Ադրբեջանի զինված ուժերն Արցախի շփման գծում հերթական անգամ խախտել են հրադադարը։ Այս անգամ կրակոցներ են արձակվել Շուշիում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանցիները դադարեցրել են կրակոցները միայն այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանության բանակը պատասխան միջոցներ է ձեռնարկել։
Արձանագրենք, որ հրադադարի խախտումն արվում է ՌԴ խաղաղապահ ուժերի դիտակետերի առկայության պայմաններում։ Այստեղ պետք է նկատենք, որ այս քայլն ուղղակիորեն ազդում է եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի վրա։ Շատ կարեւոր է, որ հայկական կողմը հետեւողականություն ցուցաբերի եւ ադրբեջանական կողմից պարզաբանումներ պահանջի։ Այդ հարցում առաջնային քայլեր պետք է անի տարածաշրջանում հրադադարի պահպանման առաքելություն ստանձնած ՌԴ-ն, քանի որ միջադեպն առաջին հերթին ուղղված է խաղաղապահ առաքելության դեմ։
Այն, որ հրադադարը խախտվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ, մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր երեւույթի մասին է խոսում։ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կրակոցները եղել են անկանոն եւ հիմնականում ուղղված են եղել դեպի երկինք։ Ռազմական գործին տիրապետող ցանկացած անհատ լավ գիտի, որ դժվար է հստակ որոշել, թե կրակոցները իրո՞ք դեպի երկինք են ուղղված եղել, թե՞ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ։ Միջադեպն ունի մեկ այլ՝ առավել վտանգավոր նպատակ եւ հետեւանք։ Հրադադարի նման խախտումներով Ադրբեջանը, ըստ էության, վախի մթնոլորտ է ցանկանում սերմանել տեղի խաղաղ բնակիչների շրջանում։
Նման միջոցներով Ադրբեջանին դժվար հաջողվի վախեցնել Արցախի բնակչությանը, առավել եւս պաշտպանության բանակի զինծառայողներին, սակայն երեւույթն ինքը լուրջ դիտարկման եւ հետեւությունների առիթ է տալիս։ Եթե սրան գումարենք նաեւ այն փաստը, որ Արցախից ահազանգեր են հնչում, թե ստեփանակերտցիներն ինչ-որ մարդկանցից զանգեր են ստանում իրենց բնակարաններն ադրբեջանցիներին վաճառելու առաջարկով, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Ակնհայտ է, որ այս գործողությունները պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության դրսեւորում են։ Դա առաջին հերթին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հեռու է Արցախի ժողովրդի կողքին խաղաղ ապրելու ցանկությունից։ Բաքուն շարունակում է ագրեսիան Արցախի բնակիչների դեմ, այս անգամ պարզապես միջոցներն են մի փոքր այլ։ Այս իրողությունն ուղղակի հակադրվում է եռակողմ հայտարարության դրույթներին եւ փաստում է, որ խաղաղությամբ եւ հարեւանությամբ ապրելու Ադրբեջանի բարձրագույն իշխանության կոչերն իրականում չեն համընկնում Բաքվի իրական գործողությունների հետ։ Այս գործելաոճով Ադրբեջանը հետաձգում է տարածաշրջանում համագործակցության եւ հաղորդակցության միջոցների վերականգնման գործընթացը։
Միջնորդական առաքելություն ստանձնած ՌԴ-ն այդ առաքելության շրջանակներում պետք է որ շահագրգռված լինի նման միջադեպերը կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում վտանգվելու է տարածաշրջանի անվտանգությունը, իսկ համագործակցության մասին խոսելն ավելորդ է դառնում։