Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը և մի խումբ արվեստագետներ դեմ են Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման նախագծին՝ այն որակելով անհեթեթ և աղետալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախագծի շուրջ ստեղծված «աղմուկի» պատմությունը:
«Հուլիսի 3-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյան հայտնեց մեզ, որ նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, որը հայտնել էր հետևյալը. միտում կա Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ: Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացները իրականացնելու համարմ առավել քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Հիմա ամբողջ «աղմուկն» այդ ամենի շուրջ է: Ըստ փոխնախարարի` բարելավվում են մեր պայմանները (սրանք չապացուցված խոսքեր են), կունենանք երգչախումբ, պարային և երաժշտական խումբ, բացի այդ կունենանք շատ լավ պայմաններ և կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ և ակտիվ»,- ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ փոխնախարարի խոսքերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը:
Սամսոն Ստեփանյանի կարծիքով` իրականությունը շատ պարզ է. նախարարությունը ուզում է ազատել շենքը, որ հետո այն տրամադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նրա խոսքով՝ դա նույնպես խնդրահարույց է, որովհետև տեխնիկապես տարածքը չի համապատասխանում նվագախմբի պահանջներին:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ նամակ են հանձնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Առայժմ նա պատասխան չի կարող տալ, որովհետև նամակը պետք է ունենա իր բնական գործընթացը: Մեզ խոստացան, որ կլինի գրավոր պատասխան»,- հավելեց Ստեփանյանը:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը նաև կանխագուշակեց, թե ինչ կլինի, եթե Երևանի երկու թատրոնները միավորվեն.
«Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, և այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին՝ 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ»,- ընդգծեց Ստեփանյանը:
Դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը անհասկանալի է համարում Պետական կամերային երաժշտական թատրոնի կազմալուծման փորձերը և հետևյալ հարցն է ուղղում նախագիծը շրջանառողներին. եթե դեմ է Պետական կամերային երաժշտական թատրոնը, դեմ է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և նաև որոշակիորեն դեմ է Սիմֆոնիկ նվագախումբը, ապա բռնի ուժո՞վ են իրագործելու այդ ծրագիրը:
«Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով և իր հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ ուրիշ կայացած օրգանիզմի մեջ՝ վերջինիս կոլապսի մեջ գցելով, որի նպատակը մի երրորդ կոլեկտիվի տարածք տրամադրելն է, որը հաստատ չի տեղավորվելու այդ տարածքում: Այսինքն` այդ մարդկանց ճակատագրերի հետ էլ են խաղալու: Ստացվելու է շատ ծիծաղելի իրավիճակ»,- ընդգծեց Մնացականյանը:
Դերասան Սմբատ Ստեփանյանը, ով վերջին թատերաշրջանում աշխատել է Պետական կամերային երաժշտական թատրոնում, ասաց, որ թատրոնի կողմից բեմադրված «Փրկության հրեշտակ» ներկայացման ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է եղել:
«Այս հրաշալի թատրոնի ամբողջ սպասարկող կազմը, դերասանական կազմը ինձ աջակցություն են ցուցաբերել: Ես պրոֆեսիոնալ աշխատանքի ականատես եմ եղել: Հրաշալի մի ստեղծագործական խումբ է այստեղ հավաքված: Չի կարելի նման բան անել»,- ընդգծեց Սմբատյանը:
Ասուլիսի ընթացքում նաև կարծիքներ հնչեցին, որ թատրոնների միավորման նպատակը ոչ թե Սիմֆոնիկ նվագախմբին տարածք տրամադրելն է, այլ կա ռեստորան բացելու «թաքնված նպատակ»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի hետ: Չի բացառվում, որ միավորման դեպքում Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ էր շեշտել, որ թատերական միավոր կորցնելը մեծ սխալ է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:
Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Արա Խզմալյանը նշել էր, որ մշակման փուլում գտնվող նախագծի ընդունման դեպքում հնարավոր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում: