Կառավարության 2020 թ. մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» որոշումում երեկ փոփոխություններ ու լրացումներ արվեցին, նաեւ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը»։
Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ծրագրի առաջնային նպատակը ՀՀ-ում ներդրումների աճը խթանելն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում՝ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ ֆոնդի մասնաբաժինների ձեռքբերման եղանակով՝ յուրաքանչյուր անգամ մինչեւ 1-ական մլն դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի մասնաբաժինների ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերումը տեղի կունենա կառավարության որոշման հիմամբ՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:
ֆոնդն ուղղակի ներդրումներ կկատարի Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման եւ կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ֆոնդի սահմանափակ գործընկեր դառնալու մասին պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարի եւ ֆոնդի ընդհանուր գործընկերոջ (հանդես է գալիս որպես ֆոնդի կառավարիչ) միջեւ, որում կնախատեսվեն հետեւյալ պայմանները. օրինակ՝ 1. ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը՝ ֆոնդի մասնաբաժինների առաջին տեղաբաշխման պահից հաշված 12 տարի, ընդ որում, առաջին 6 տարին ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված է, իսկ դրան հաջորդող 6 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) եւ պետության մասնաբաժինների մարման ժամանակահատված։ 2. Ֆոնդում ներդրման ծավալները 3 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ կլինեն։ 3. Ֆոնդի սպասվող եկամտաբերությունը 8 տոկոս է։ 4. Ընդհանուր գործընկերոջ վարաձատրությունը բաղկացած է լինելու երկու տարրից՝ կառավարման վճար՝ ոչ ավելի, քան պետության մասնակցության 2 տոկոսը, լրացուցիչ վճար՝ եկամտի շեմային դրույքաչափից բարձր մասի 20 տոկոսը։
Կառավարությունը երեկ հաստատված որոշման անհրաժեշտության հետեւյալ պարզաբանումն է տալիս։ Ըստ Ա. Ավանեսյանի՝ ներկայումս Հայաստանում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը եւ բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները եւն: Հատկանշական է, որ բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն էլ ավելի ակնհայտ են դարձել 2020 թ. կորոնավիրուսի ազդեցության եւ դեռեւս շարունակվող պայմաններում։ Ուստի էլ ավելի կարեւոր է դառնում բիզնեսի ֆինանսավորման ավանդական միջոցներից բացի նաեւ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների ընձեռած հնարավորությունների օգտագործումը՝ համավարակի ազդեցությունը մեղմելու եւ ներդրումներ ներգրավելու միջոցով տնտեսության երկարաժամկետ զարգացումն ապահովելու նպատակով։ Առավել զարգացած տնտեսություններում բիզնեսի ֆինանսավորման մեջ ակտիվ դերակատարություն ունեն բաժնեմասային մասնակցության կազմակերպությունները՝ վենչուրային ֆոնդերը (հիմնականում նորաստեղծ ընկերությունների պարագայում) եւ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամները (հիմնականում առավել հասուն, բայց դեռևս արագ աճի շրջանում գտնվող ընկերությունների պարագայում):
Հայաստանում գործող նմանատիպ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող վերոհիշյալ ֆոնդը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թ. հունվարից։ Ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ։ Ֆոնդը երկարաժամկետ ներդրող է՝ մինչեւ 10 տարի ժամանակահատվածով, ինչը հնարավորություն է ընձեռում ներդրման արդյունքում իրականացնելու կայուն եւ տեւական բարեփոխումներ։
Ա. Ավանեսյանը հավելեց նաեւ, որ ներկա պահին Հոլանդական զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է ներդրում իրականացնել ֆոնդում 7 միլիոն դոլարի չափով՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչեւ այս տարվա հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն դոլար (այս պահին 31 միլիոն դոլար է): «ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն դոլար չափով ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաեւ կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավելուն»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Հարց է ծագում՝ բայց չէ՞ որ խոսվում էր կառավարության կողմից 3 մլն դոլարի ներդրման մասին։ Իսկ մյուս 4 միլիո՞նը ինչպես է ներդրվելու։ Բանախոսի խոսքերով՝ 4 մլն-ի նպատակով նախատեսվում է կնքել ֆոնդի սահմանափակ գործընկեր դառնալու մասին պայմանագիր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարչի» եւ ֆոնդի ընդհանուր գործընկերոջ (հանդես է գալիս որպես ֆոնդի կառավարիչ) միջեւ, պայմանով, որ կպահպանվեն «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված ներդրումային պայմանագրի, ինչպեսեւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններով նախատեսված պայմանները: