ԵՄ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունն Անդրկովկասում: Երկուշաբթի օրը ԵՄ խորհրդի արտաքին հարցերով նիստում ներկայացվել են Լիտվայի, Ավստրիայի եւ Ռումինիայի արտգործնախարարների Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցի արդյունքները: ԵՄ հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին փոխանցել էին տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում ակտիվ դերակատարության ԵՄ հանձնառությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ալիեւի ցուցաբերած կոշտ ընդունելությունից, եվրոպական այդ կառույցի անգործության եւ հակամարտությունը կարգավորելու անկարողության մեջ վերջինիս մեղադրանքների ֆոնին իր ակտիվության մասին է հայտարարում ԵՄ-ն: Չնայած այս դեպքում էլ պաշտոնական Բաքուն կրկնել է իր հին երգը արցախյան խնդրի կարգավորված լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հայտարարությունների ենթատեքստում կարմիր գծի պես ընդգծվում է արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության դրույթը:
ԵՄ-ի հետ երկխոսության մեջ Ադրբեջանն անհամեմատ ավելի մեղմ է, քանի որ օժանդակության ակնկալիքներ ունի: Անդրկովկասյան երեք երկրները ԵՄ Արեւելյան գործընկերության անդամներ են, որի խողովակներով մի շարք ֆինանսական, տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրվում: 44-օրյա պատերազմից հետո կրած ահռելի վնասները վերականգնելու նպատակով Ադրբեջանին միշտ էլ արտաքին օգնությունն անհրաժեշտ է լինելու, ինչից չի կարողանա հրաժարվել: ԵՄ-ն էլ, իր հերթին, ունեցած լծակներն օգտագործելու է Ադրբեջանին իրատեսական եւ կառուցողական դաշտ բերելու համար:
Դիտարկելով վերջին զարգացումները՝ ակնհայտ է դառնում, որ ԵՄ-ն մեծացնում է իր ազդեցությունը եւ աշխատեցնում ճնշման գործիքները: Որպես ճնշման միջոց կիրառվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ դեպի Շուշի կազմակերպված դիվանագիտական այցին բոյկոտը: Սա օրինաչափ է, քանզի այս խոշոր եվրոպական միությունը մտադիր չէ կանգնեցնել իր հիմնական քաղաքական գիծը միայն այն պատճառով, որ Ադրբեջանը էյֆորիայի մեջ է 44-օրյա պատերազմից հետո եւ չի ցանկանում իջնել իրատեսական հարաբերությունների դաշտ: Իսկ սա նշանակում է անորոշ ու անկայուն վիճակ հին աշխարհամասի կարեւորագույն ծրագրերից մեկի՝ Եվրոպական հարեւանության մեկ ընդհանուր տարածաշրջան դիտարկվող անդրկովկասյան երեք երկրում: Եվրոպացուն դժվար կլինի ապացուցել, որ խաղաղապահների միջոցով հրադադարի ռեժիմը պահպանվող տարածաշրջանում խնդիր չունի, եւ էթնիկ հիմքի վրա ծագած հակամարտությունը հնարավոր է եղել կարգավորել պատերազմի միջոցով:
Սպասվում է, որ առաջիկայում Ադրբեջանի հանդեպ բլիթի եւ մտրակի քաղաքականության կիրառումը կտա ակնկալվող արդյունքները, եւ Ադրբեջանը կվերադառնա քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ, քանզի բանակցությունների բացակայությունն էլ ավելի կխորացնի հակամարտությունը: Առանց արցախյան հակամարտության պատճառ դարցած հիմնարար հարցերի քննարկման, հնարավոր չէ տարածաշրջանում փոխվստահության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորել: Հետեւաբար, եթե Ադրբեջանը տարածաշրջանում որեւէ տեղաշարժ է ակնկալում, ապա պետք է հրաժարվի իր ապակառուցողական կեցվածքից եւ իրավիճակը սթափ գնահատի: