Վերջերս Սարդարապատում մի խումբ նախկին ազատամարտիկներ որոշում են կայացրել ստեղծել «Հայքյան» ռազմամարզական ասոցիացիա, որի նպատակն է միավորել հանրապետության տարածքում գործող ռազմամարզական դպրոցների, հասարակական կազմակերպությունների աշխատանքը։ Արցախյան վերջին պատերազմն ստիպել է նոր հայեցակարգ ընդունել։
Հուլիսի 10-ից «Հայքյան» ասոցիացիան եւ «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանը Սեւանա լճի ափին ձեւավորել էին ռազմամարզական ճամբար-բանակում, որին մասնակից եղան մոտ 40 պատանիներ՝ ՀՀ տարբեր մարզերից եւ Արցախից։ Այդ օրերին պատանիները, նաեւ՝ աղջիկներ, սովորեցին ռազմական մի շարք կարեւոր գործողություններ։ Նրանց հետ աշխատում էին արհեստավարժ հրահանգիչներ, նախկին զինվորականներ, երիտասարդ մասնագետներ։ Ճամբարի փակման օրը ներկա եղանք պատանիների մարզումներին։ Կատարվեցին մարտավարական-ֆիզիկական վարժանքներ. քողարկված տեղաշարժ մարտի դաշտում, հրաձգության կայուն դրությունների ընդունում, սեկտորների փոխում տարբեր հարթություններում։ Ընթացքում մեկը մյուսին փոխարինում են մարտական խմբերը, եւ բոլորն էլ ցուցաբերում են բավարար գիտելիքներ ու կարողություններ։
Զրուցեցինք ճամբարի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ, Երեւանի համար 50 հիմնական դպրոցի զինղեկ Իվան Պողոսյանի հետ։ Ասաց՝ մի խումբ զինղեկներ, ելնելով արցախյան վերջին պատերազմի ելքից, ՆԶՊ առարկայի համար նոր հայեցակարգ են մշակել եւ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որ այն ընդունվի, եւ այս առարկայի համար ծրագրային փոփոխություններ կատարվեն։ Կարեւորեց այն, որ դպրոցում պետք է արդեն կրթել հայ զինվորին։ Ուստի շատ է կարեւորում նաեւ նման ճամբար-բանակումների անցկացումը։ Այս օրերին պատանիները սովորել էին կառավարել հետախուզական դրոններ, անցել հատուկ մարտավարական-ֆիզիկական վարժանքներ, սրընթաց մարտ վարել բաց տեղանքում՝ կրակոց-գլորումով տեղաշարժ-կրակոցով։ Իհարկե դժվար է սովորելը, բայց այսօր, քան երբեւէ, պարտավոր ենք մեր պատանիներին ուսուցանել ռազմական արվեստը։ Եվ այդ օրերի ընթացքում ճամբարականները բավականին հմտացել էին ռազմական գործում։ Պատերազմի ընթացքում, եւ առհասարակ, շատ է կարեւորվում նաեւ սակրավորական գործը, եւ ընթացքում պատանիները հմտացել են նաեւ «Ինժեներասակրավորային պատրաստություն»-ում՝ սովորել էին տեղադրել ПМН-2 տիպի հակահետեւակային ականներ։
Մարզվելով «Գիշերային դետք-ճամբարային պահակախմբի գործողություններ» վարժությունում՝ պատանիները հմտորեն կարողանում են «մթությունը լսել» մի քանի սխեմաներով, անշշուկ տեղաշարժվել, կազմակերպել գիշերային դարան, օգտագործել գիշերային դիտարկման սարքեր։ «Այս մարզումը նաեւ հոգեբանական պատրաստության հզոր գործոն է»,- ասում է ճամբարի պետը։
Ճամբարի կազմակերպիչ Արա Պողոսյանի խոսքով՝ նման ճամբարները նպաստում են երեխաների ռազմահայրենասիրական եւ մարտական պատրաստությանը։ Սա նաեւ կօգնի նոր սերնդին՝ ինչպես աշխատել ձեւավորված կամավորական ջոկատներում։ Ճամբարի թիկունքի պատասխանատու Արամ Մխիթարյանը նշեց՝ 8-րդ օրն է, ինչ գործում է ճամբարը, եւ այս օրերի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից, Արցախից եկած մեր երեխաները հարազատացել են, ընկերացել, միմյանց հետ փոխանակել իրենց փորձը։ Կարեւորեց այն, որ բոլոր մարզումներն ու վարժանքները, որքան էլ դժվար լինեն ու անկանխատեսելի, երեխաները սիրով են կատարում։ Արձակուրդի օրերին ՀՀ ՊՆ լեյտենանտ Վադիմ Լյավինը նույնպես մասնակցում էր ճամբարի աշխատանքներին եւ իր փորձն էր հաղորդում մատաղ սերնդին։ Ճամբարի փակման օրը Սեւանի ափ էին եկել նաեւ Արցախյան գոյամարտի մասնակից հրամանատարներ Արկադի Կարապետյանը եւ Մանվել Եղիազարյանը՝ «Արաբո»-ի Մանվելը։ Նրանք բարձր գնահատեցին ճամբարի աշխատանքները։ Մ. Եղիազարյանի կարծիքով՝ մենք պետք է հայ-ազգային արժեհամակարգով դաստիարակված զինվորներ պատրաստենք։ «Ունենալով նման թշնամի-հարեւաններ՝ մենք պարտավոր ենք լինել ուժեղ, ունենալ հայրենասեր զինվոր-սպաներով հագեցած բանակ։ Նման ճամբարները, որ կարող են դառնալ ցանկալի բանակի հիմք, պետք է կազմակերպվեն կառավարության կողմից։ Մեր թշնամին երբեք չի հրաժարվի մեզ ոչնչացնելուց՝ մեր երկիրը խլելու նպատակով։ Տեսել ենք Մեծ եղեռն, Շուշիի հայության կոտորած, Սումգայիթի, Բաքվի ջարդեր եւ այլն։ Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն խաղաղության հասնելու համար պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց «Արաբո»-ի Մանվելը։
Ճամբարականների հետ մարզվում էին նաեւ 2020 թ. դեկտեմբերի վերջին ստեղծված «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպության ճամբարի սաները, ովքեր կես տարուց ավելի է՝ մարզվում են։ ՀԿ նախագահ Գոռ Մանուկյանը գոհ է աշխատանքներից եւ կարեւորեց նորաստեղծ ասոցիացիայի դերը։ Ճամբարի շեֆ-խոհարարը Վլադիմիր Նիկողոսյանն է՝ մի հրաշալի անձնավորություն, ով «Նավասարդ» խոհանոցով այդ օրերին սպասարկել է ճամբարականներին։ Ճամբարի վերջին օրը շատ հյուրերի թվում նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էր, ով օգնում էր շեֆ-խոհարարին։ Օրվա ընթացքում ճամբարականները զբոսանավով շրջեցին Սեւանա լճում՝ թերակղզու հարեւանությամբ։ Այս հաճելի զբաղմունքը եւ տարածքի տրամադրումը ճամբարականներին իրականացվել է ՀՀ ԵԿՄ Սեւանի տարածքային բաժանմունքի կողմից։
Օրվա վերջին ճամբարի ղեկավարությունը եւ հյուրերն անցկացրին խորհրդակցություն՝ «Հայքյան» ասոցիացիայի եւ ռազմամարզական պատանեկան կառույցների աշխատանքները համակարգելու հետ կապված։ Ներկա հյուրերից շատերը հայտնեցին ցանկություն՝ աջակցել նորաստեղծ ասոցիացիային։ ՀՀ ԵԿՄ Գեղարքունիքի մարզի «Պատանի երկրապահի» ընդհանուր նախագահ, պահեստազորի գնդապետ, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» նվիրյալների ռազմամարզական ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, ով աջակցել էր ճամբարին տարածքի տրամադրմամբ եւ այլ հարցերով, կարեւորեց մեր ժողովրդի միասնությունը։ Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան, 2020 թ. պատերազմներին։ Գիտակցում է նման ճամբարների դերը եւ պատրաստ է մշտապես աջակցելու հնարավորությունների չափով։
8-օրյա ռազմամարզական ճամբարը Սեւանա լճի ափին փակվեց վերջին խարույկով։ Մինչ այդ աչքի ընկած աշխատակիցները, մարտիկները պարգեւատրվեցին ճամբարի ղեկավարության կողմից։ 8 օրվա ընթացքում միմյանց հետ մրցած եւ համատեղ մարզված պատանիներն արդեն ողջագուրվելով էին հրաժեշտ տալիս միմյանց՝ հավատով, որ էլի են հանդիպելու։