կետ առ կետ ապացուցվում էին հոդվածում արտահայտված տեսակետները, ինչից հետո դեսպանության հետ էլ ավելի ջերմացան մեր հարաբերությունները։
Օրաթերթն առաջինն է մասնակցել Թեհրանի ամենամյա մամուլի ցուցահանդեսին, որտեղ ներկայացվում են առնվազն 40-50 երկրներ, իսկ դա շատ լավ առիթ էր՝ ներկայացնելու Հայաստանը, ինչ-որ տեղ նաեւ պայքարելու թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ, ինչին շատ լավ պատրաստված գալիս էր Ադրբեջանը։ «ՀՀ»-ն իր մասնակցության տարիներին պատվով է կատարել ստանձնած առաքելությունը թշնամուն քարոզչության ոլորտում հակահարված տալու հարցում։ Մինչդեռ հայաստանյան այլ ներկայացուցիչներ հաճախ թշնամական ԶԼՄ-ների հետ միջադեպեր ունեցան, եւ, ըստ երեւույթին, այդ պատճառով էլ Հայաստանն այլեւս չհրավիրվեց։ Ես անդրադարձա իմ ոլորտին, սակայն կասկած չունեմ, որ նման հետաքրքրություն եղել է նաեւ բոլոր թեմաների ու ոլորտների հանդեպ, առավել եւս վերջին տարիներին, երբ թղթակիցների ինքնագրաքննադատությունը, կարելի է ասել, հաճելիորեն թուլացել եւ հնարավորություն էր տալիս ավելի ազատորեն արտահայտվել, հանգամանք, ինչն օրաթերթն ավելի հետաքրքիր էր դարձնում։
Թվում էր, թե ճիշտ ուղու վրա է եւ, ինչպես ասում են, ապագա ունի ու չի արժանանա Հայաստանում բազում այլ օրաթերթերի ու պարբերականների ճակատագրին։ Սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», եւ «Արմենպրես» ընկերության տնօրինությունից, որի կազմում է «ՀՀ»-ն արդեն 4-5 տարի, հանկարծակի ծանուցում ենք ստանում առ այն, որ 2023 թ. հունիսի 1-ից դադարեցվում է օրաթերթի աշխատանքը։ Փաստ, ինչը խիստ անսպասելի ու անչափ տխուր է, թերեւս, նաեւ անտրամաբանական։ Եթե օրաթերթն իր բովանադակությամբ ու ձեւաչափով չէր բավարարում տնօրինության պահանջները, ապա կարելի էր նոր առաջարկներ ներկայացնել կոլեկտիվին եւ համատեղ քննարկելով՝ ընդհանուր հայտարարի գալ։