Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում հուլիսի 25-ին կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։
Փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արտո Թունչբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։
Փառատոնի կազմակերպիչ եւ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա եւ Անահիտ Մխիթարյանները։
Քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյանները երաժիշտներ են, նվագում են փողային եւ հարվածային գործիքներ։ 2019-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ եւ կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ՝ ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը եւ երգչախումբը:
Նպատակը երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը եւ ուժի, կամքի, նպատակասլացության օրինակ ծառայել: Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձեւավորելը, այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարեւորության գիտակցում, սոցիալական կյանքում ներգրավվածություն, ինչպես նաեւ մասնագիտություն:
Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունն օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա։ Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի աջակցությամբ անհատույց տրամադրված սենյակները քույրերը նորոգել եւ կահավորել են բարի եւ սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին հաղորդել են տան, ընտանեկան եւ ջերմ մթնոլորտ: 2021-ի հունիսի 1-ին հենց այդ սենյակներում կայացել է մշակութային կենտրոնի բացումը եւ մանկատան երեխաների համերգային ելույթը բացման շրջանակներում:
«Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության գործունեության նպատակներից է Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի համերգների, փառատոնների կազմակերպումը, ինչպես նաեւ երեխաների առողջական հարցերի՝ բուժման, վիրահատության, կազմակերպումը:
Ամեն տարի «Ճախրուկ» փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ խթանելով մշակույթի զարգացմանն ու աշխարհին ներկայացնելով մեր ազգի հոգու հզոր ուժն ու թռիչքը։