ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին եւ հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի:
Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսման ազդեցությամբ եւ հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը:
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաեւ հարց էր ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Պետքարտուղարությունը չի մեկնաբանել նաեւ Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: