Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդրի քննարկումն անխուսափելի է: Ինչքան էլ Իլհամ Ալիեւը հայտարարի, թե հակամարտությունն անցյալում է, միեւնույնն է, բոլորը հասկանում են, որ հիմնահարցի երկարաժամկետ եւ հիմնավոր կարգավորումը հնարավոր է միայն հակամարտության պատճառը վերացնելու դեպքում: Իսկ հակամարտությունը բռնկվել է այն ժամանակ, երբ Արցախի բնակիչները՝ այն ժամանակ դեռ իրավական ուժ ունեցող Խորհրդային Միության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, միութենական բոլոր հանրապետությունների նման հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու որոշում կայացրեցին: Այս հանգամանքի անտեսումը կնշանակի հիմնահարցի կոնսերվացում՝ շատ ավելի վտանգավոր հետեւանքներով:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երեւանում, ի թիվս լուծում պահանջող 4 հարցի, հայտարարեց նաեւ Արցախի կարգավիճակի մասին: Եվրոպայի ներկայացուցիչը կոչ արեց լուծման հասնել գերիների վերադարձի եւ ականապատման քարտեզների հարցում, ձեռնամուխ լինել սահմանազատմանը եւ քննարկումներ սկսել ճանապարհների վերաբացման շուրջ: Միշելը կարեւորեց նաեւ Արցախի կարգավիճակի քննարկման հարցը: Վերջինս կարգավիճակի հարցի մասին հայտարարեց նաեւ Ալիեւի հետ հանդիպումից հետո՝ շեշտելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, եւ Բրյուսելը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու հարցում:
Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ քննարկումներից հրաժարվելն ուղիղ հարված է տեղի ժողովրդի իրավունքներին, իսկ վերջինս բազմիցս թե՛ գործով, թե՛ հայտարարություններով հայտնել է իր միանշանակ դիրքորոշումը: Օրերս այն հստակ ձեւակերպեց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը կկանգնի մինչեւ վերջ, բայց երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Բաբայանը նաեւ ընդգծեց, որ Արցախը կպահպանի իր սուվերենությունը եւ հանդես կգա որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ: Վերջինս նաեւ դրական էր գնահատել Արցախի կարգավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Երեւանում եւ Բաքվում արած հայտարարությունը:
Արցախյան հակամարտության կարեւորագույն խնդրի կարգավորման գործընթացը տեղից շարժելու քայլեր է սկսում անել նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկիրը՝ Ռուսաստանը: Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քննարկվել են Արցախի խնդրի կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները»:
Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա: Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային, այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Հետեւաբար, հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներում եռակողմ հայտարարությունը կարող է դիտվել միան հրադադարի եւ դրա վերահսկողության մեխանիզմների տեսանկյունից, բայց ոչ որպես քաղաքական համապարփակ կարգավորման միակ հիմք: Վերոնշյալ գործընթացները փաստում են, որ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացն աստիճանաբար տեղափոխվում է քաղաքական հարթություն, որին Ադրբեջանի վերադարձը ժամանակի խնդիր է միայն: