…Եվ նորից վերհիշեցի երջանկահիշատակ գրչընկերոջս՝ Այդին Մորիկյանին. նոր էր նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի խմբագիր: Ես աշխատում էի հոգեւարք ապրող նախկին «Խորհրդային Հայաստան» թերթի մշակույթի բաժնում, որն արդեն անվանափոխվել էր «Հայաստան»-ի: Պատահական հանդիպեցինք Մամուլի շենքի բակում: Հարցրեց թերթի վիճակի մասին: Ասացի, որ «մեռնում է»: Անմիջապես առաջարկեց գալ իր ղեկավարած խմբագրություն եւ անմիջապես անցնել աշխատանքի: Խոստացա, բայց չկարողացա «դավաճանել» առնետավազքից միայնակ մնացած խմբագրիս՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած պայծառ մարդուն՝ Հենրիկ Աբրահամյանին… Մեկ թե երկու շաբաթ անց կրկին հանդիպեցի Այդինին: «Ո՞ւր կորար,- ասաց,- այսօր էլ բարձրացի ինձ մոտ, վաղվանից հրամանդ կտամ»: Ներողություն խնդրեցի եւ չանդամակցեցի իր կոլեկտիվին…
Այդ օրերից անցնելու էր շուրջ երեսուն տարի, եւ «ՀՀ»-ի խմբագրությունն իմ առջեւ իր դռներն էր բացելու Արթուր Ղարագյոզյան գլխավոր խմբագրի օրոք: Առաջին իսկ օրվանից հարազատ դարձած միջավայր ու մթնոլորտ, սրտամոտ անելիք՝ մշակույթ, այս բնագավառի վաստակաբեռն հայորդիք եւ օտարազգի հայամետ մեծանուն գործիչներ, ովքեր իրենց անանց հետքն են թողել հայոց պատմության դասագրքերում: Եվ ոչ միայն նրանք ու նրանց արարումների մասին: Նաեւ՝ ազգային ու հասարակական գործիչներ, ազգային-ազատագրական հին ու նոր շարժումներում իրենց փառքը կերտած դեմքեր, ազգանվեր հոգեւոր գործիչներ, համաշխարհային գիտությունն իրենց հայտնագործություններով թռիչքների մղած երեւելիներ, որոնցով հպարտանում ու ներկայանում ենք հանուր մարդկությանը: Ջանացել եմ հավուր պատշաճի մեր ընթերցողին ներկայացնել այսօր մեր կողքին ապրող ու ստեղծագործող տաղանդավոր արվեստագետների, մտավորականների, բաց չթողնել մշակութային առանցքային միջոցառումները՝ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացումներ, համահայկական նշանակության ձեռնարկումներ: Եվ այս ամենը՝ «ազատ շնչառությամբ», առանց հատուկ «հրահանգների», առանց գրածս նյութերի բառ իսկ խմբագրման:
Ուստի որպես ապերախտություն կարող է ընկալվել, եթե մոռանամ երախտագիտության խոսք ասել մարդկային ամենաբարձր հատկանիշներով իր անձը զարդարած «ՀՀ»-ի պատվարժան ու առինքնող գլխավոր խմբագրին՝ Արթուր Ղարագյոզյանին: Ինչպես կարելի է չհիշատակել նաեւ խմբագրությունում մշտապես տիրող առողջ ու գեղեցիկ այն միջավայրը, որի գլխավոր «մեղավորը» նորից ինքն էր՝ խմբագրության յուրաքանչյուր անդամի ընկերն ու մտերիմը դարձած մեր սիրված, արժանապատիվ խմբագիրը՝ նախանձելի սկզբունքայնությամբ, մարդկանց հետ հարաբերվելու նախանձելի իր արվեստով…
Է՛լ ինչ ասել. կարծում եմ՝ ոչինչ: Հուսանք, որ այսուհետ բացվող ամեն առավոտը շագրենու կաշվի նման կծկվող սրբազան մեր հայրենիքի համար ավետաբեր է լինելու: