Ստեփանակերտում հրավիրված եռօրյա համաժողովում քննարկելով իրենց գործունեության առաջնահերթություններ՝, Հայաստանի եւ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեկայացուցիչները հանգել են այն եզրակացության, որ գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման եւ ջանքերի համադրման պարագայում «կարելի է շոշափելի հաջողությունների հասնել ոչ միայն տնտեսական հարթակում, այլեւ մտածելակերպի տրանսֆորմացիայում»: Իսկ բանախոսներից շատերի ելույթները հենց այդ խնդրին են առնչվում: Նրանց որոնց կարծիքով՝ «հեռավորությունը, սահմաններն ու կարգավիճակը գրեթե ոչինչ չեն փոխում»: Կիսվելով սեփական փորձով՝ նրանք մասնավորապես բարձրաձայնեցին այն մասին, թե ինչպես են անցել իրենց ճանապարհը եւ հասել «ժամանակին անհնար ու անհասանելի թվացող բարձունքներին»:
Հայաստանյան գործընկերներին ողջունել եւ նրանց առաքելությունը բարձր են գնահատել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Պետական այրերը համոզմունք են հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանի համայնքի առաջատարները համաժողովի մասնակիցներին կհաղորդեն իրենց փորձն ու գիտելիքները, կկիսվեն հաջողված նախաձեռնություններով եւ ծրագրերով: Իսկ հյուրերը հավաստիացրել են, որ միշտ պատրաստ են գործնականորեն աջակցել պատերազմի հետեւանքով տուժած Արցախի տնտեսության վերականգնմանը, համատեղ ուժերով նպաստել երբեմնի զարգացած, առաջատար ճյուղերի տեխնոլոգիաների լիարժեք աշխուժացմանը:
Արտակ Բեգլարյանն իր խոսքում նշեց, թե շատ կարեւոր է, որ տրամադրություն փոխվի Հայաստանում ու Արցախում, եւ համագործակցության ուղիներն ընդլայնվեն: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է կոտրել բոլոր կարծրատիպերն ու արգելանքները, այցելել Արցախ ու սեփական աչքով տեսնել եւ համոզվել, որ երկիրը վերականգնվում, նոր ուժ է ստանում: Վերափոխումների թափանիվը պտտվում է արագ, ճիշտ ուղղությամբ, եւ «պարզապես բավարար կամք, ցանկություն է անհրաժեշտ հայրենաճանաչության ծարավը հագեցնելու համար»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան համայնքի ներկայացուցիչը գտնում է, որ ապրելով հայրենիքում՝ կարելի է հիմնել առանձին կազմակերպություն եւ ակտիվ աշխատել համաշխարհային ընկերությունների հետ: Համահեղինակներից Գեւորգ Պողոսյանը սեփական փորձով է վստահեցնում: Բնակվելով Հայաստանում՝ իրեն եւ գործընկերներից շատերին է հաջողվել «2004 թվականից գրավել միջազգային շուկաներ»: Նրա համոզմամբ՝ «ապրանքներ արտահանելով՝ հնարավոր է նպաստել երկրի տնտեսության առողջացմանը, գումարներ ներգրավել դրսից եւ վստահություն ձեռք բերել»: Տիգրան Շահվերդյանն էլ իր օրինակով պարզաբանեց, թե մասնակցելով Լոս Անջելեսում կազմակերպված մի ծրագրի եւ հայաստանյան հացաբուլկեղենը դուրս բերելով շուկա՝ տարեցտարի ընդլայնում է ապրանքների տեսականին՝ եւ պահանջարկն է մեծանում:
Համաժողովի ավարտին, բնականաբար, արդեն պատրաստ է հարթակի տեսլականը՝ առաջնային գործիքներով: Համայնքների հետ պահպանելով արդյունավետ համագործակցությունը, հնարավոր կլինի հստակ տեղեկություններ փոխանակել եւ ճիշտ որոշում կայացնել: Եվ համաժողովի աշխատանքային խումբը, ամփոփելով միջոցառման ընթացքում արված առաջարկությունները, հստակեցրեց տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացման ուղղությունները՝ դրա համար ձեւավորելով համապատասխան հարթակ:
Ստեփանակերտում կազմակերպված համաժողովի շրջանակներում, շնորհիվ հայաստանյան գործընկերների ձեռնարկման, Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շարքն ավելացավ եւս մեկով: Հերթականը բացվեց Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտները կտիրապետեն ծրագրավորման եւ ռոբոտաշինության նրբություններին: Ասել է թե, «երեխաների տեխնիկական միտքը լիարժեք կզարգանա ինժեներական լաբորատորիայում», այստեղ նրանք կստանան անհրաժեշտ գիտելիքներ, իրենց իմացությամբ վառ կպահեն 44-օրյա պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը:
Ուշագրավ է, որ համաժողովի ընթացքում տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում էին համապատասխան աշխատանք, զբաղմունք՝ առանց սահմանափակումների: Այդ նպատակով ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Արդյունավետ կառավարում» հիմնադրամի միջեւ ստորագրվել է փոխգործակցության հուշագիր, որի նպատակն է Արցախում ձեւավորել միջազգային տեխնոլոգիաներին համահունչ աշխատուժ, այն օգտագործել ի շահ պետության: Ըստ Հայկ Խանումյանի՝ առաջին փուլում այս ճանապարհով կհայտնաբերվեն ծրագրի մասնակիցները, ովքեր կընդգրկվեն Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների համաշխատանքային տարածքներում: «Երկրորդ փուլում կներդրվեն կրթական բաղադրիչները», գործատուները կմասնակցեն ընտրված խմբերի վերապատրաստմանը: Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն կտա լուծել զբաղվածության խնդիրը եւ հայտնի ընկերությունների միջոցով Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին: