Շուրջ երկու տասնյակ նախագծեր եւ այլ հարցեր էին ընդգրկված ԱՀ Ազգային ժողովի նիստում, որոնց վերաբերյալ, քննարկումներից հետո, ընդունվեցին համապատասխան որոշումներ: Խորհրդարանում, Սահմանադրության համաձայն, 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների եւ 2021 թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Երկրի ղեկավարն իր խոսքում առաջնահերթ անդրադարձել է արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետեւանքներին եւ անվտանգության խնդիրներին: Ա. Հարությունյանի բնութագրմամբ, 2020 թ. ծանրագույն տարի է եղել Արցախի ու նրա ժողովրդի համար: Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին լայնածավալ ագրեսիա են սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ երկրին պատճառելով մարդկային, տարածքային եւ նյութական ահռելի կորուստներ: Տնտեսության վրա, բնականաբար, բացասական մեծ ազդեցություն է ունեցել նաեւ նոր կորոնավիրուսի համավարակը: «Հաշվի առնելով, որ պաշտպանությունը մեր պետության կենսագործունեության ամենահիմնարար ոլորտն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի պատճառով մեծապես ազդել է բոլոր բնագավառների արդյունքների վրա, առանձնահատուկ կցանկանայի անդրադառնալ դրան: Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշնամական նկրտումները Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը, որ ուղեկցվել է նոր մեծածավալ սպառազինությունների շարունակական ձեռքբերմամբ, հուշում էին, որ թշնամին ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել: Այս ամենի հաշվառումով, նախագահի կողմից իրականացվել են աջակցող գործառույթներ՝ ապահովելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը: Հաճախակի են եղել իմ այցերը առաջնագիծ եւ զորամասեր, անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվել են բարձրացված հարցերին լուծում տալու համար»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նրա հավաստմամբ, առանձնակի ուշադրություն է դարձվել առաջնագծի ինժեներական կահավորմանը, ադյունավետ աշխատանքներ են տարվել ամրաշինական աշխատանքների ուղղությամբ: Մինչեւ սեպտեմբերի 27-ը կառուցվել են մի շարք ճանապարհներ, ամրացվել են դիրքերը տարբեր ուղղություններում, եւ գործընթացը, համաձայն ծրագրի, շարունակական բնույթ պիտի կրեր: «Սեպտեմբերի 27-ին նախատեսված էր ՊԲ հրամանատարության հետ այցելել առաջնագիծ, շրջայց կատարել եւ հստակեցնել ինժեներական ամրությունների կառուցման հետ կապված մեր հետագա անելիքները: Բոլոր ուղղություններում դադարեցվել էին շինարարական աշխատանքները, եւ խնդիր էր դրված բոլոր ուժերը կենտրոնացնել ադրբեջանա-արցախյան սահմանի երկայնքով հիշյալ ծրագրի իրագործմանը: Ցավոք, ռազմական գործողությունների հետագա սրացումների հետեւանքով հնարավոր չեղավ ավարտին հասցնել շինարարական աշխատանքները»,- խոստովանեց նախագահը եւ որոշ մանրամասներ հաղորդեց պատերազմի դաժան, օրհասական պահերին այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Հանրապետության ղեկավարի ուշադրությունից չվրիպեց կառավարության, պաշտպանության բանակի, ուժային կառույցների կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերին ցուցաբերվող աջակցությունը, որ առաջին հերթին միտված է ժողովրդի անվտանգության երաշխիքների ամրապնդմանը, ենթակառուցվածքների ու ավերված բնակավայրերի վերականգնմանը, մշտական օջախներից տեղահանված ընտանիքների սոցիալական, բնակարանային պայմանների բարելավմանը: Նա կոնկրետ օրինակներ բերեց բնակարանաշինության ուղղությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում տարվող լայնածավալ աշխատանքների վերաբերյալ: Նրա համոզմամբ, երկու տարվա ընթացքում նորակառույց բնակարաններով կապահովվեն ավելի քան 3 հազար ընտանիքներ: Հուսադրող է եւ Հադրութի ու Ասկերանի շրջաններից տեղահանվածների համար նոր բնակավայրերի (համայնքների) հիմնադրումը, ինչը կատարվում է բնակչության համաձայնությամբ՝ պետական միջոցներով եւ բարեգործական խողովակներով:
Ընդգծելով այն միտքը, թե արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմքում ունենալով ինքնորոշման խնդիրը, նախագահ Ա. Հարությունյանը անդրադարձ կատարեց նաեւ արտաքին քաղաքականության (դիվանագիտության) օրակարգային խնդիրներին: Արցախի անկախությունը ճանաչելու կոչով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը դիմել է միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային վերջ տալու պահանջով, տարբեր երկրների հասցեներով ուղարկվել են զեկույցներ՝ պատերազմի հետեւանքով ողբերգական իրավիճակում հայտնված, մշտական բնակավայրերը կորցրած ընտանիքների մասին: Նախագահը կարծում է, որ այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքները պիտի ավելի ակտիվանան:
«Միջազգային հարթակներում շատ կարեւոր է, որպեսզի գիտակցեն, որ վերադարձ անցյալին չի կարող լինել,- գտնում է Ա. Հարությունյանը:- Ագրեսորը պիտի խստորեն պատժվի՝ ժողովրդին հասցրած անմարդկային, ծանր հանցագործությունների համար, եւ Արցախի կարգավիճակը անպայման պիտի հստակեցվի ու արդար լուծում ստանա: Մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության նպատակն է՝ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նպաստել հիմնախնդրի համապարփակ լուծմանը եւ տարածքային ամբողջականության վերականգնմանը, ապահովել ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության վերադարձը մշտական բնակավայրեր»: