Մեզանից յուրաքանչյուրը հասունության մի պահի կարծես արձանագրում է սեփական կյանքի ուղին ու, ըստ այդմ` ճակատագիրը եւ օվկիանոս մտած նավի նման հանձնվում կյանքի հորձանքին` վստահաբար նախանշելով ափ դուրս գալու ուղին ու ժամանակը, եւ չի էլ կասկածում, որ օվկիանոսը լի է բախտախնդիրներով, ովքեր կարող են հեշտությամբ փոխել նախանշված ընթացքն ու ճակատագիրը…
Կյանքի ուղին ու ճակատագրի ընտրությունը մի բան են, այլ բան դրանք մինչեւ վերջ տանելու ոչ միայն կամքն ու զորությունը, այլեւ պատահականություններին դիմագրավելու պատրաստությունը, շեղված ճակատագրի անիվը հունի մեջ գցելու կարողությունը։ Այդպես էլ ճակատագրի ոլորաններն ուղեկցել են հայազգի խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935), «Թուրքեստանցիներ» (1960) ռազմական հուշերի գրքի հեղինակ, Էնվեր փաշայի հոգեառ Հակոբ Մելքումյանին։ Այսպես՝ 1885 թ. Շուշիի գավառի Խերխան գյուղի որմնադիրի ընտանիքում ծնված Հակոբը հինգ տարի անց` 1890-ին, ծնողների հետ հայտնվում է Աշխաբադում. փոխվում է ոչ միայն կյանքի աշխարհագրությունը, այլեւ մշակույթը. սովորում է թուրքմեներեն ու ձիավարություն, իսկ 1906-ին ավարտում Աշխաբադի գիմնազիայի 6-րդ դասարանը։
Հավանաբար, ճակատագիրն արդեն փոխված էր` կտրված ազգային արմատներից, ու մտել էր որոշակի հուն, որից հետո իրադարձությունները կանխատեսելի էին ու ընթանում էին բնական հերթագայությամբ։ Գիմնազիան ավարտելուց հետո` 1907 թ., Հակոբը զորակոչվեց ռուսական կայսերական բանակ, որտեղից էլ ուղարկվեց Նիկոլաեւյան հեծելազորային ուսումնարան, որն ավարտեց 1910 թ. եւ մտավ կադրային բանակ` ստանալով շտաբս-ռոտմիստրի կոչում, իսկ Առաջին համաշխարհայինը սպասեցնել չտվեց ռազմական հմտությունները փորձարկելու հարցում: Հակոբ Մելքումյանը պատերազմին մասնակցում էր որպես 6-րդ բանակային կորպուսի 4-րդ հեծելազորային դիվիզիայի գնդացրային անձնակազմի հրամանատար։ 1917 թ. հեղափոխությունից հետո զինվորագրվեց Կարմիր բանակին եւ մարտնչեց առաջին շարքերում, մասնակցեց մի շարք խռովությունների ճնշմանը, ինչպես գեներալ Կալեդինի, Մոսկվայում` ձախ էսէռականների լիկվիդացմանը եւ այլն։ 1918 թ. հոկտեմբերին, լինելով Մոսկովյան 1-ին հեծելազորային գնդի հրամանատար, Վորոնեժի հատվածում մասնակցել է Դենիկինի բանակի դեմ Հարավային ճակատի մարտերին։ 1919 թ. վերջերից 1-ին Թուրքեստանյան դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատարն էր։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը, 1920-1923 թթ.` մասնակցել բասմաչների խմբերի ոչնչացմանը։ Միջին Ասիայում հասունանում էր ԽՍՀՄ-ի դեմ պայքարը. 1922 թ. սկիզբն էր. Դուշանբեի մոտ էին հավաքվել անարխիստների ջոկատի դիակապտությամբ զբաղվող ավազակները, Ֆուզայլ Մաքսուդը, Էնվեր փաշան` իր հրոսակախմբերի հետ։ Ն. Ե. Կակուրինի հրամանատարությամբ ու համաձայնությամբ` Արեւելյան Բուխարայի Հատուկ ճակատում դրանց ոչնչացման գաղտնի օպերացիային մասնակցում էր եւ Հակոբ Մելքումյանը։ Ստալինն ու Տրոցկին պահանջում են Մելքումյանին ազատել բրիգադի հրամանատարի պաշտոնից եւ հանձնել ռազմական դատարան` բասմաչների հետ համագործակցության համար։ Բայց Լենինի անմիջական միջնորդությամբ, որ բարձր էր գնահատում անձնական օգտակար նախաձեռնությունը, Մելքումյանը պարգեւատրվում է իր առաջին` Կարմիր դրոշի շքանշանով։
1922 թ. հունիսին Էնվեր փաշայի դեմ Կարմիր բանակի արշավանքի ժամանակ Մելքումյանը 2-րդ առանձին Թուրքեստանյան հեծելազորային բրիգադի հրամանատարն էր, եւ, չնայած Էնվեր փաշայի ու Դավլաթմանդ-բեյի բասմչյան ջոկատների նշանակալի գերակշռությանը, դրանք մաս-մաս ջախջախվում են Կարմիր բանակի կողմից. Մելքումյանը հպարտությամբ հայտարարում է, որ ինքն անձամբ է սրախողխող արել Էնվերին։ Այո, ճակատագրի բերումով նրանք հանդիպեցին Միջին Ասիայում, ճակատագիր, որի մասին հազիվ թե նրանցից մեկնումեկը կռահեր, բայց գուցե եւ մեկի ցանկությունն էր, ում ճակատագիրն առաջնորդեց այնտեղ, ուր անհնար կարող էր թվալ ցեղասպանի հետ հանդիպումը եւ բաղձալի վրեժխնդրության իրագործումը. արմատները քնած չէին, թեեւ պտուղը հեռու էր նետված հայրենի հողից, եւ Մելքումյանը հմտորեն օգտագործեց պահը` ոչնչացնելով արյունախում տականքին…
1926-1931 թթ. բասմաչների բանդաների դեմ մարտերը շարունակվում էին ամենուր` Թուրքմենիայի, Տաջիկստանի, Խորեզմի տարածքներում. Կարակումների օպերացիայում գերեվարվեցին, վիրավորվեցին ու սպանվեցին մոտ 3287 բասմաչներ, իսկ 1930 թ. հունիսի 20-ին Միջինասիական կարմրադրոշ ռազմական օկրուգի հեծելազորային բրիգադի համահավաք զորամասերը` Մելքումյանի հրամանատարությամբ եւ աֆղանական կառավարության համաձայնությամբ, մտան Աֆղանստանի տարածք` բասմաչների բազաները վերջնականապես ոչնչացնելու համար…
Այնուամենայնիվ, ճակատագրի քմահաճույքը հանգիստ չէր տալիս Հակոբ Մելքումյանին. այն, ինչ չհաջողվեց 1922 թ.` նրան հանձնել ռազմական դատարան, հաջողվեց 1937 թ. հունիսին, ու, չնայած Խորհրդային Միությանը նրա անվերապահ ու նվիրված ծառայությանը, ձերբակալվեց, իսկ 1940 թ. ապրիլին մեղադրվեց «Բանվորագյուղացիական կարմիր բանակում ռազմաֆաշիստական դավադրությանը» մասնակցելու համար, եւ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից դատապարտվեց գնդակահարության։ Մեղադրյալի բողոքարկելուց հետո ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ պատիժը փոխարինվեց 15 տարվա ազատազրկման, 5 տարով էլ` քաղաքացիական իրավունքներից զրկման, գույքի բռնագանձումով։ Ազատազրկումն անցկացրեց Գուլագի տարբեր վայրերում։ Ռեաբիլիտացվեց 1954 թ.։ Նրան վերադարձրին գեներալի կոչումը եւ բոլոր պարգեւները։ Այնուհետեւ կյանքը շարունակել է Մոսկվայում, հրատարակել «Թուրքեստանցիներ» հիշողությունների գիրքը, որտեղ հանգամանորեն լուսաբանել է Միջին Ասիայում բասմաչների դեմ պայքարը։ Մահացել է Մոսկվայում` 1962 թ. հուլիսի 3-ին, հուղարկավորվել Նովոդեւիչյան գերեզմանատանը։
Որքան էլ կյանքի հորձանքը` իր վայրիվերումներով, չխնայեց Մելքումյանին, արիասիրտ մարտիկը կարողացավ արժանապատվությամբ վերցնել ճակատագրի նետած ձեռնոցը եւ արցախյան ոգու հայկական գեներով պատվախնդրորեն դիմագրավել մարտահրավերներին…