ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, եւ այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Բարձր գնահատելով Չինաստանի նվաճումները բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, ռազմարդյունաբերության ոլորտներում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ:
«Առանձնակի կարեւորելով կրթական բաղադրիչը՝ Չոբանյանն առաջարկել է դեսպանին դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ չինաստանյան համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական եւ տնտեսական գոտիների ներքին եւ արտաքին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը հրավիրել է դեսպանին եւ չինական ընկերություններին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար եւ նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-չինական համագործակցության կարեւորության մասին խոսել է նաեւ ՀՀ վարչապետի եւ փոխվարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել կրթական հաստատություններից զատ նպաստելու նաեւ չինական ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանը։
ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիայի եւ այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառությանն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման հնարավորություններին։