Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ, մեծ հայրենասեր Նորատ Տեր-Գրիգորյանցը ծնվել է 1936 թ. հուլիսի 16-ին, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: Այդտեղ էր իր ընտանիքը վերաբնակվել 1920-ականներին` մազապուրծ փախչելով Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածից: Ծնողները Էրզրումից ու Կարսից էին: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, եւ մինչ այժմ իր կյանքը կապված է ռազմական գործի հետ: Ավարտել է Ուլյանովսկի տանկային ուսումնարանը (1960 թ.), անցել «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացներ (1968 թ.), ուսանել ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիաներում (1980 թ.):
1976-78 թթ. Տեր-Գրիգորյանցը Հունգարիայում խորհրդային ռազմական խմբավորման 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարն էր, իսկ 1980-ին` Թուրքմենստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալը: Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ռազմական գործիչը ծառայել է Աֆղանստանում` որպես խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ: Պարգեւատրվել է Լենինի շքանշանով: Աֆղանստանից ԽՍՀՄ վերադարձած մեր հայրենակիցը, ստանալով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, նշանակվել է խորհրդային ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ պաշտոնով ավարտվեց խորհրդային բանակում հմուտ զինվորականի կարիերան:
Նորատ Տեր-Գրիգորյանցին ապագայում ավելի կարեւոր առաքելության իրականացում էր սպասվում. ցանկանալով ծառայել իր հայրենիքին՝ 1992-ին ընդունել է Հայաստանի իշխանությունների հրավերը` ձեռքն առնելու Հայկական բանակի հրամանատարությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի էր սրվել: Մեկ տարի անց Տեր-Գրիգորյանցն ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը:
Հմուտ զինվորականն իր անգնահատելի դերակատարումն է ունեցել Հայկական բանակի կազմավորման, Արցախյան պատերազմի ընթացքում պաշտպանական բանակի հաջողությունների մեջ: Մինչ այդ Սյունիքի Գորիս քաղաքում մշակել է Հայաստանի ռազմական դոկտրինան, որն էլ հիմնասյունն է եղել պաշտպանական բանակի առանցքային հաջողությունների: Նրա համոզմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իրական դաշնակից` Հայոց բանակը: Վստահեցնում եմ` մեր բանակն ի զորու է ոչ միայն պահելու առկա սահմանները, այլեւ հարկ եղած դեպքում ընդարձակելու դրանք»…
Նորատ Տեր-Գրիգորյանցն արժանացել է նաեւ Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշանների, «Սբ Վարդան Մամիկոնյան» մեդալի եւ այլ պարգեւների: