Ընթերցողներն այսուհետ կարող են հայերեն կարդալ վրաց գրող Գուրամ Դոչանաշվիլիի «Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ սերտ հարաբերություններ ունեն Վրաստանի գրողների միության հետ. հատկապես մինչ համավարակը հաճախ են մասնակցել գրական հանդիսությունների, գրքերի շնորհանդեսների և մի շարք այլ միջոցառումների:
Խոսելով Գուրամ Դոչանաշվիլիի գրականության մասին՝ Միլիտոնյանն ասաց, որ հեղինակը գրական աշխարհ է մուտք գործել 1970-80-ական թվականներին: «Նրա գրականությունը համեմված է Խորհրդայի Միության բացերի, թերությունների դեմ պայքարի ոգով: Այս գիրքը ևս այդպիսին է: Դրան գումարվում է նաև վրացու հումորը, որն ինձ համար շատ սիրելի է: Թվացյալ լուրջ տեքստում հումորն ասես սառույցի տակ ջուր լինի, որը միշտ խաղում է և դրանով մշտապես հմայում է ընթերցողին»,-նշեց միության նախագահը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Գիորգի Սագանելիձեն: Նա ընդգծեց՝ երջանիկ է, որ հնարավորություն ունի վրացի դասական գրողի շեդեվրը ներկայացնել Հայաստանում:
«Ցավոք, պարոն Դոչանաշվիլին այս տարի մահացավ. եթե կենդանի լիներ, անպայման ներկա կլիներ այս միջոցառմանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թարգմանիչներ Գելա Գելաշվիլիին և Ջեննի Թամարյանին: Սա հայ ընթերցողի համար հրաշալի հնարավորություն է ծանոթանալու այս հրաշալի պատմվածքին: Ինչպես ասում է հեղինակը, մեզ բոլորիս սպասվում է շատ մեծ երջանկություն»,-նշեց Սագանելիձեն:
Դեսպանի խոսքով՝ Վրաստանում Դոչանաշվիլին համարվում է Սերվանտեսի հետևորդ, և նրա ստեղծագործություններում նկատվում է Սերվանտեսի ազդեցությունը:
«Նրա գործերը վրաց հասարակությանը շատ մոտ են և զարմանալի չէ, որ նա շատ սիրված է Վրաստանում, և ես վստահ եմ, որ Գոչանաշվիլին նաև հայ ընթերցողի սրտում կմնա»,-շեշտեց Սագանելիձեն և հավելեց, որ համամիտ է Դոչանաշվիլիի այն գաղափարի հետ, որ վատ արարքի համար մարդկանց պատժելու միջոց կարող է լինել նրանց գրադարաններում փակելը:
«Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գրքի թարգմանիչներն են Գելա Գելաշվիլին և Ջեննի Թամարյանը, խմբագիրը Գայանե Գևորգյանն է, նկարիչը՝ Քեթևան Կոբախիձեն: Գիրքը տպագրվել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ֆինանսավորմամբ:
Գուրամ Դոչանաշվիլին, որը հայտնի է իր 1970-ական թվականներին գրված կարճ պատմություններով, որպես գրող իր նորամուտը նշել է 1961 թվականին։ Նրա պատմությունների և նովելների շնորհիվ արժանացել է բազում մրցանակների:
Դոչանաշվիլու ստեղծագործությունների հիմնական թեմաներն են սերը, բարությունը, չարի դեմ արդար պայքարը և ձգտումը դեպի ազատություն, մարդկանց թույլ կողմերն ու ամենօրյա պարզ երջանկությունը, ստեղծագործական ճանապարհին հայտնվելու բարդություններն ու դժվարությունները, մարդկային հաղթանակներն ու պարտությունները: Ուշադրության է արժանի հատկապես հեղինակի եզակի ու անկրկնելի լեզուն և տարբերվող հումորը, որով նա փոխանցում է դառը իրականությունը: