Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրիոգեն կայանի նոր սարքավորումները շուտով կլինեն Հայաստանում: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ. Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշել է, որ սարքավորումները ստանալուն պես կշահագործվեն:
«Ինչպես գիտեք, մեր ինստիտուտն արտադրում էր թթվածին իր հնարավորությունների չափով: Նախորդ տարի ինչ-որ մի պահ Երեւանի հիվանդանոցների թթվածինն ապահովում էինք 95 տոկոսով: Վտանգն այն էր, որ կենտրոնը 65 տարվա է, ամեն երկու շաբաթը մեկ խափանվում էր: ԱՄՆ-ի սփյուռքահայ բժիշկների, կազմակերպությունների աջակցությամբ արդիականացնում ենք կրիոգեն կայանը: Վստահ լինենք, որ այն եւս 50 տարի կգործի ամբողջ հզորությամբ»,- ասել է Անի Ապրահամյանը:
Ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը նշել է, որ օգոստոսի 13-ին արդեն արդիականացված կայանը կգործարկվի: Այն, Երեւանից, բացի թթվածնով կապահովի նաեւ Հայաստանի այլ հիվանդանոցները. «Ինչպես գիտեք, պատերազմի ժամանակ մենք պետք է գնայինք ու Վրաստանից բերեինք ջրային թթվածին: Այս արդիականացված կրիոգեն կայանով մենք կկարողանանք տեղում թթվածնի հետ կապված բոլոր պահանջներն ապահովել: Ի դեպ, այս նորացված կայանի արտադրած թթվածնի որակը շատ ավելի բարձր է: Այն կարող ենք գիտության համար եւս օգտագործել»:
Լաբորատորիան իր աշխատանքներում ներգրավում է նաեւ սփյուռքահայ գիտնականներին. «Պատերազմից հետո սփյուռքահայերը ոտքի են կանգնել եւ պատրաստակամություն են հայտնում իրենց ներդրումն ունենալ գիտության ոլորտում: Հասկանում են, որ Հայաստանի ապագան կապված է գիտության հետ: Մենք կարող ենք գիտությունն ուժեղացնել, եւ սփյուռքը պատրաստ է ամեն ձեւով խրախուսել մեր ուսանողներին: Առաջիկա ուրբաթ օրը 12 սփյուռքահայ ֆիզիկոսներ կլինեն Հայաստանում, կաշխատեն տեղում: Հույս ունենք, որ այդ մասնագետների թիվը կմեծանա, առաջիկայում նոր խմբեր կունենանք: Ուսանողների համար պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ նրանք զբաղվեն միայն գիտությամբ, կենտրոնանան գիտության վրա: Մենք հիմա մտածում ենք Հայաստանը կապել գիտությունը ֆինանսավորող ամերիկյան կազմակերպությունների հետ»:
Անի Ապրահամյանի խոսքերով՝ Հայաստանում թե աշակերտների, թե ուսանողների շրջանում նկատվում է մեծ հետաքրքրություն գիտության նկատմամբ: Ազգային գիտական լաբորատորիայի հետ աշխատելու ցանկություն են հայտնել նաեւ ուսանողներ ԱՄՆ-ից: Դիմողներ կան, եւ 4 հոգի արդեն ընտրվել են: Առաջիկայում թե՛ Հայաստանից, թե՛ դրսից ուսանողներ ներգրավելու գործն ընդլայնելու նպատակ կա:
Անի Ապրահամյանը տեղեկացրել է, որ գիտական հարթությունում կազմել են համագործակցության նոր պայմանագրեր: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում կա նոր խոշոր ծրագիր, որը կոչվում է «Electron-Ion Collider», որին Հայաստանի գիտնականները եւս մասնակցում են. «Մինչ սա մեր ինստիտուտի գիտնականներն արդեն մասնակցում էին ԱՄՆ-ի Ջեֆերսոնի լաբորատորիայի աշխատանքներին: Հիմա այս նոր ծրագրում մենք մասնակցության այլ մակարդակ ենք դնում: Պատրաստվում ենք լինել առաջնորդող, առաջ քաշել խնդիրների լուծումներ, վերցնել պատվերներ: Աշխարհում պայմանները շատ արագ փոխվում են, եւ պետք է մեր կապերն օգտագործենք զարգացում ապահովելու համար»:
Ազգային գիտական լաբորատորիայի կարեւոր նախաձեռնություններից է միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ» հիմնելը: 1 000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, եւ այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայում հնարավոր չէ: