Հայաստանը կոմպակտ միջանցք կստանա Վրաստանի տարածքով Ռուսաստան իր բեռների փոխադրման համար։
Սակայն կա մի հանգամանք՝ Թբիլիսին պետք է ավարտի նախկինում սկսված և դեռևս չավարտված խոշոր տրանսպորտային նախագծերը:
Ռուսթավի-Ալգեթի ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ավարտը մինչև Հայաստանի սահման կկապի Երևանը E60 միջազգային արագընթաց մայրուղու հետ և թույլ կտա հայկական ապրանքներին ավելի արագ հասնել Ռուսաստան: Նման կարծիք է հայտնել Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին, civilnet-ի փոխանցմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա գնահատմամբ՝ դա Երևանին թույլ կտա անուղղակիորեն դառնալ եվրոպական նախագծի՝ Արևելք-Արևմուտք միջազգային ավտոմայրուղու (e 60) մի մասը և կոմպակտ միջանցք ստանալ Վրաստանի տարածքով:
Ավելի վաղ այդ ծրագրի իրականացման կարևորության մասին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար հայտարարել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Նրա խոսքով՝ Սադախլոյի ուղղությամբ Ռուսթավի-Ալգեթի ճանապարհի կառուցման նախագիծը բեկումնային կդառնա ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար:
Դարի նախագիծ
Արևելք-Արևմուտք ավտոմայրուղին կամ E-60 եվրոպական տարանցիկ ճանապարհը շատ հաճախ կոչվում է դարի նախագիծ: Մեծությամբ այն եվրոպական երկրորդ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Բրեստում (Ֆրանսիա) և ավարտվում է Իրքեշթամում (Ղրղզստան): Վրաստանում e-60-ը սկիզբ է առնում Ադրբեջանի հետ սահմանին և ավարտվում է Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտ:
Վրաստանի տարածքում միջանցքի երկարությունը 392 կմ է, իսկ նրա «ճյուղերից» մեկը տանում է դեպի Հայաստանի հետ սահման։
Նախագծի իրականացման ժամկետները Վրաստանում երկու անգամ հետաձգվել են տարբեր պատճառներով։ Նրանցից մեկը դարձել է կորոնավիրուսի համաճարակը։ Հուլիսի սկզբին Թբիլիսին Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 106,7 մլն եվրոյի չափով վարկ է ստացել դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ ճանապարհների կառուցման համար:
Ներկա ճանապարհների տեղում նախատեսվում է ստեղծել ժամանակակից և անվտանգ մայրուղի, որով կիրականացվեն բեռնատար և ուղևորափոխադրումներ։ Արդիականացման արդյունքում կբարձրանա երթևեկության անվտանգությունը, կնվազեն տրանսպորտային միջոցների ուղեվարձի և սպասարկման ծախսերը։
Միջանցք դեպի Մոսկվա
Ցագարեիշվիլիի կարծիքով՝ այդ ճանապարհը նախատեսված է նաև Վրաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստանի և Եվրոպայի ուղղությամբ բեռների մեծ հոսքի համար:
Նա պարզաբանել է, որ նախագիծը Վրաստանի տարածքում կառուցվող, այսպես կոչված, կոմպակտ միջանցքի մի մասն է դեպի Ռուսաստան՝ Հայաստանի համար: Այն ներառում է երեք լոկացիա՝ Ալգեթի–Սադախլո-Ռուսթավի ճանապարհ, Թբիլիսին շրջանցող 45-կիլոմետրանոց մայրուղի և 9-կիլոմետրանոց թունել, որն անցնում է Վերին Լարս անցակետի տակով:
Ցագարեիշվիլին պարզաբանել է, որ այդ բոլոր ծրագրերը սկզբնական փուլում են։ Դրանց ավարտից հետո հայկական բեռնատարներն ավելի արագ կհասնեն Ռուսաստան, և այդ երթուղին ավելի էժան կլինի։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի տարածքում ճանապարհների արդիականացման կարևորությանը։ Փորձագետը կարծում է, որ առանց Երևանի մասնակցության՝ Վրաստանում նախագծերը լիարժեք չեն լինելու։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանը վատթարացրել են վերջին տարիներին ճանապարհների որակի ցուցանիշները։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Վրաստանը 2012-ին 56-րդ տեղից իջել է 81-րդ հորիզոնական, իսկ Հայաստանը 80-ից՝ 91-րդ տեղը:
Բացի այդ, հայկական բեռնատարարը մայրուղիներին յուրաքանչյուր 100 կմ-ի համար ստիպված է լինում ծախսել մինչև 50 լիտր վառելիք, ինչը նորմայից բարձր է գրեթե կրկնակի: Նա նշել է, որ դա նվազեցնում է Հայաստանի տարածքով ապրանքների տեղափոխման գրավչությունը։
Ներկայում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով։