Հայաստանի երկու մարզում՝ Շիրակում եւ Գեղարքունիքում, սիբիրյան խոցի դեպքեր արձանագրվեցին հունիսի վերջին։ Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ հոսպիտալացվեց: Գյուղում սիբիրյան խոցի առաջին ախտանշաններն ի հայտ էին եկել հունիսի 30-ին: Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել էր նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ էր հաստատվել «սիբիրյան խոց» ախտորոշումը: Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաեւ Վանեւան բնակավայրից եւ արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Բակային համայցերը շարունակվում են:
Թե ինչո՞ւ է այս վայրերում սիբիրախտ «ծագել», մասնագիտական անբարեխղճությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ մեկ այլ բան, մեր այս նյութի քննարկման առարկան չէ։ Փաստ է՝ ունենք սիբիրյան խոցի դեպքեր, եւ ամեն կերպ պետք է կանխել հիվանդության տարածումը։ Ուստի «ՀՀ»-ն փորձեց պարզել՝ ինչպես են հսկվում այս օրերին հանրապետության անասնաշուկաները, մասնավորապես՝ Մարտունու անասնաշուկան, որն ամենամեծն է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) մեզ վստահեցրին. անասնաշուկաների գործունեությունը վերահսկվում է, իսկ ամենամեծ անասնաշուկան խիստ հսկողության տակ է։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կիրակի օրը՝ հուլիսի 4-ի առավոտյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյոք կենդանի վաճառողները կատարո՞ւմ են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետեւել են նաեւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Եվ հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել: «Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Բայց, այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասաց Ա. Հարությունյանը:
Անասնաշուկաները վերահսկվում են, Մարտունունը խիստ է վերահսկվում, ի՞նչ է ենթադրում այդ խիստ ասվածը։ «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցը պարզաբանեց, թե՝ «դա նշանակում է, որ ՍԱՏՄ տեսուչներն ամեն կիրակի կայցելեն ու կստուգեն կենդանիներին եւ փաստաթղթերը»։ Հավելենք, որ Գեղարքունիքում անասունները պատվաստված եղել են, իսկ Իսահակյանում հուլիսի 1-3-ը ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։
Մասնագիտական ամենատարբեր կայքերում փնտրտուքը մեզ «ստիպեց» այլ հարց հնչեցնել՝ մասնավորապես հաշվի առնելով հենց Գեղարքունիքի պարագան՝ ելնելով պատերազմից հետո մեր երկրի սահմանային վիճակից եւ մեզ թշնամի պետության գործելաոճից (չմոռանանք, որ պատերազմի ընթացքում սպիտակ ֆոսֆոր էր կիրառվել). սիբիրյան խոցի հարուցիչը բնակա՞ն, թե՞ լաբորատոր է. նկատի ունենանք՝ այս դեպքում պայքարի միջոցառումներն էլ տարբեր են։ Ինչպես տեղեկացանք ՍԱՏՄ-ից, հարուցիչը բնական է։ Բանն այն է, որ այն տարիներին, երբ երաշտ է լինում, պրակտիկան ցույց է տվել, որ սիբիրախտի դեպքեր կարող են արձանագրվել, խոտը քիչ է, խոտի հետ հող է ուտում անասունը, իսկ հողի մեջ այս հիվանդության հարուցիչը երկար է պահպանվում։
Բացատրությունը շարունակենք ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի։ Սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը խոշոր եւ մանր եղջերավորներն են, ձիերն ու ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի: Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը եւ դրանցից կազմված առարկաները երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը եւ մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի եւ այլնի հետ ուղղակի շփման հետեւանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս: Հնարավոր է նաեւ վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման եւ սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետեւանքով: Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի: Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձեւ՝ մաշկային, ստամոքսաղիքային, ինհալյացիոն, ներարկումային։ Ըստ առողջապահության նախարարության՝ մեզ մոտ հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձեւն են. սա նախարարի պաշտոնակատարն ասաց կառավարության նախորդ նիստից հետո՝ խոսելով սիբիրյան խոցի վարակի 3 հաստատված դեպքերի մասին։
Այս պահի դրությամբ, դասական իմաստով, կարանտին հայտարարված չէ։ Տեղային պայքարի միջոցառումներ են արվում։ Հիվանդ կենդանիներին ոչնչացրել են, վերջին շրջանում հայտնաբերված սիբիրախտով վարակված բոլոր կենդանիները վառվել են։ Սպանդ՝ մորթ անել չի թույլատրվում։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում եւ խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին. «Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետեւել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաեւ իրենց ստորագրություններով»:
ՊՈԱԿ-ը հայտնում է, որ խոշոր եւ մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում, հունիսի 24-25-ը, ինչպես նաեւ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում՝ հուլիսի 1-ին: