Ապագայում լավ ընթերցող ունենալու համար երեխաներին պետք է կրթել մանկապարտեզից։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի գրքեր, որոնք կօգնեն երեխային երկու տարեկանից սկսած ճիշտ առնչվել հայկական եւ համաշխարհային գրականությանը։
Ամենամեծ պահանջարկն ունի մանկական գրականությունը։ Հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հատուկ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր գրքի. դրանք ունեն դաստիարակչական, ուսուցողական եւ հետաքրքրաշարժ բովանդակություն։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ մեծ կարեւորություն են տալիս նաեւ գրքերում տեղ գտած նկարազարդումներին, քանի որ դրանք զարգացնում են երեխայի պատկերային եւ տեսողական մտածողությունն ու առավել հետաքրքիր դարձնում ընթերցանությունը։ «Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնցում առաջին ուղղությունը մանկական գրականությունն է։ Շատ գրքեր կան հրատարակված, մի մասն էլ ընթացքի մեջ է»,- ասաց նա՝ մանկական գրականության շարքում առանձնացնելով «Աշխարհի իմաստուն հեքիաթներ», «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուները, ինչպես նաեւ հեքիաթների թեմատիկ շարքերը: Ուշադրություն են դարձնում նաեւ սոցիալական բաղադրիչին, հրատարկվում են գրքեր, որոնք բավականին մատչելի են։
Այսօր շուկան հագեցած է հեքիաթների ժողովածուներով, որոնք հիմնականում նույն բովանդակությունն ունեն։ «Մենք ունենք հայ ժողովրդական հեքիաթների ակադեմիական 18 հատորները, որոնցում ամփոփված են հեքիաթները մեր բոլոր բարբառներով։ Մի քանի տարի առաջ սկսել ենք ուսումնասիրել այդ ամբողջ գրականությունը, առանձնացրել եւ մշակել ենք հարյուր հեքիաթներ, որոնք բոլորը նկարազարդվում են։ Արդեն լույս է տեսել եռահատորի առաջին հատորը։ Այդ հեքիաթները թարգմանվել են նաեւ անգլերեն»,- ասաց Կարապետյանը։
Այս գործընթացի շարունակությունն ու մասն են կազմում ընթերցանության հանրապետական մրցույթներն, որոնք նույնպես ձեւավորում եւ կրթում են ապագա ընթերցողին։ Ընթերցանության մրցույթները սկսել են անցկացնել 12 տարի առաջ երեխաների տարբեր տարիքային խմբերում։ Այժմ նախաձեռնել են «Ամսվա դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում աշակերտներին եւ ուսուցիչներին հնարավորություն է տրվում այցելել հրատարակչություն եւ ծանոթանալ գրքի ստեղծման ողջ ընթացքին՝ հրատարակման նախնական աշխատանքներից մինչեւ գրքի տպագրությունն ու կազմումը: «Հետաքրքրությունը մեծ է, օրական մինչեւ մի քանի խումբ է այցելում։ Ունենք սոցիալական փաթեթ, կան նաեւ վճարովի ծրագրեր։ Ձեռք ենք բերել ՆԱՍԱ-ի ծրագիրը, հայաֆիկացրել ենք, եւ երեխաները այցի ընթացքում կարող են ծանոթանալ տիեզերքի գաղտնիքներին»,- ասաց զրուցակիցս։ Այցելուներին տրվում է նաեւ «Կրթադիտակ» հարթակի մեկ ամսվա անվճար բաժանորդագրություն, որը ուսումնադաստիարակչական եւ ժամանցային հարթակ է երեխաների եւ պատանիների համար։ «Կրթադիտակում» է տեղադրված հրատարակչության մանկական ամբողջ գրականությունը, հասանելի է մեծածավալ ուսումնաօժանդակ գրականություն, որը կարող է օգտակար լինել նաեւ ուսուցիչներին ու ծնողներին։ Կան բաց բաժիններ, իսկ մնացածը բաժանորդագրությամբ է։
Կարապետյանը նշեց, որ կլինեն գրքեր, որոնք ավելի շուտ կտեղադրվեն «Կրթադիտակում», հետո միայն կհայտնվեն գրադարաններում։ Հարթակը պաշտոնապես կգործարկվի այս տարվա սեպտեմբերին, թեեւ արդեն երկու տարի է՝ այն գործում է, օրական երկու հազար մարդ է այցելում։ Մեծ տեղ է հատկացվում սփյուռքի հետ տարվող աշխատանքներին։ «Դժվար է հայալեզու գրականությունը հասցնել սփյուռքին, իսկ կայքը տալիս է այդ հնարավորությունը։ Սփյուռքի ուսուցիչները, գրողները մեր աջակցության կարիքն ունեն։ Ի վերջո, մեր նպատակը մեկ ընդհանուր միասնական գրական հարթակ ստեղծելն է»,- մանրամասնեց «Էդիտ Պրինտ»-ի տնօրենը։
Ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց պահանջներն են դնում։ Քայլելով ժամանակին համընթաց՝ հրատարակչությունը կիրառում է ինտերակտիվ մեթոդներ. ստեղծել են նաեւ էլեկտրոնային եւ աուդիո գրքեր, որոշ գրքերում օգտագործվել են հավելվածներ, որոնք ավելի հետաքրքրաշարժ են դարձնում երեխաների ընթերցանությունը եւ օգտակար են ներառական կրթության համար:
Համաշխարհային գրականության հերոսական դրվագներին շատ են անդրադարձել, այդպես սերունդներ են կրթվել՝ ոգեշնչվելով սեփական պատմության հերոսական դրվագներով եւ կերպարներով։ Կարապետյանի խոսքերով, իր վաղեմի երազանքն է եղել երեխաների համար ստեղծել գրականության նոր շարք, որը նրանց մատչելի կերպով կմատուցի մեր պատմության ընթացքում ունեցած հաղթանակները։ «Մենք նույնպես ունենք փառահեղ հաղթանակների պատմություններ, պարզապես պետք է այդ ամենը գեղեցիկ եւ հասանելի ներկայացնենք երեխաներին»,- ասաց զրուցակիցս՝ նշելով, որ երկար ժամանակ փնտրել եւ, ի վերջո, գտել է այն գրողին, որն իրականություն կդարձներ իր երազանքը։ Առաջին գործն արդեն գրվել է, այն «Հայկ ու Բել»-ի պատմությունն է։ «Ներկայումս նկարիչների մրցույթ է հայտարարվել, որոնք կկարողանան այնպես նկարազարդել գիրքը, որ մեր երեխաները հասկանան՝ ով է եղել Հայկը, ինչպիսին էին այդ ժամանակաշրջանի նիստուկացը, հագուստը, պալատները եւ այլն»,- հավելեց նա։ Հաջորդ պատմությունն արդեն ընթացքի մեջ է, այն ներկայացնելու է Տորք Անգեղի պատմությունը։ Կարապետյանը հույս հայտնեց, որ այս շարքը կլինի շարունակական եւ հետագայում կանդրադառնա նաեւ Արգիշտի թագավորին, Տիգրան Մեծին եւ մյուսներին։ Այս մտահղացման գագաթնակետը կդառնա հերոսական պատմությունների մուլտիպլիկացիայի ստեղծումը։ «Դա կլինի մեր ազգի պատմության լավագույն գովազդն ամբողջ աշխարհում, բայց այդ ամենը պետք է արվի լավագույն որակով, ինչը կապված է մեծ գումարների հետ»,- եզրափակեց նա։