Հայ-ադրբեջանական սահմանին օրեցօր մեծացող լարվածությունը եւ միջադեպերի թվի աճն առաջին հարթակ են մղում երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի առաջնայնությունը: Թերեւս, այդ նպատակն է հետապնդում Ադրբեջանը՝ այս պահի դրությամբ նախնական գծանշված հայկական սահմանները խախտելու իր գործողություններով:
Այստեղ առաջնային հարց է դառնում, թե սահմանազատման որ քարտեզները եւ մեթոդներն են օգտագործվելու այդ գործընթացում: Ներկայիս՝ GPS-ով արված տարանջատումը միանշանակ հեռու է ճշգրիտ լինելուց, եւ դրա պատճառը ոչ միայն այս մեթոդի կիրառումն է, այլեւ նույնիսկ նույն մեթոդում հաշվարկման մեխանիզմների ընտրության խնդիր կա:
Թերեւս, ամենաճշգրիտ քարտեզները Խորհրդային Միության ներքին միջհանրապետական քարտեզներն են, որոնք կարող են հիմք դառնալ սահմանազատման համար: Այս դեպքում էլ հարց է առաջանում, թե որ ժամանակահատվածի քարտեզներն են դրա համար հիմք ընդունվելու, քանի որ էական տարբերություն կա նախորդ դարի 20-ականների եւ 80-ականների քարտեզների միջեւ:
Սահմանազատումը եւ սահմանագծումն իրավական գործընթացներ են, հետեւաբար, այն մեկնարկելու համար կարեւոր է խնդրի իրավական կողմի ապահովումը, իսկ վերջինս աղետալի վիճակի կարող է հասցնել պաշտոնական Բաքվին: Բանն այն է, որ ըստ գործող իրավական հիմքերի՝ Ադրբեջանը չունի որեւէ սահման: Ներկայիս Ադրբեջանն իր անկախությունը հռչակելիս հայտարարել էր, որ չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլ մինչեւ 2020 թ. երկու տարի գոյատեւած մուսաֆաթական Ադրբեջանն է ներկայացնում: Հռչակագրով Բաքուն, չի ճանաչում խորհրդային սահմանները, այլ ընդունում է մինչ այդ եղած սահմանները, բայց մուսաֆաթական Ադրբեջանին Ազգերի լիգան (ՄԱԿ-ի իրավանախորդը) նախորդ դարի սկզբին միայն դե ֆակտո՝ առանց սահմանների էր ճանաչել: Ստացվում է, որ այսօր Ադրբեջանը իրավական ուժով սահմաններ էլ չունի:
Եթե իր գործելաոճին հավատարիմ Ադրբեջանն այս անգամ էլ հրաժարվի իր անկախության հռչակագրից եւ ընդունի Խորհրդային Միության ներքին սահմանները, ապա դրա համար էլ են պետք հիմքեր: Միակ հիմքերը կարող են պահպանված լինել ՌԴ-ի պետական արխիվներում՝ քարտեզների տեսքով: Ամենայն հավանականությամբ, դա նկատի ուներ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նախորդ օրը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվական աջակցություն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի դելիմիտացիայի հարցով աշխատանքների սկսմանը՝ հետագայում դրա դեմարկացիայով երկու երկրների միջեւ հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, եւ ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,- հայտնել էր Զախարովան: Նրա խոսքքրով՝ Ռուսաստանը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի օրինական գրանցման բացակայության հետեւանք է:
Նկատենք, որ ՌԴ-ն եւ Ադրբեջանը նույնպես դեռ չեն ավարտել իրենց ընդհանուր սահմանի դեմարկացիայի հարցերի լուծումը: Երեկ Բաքվում ավարտվեց ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցում խնդիրները շատ են, բնականաբար, քննարկվելիք հարցերն էլ են ծավալուն եւ բազմաբովանդակ: Մասնավորապես՝ սահմանի Տավուշի հատվածում 90-ականների կոնֆլիկտի հետեւանքով ձեւավորված է բնագիծ, որն առավելագույնս է բավարարում կողմերի անվտանգության պահանջներին, եւ որին արդեն ընտելացել են երկու երկրում էլ: Եթե Ադրբեջանը փորձի բարձրացնել այնտեղի խորհրդային անկլավների հարցը, ապա ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել Արծվաշենը, որի տարածքը գերազանցում է ադրբեջանական բոլոր անկլավների հանրագումարը:
Այսօր մի բան հստակ է՝ սահմանազատման բանակցությունները սկսելու համար ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն գոնե նախնական GPS համակարգով նախանշված սահմաններ՝ մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը: