Զարգացման ինչ հեռանկարներ եւ հնարավորություններ կան բանկային համակարգում, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում երկրի տնտեսության առաջխաղացումը նոր խթան կդառնա հետպատերազմյան դժվարությունները հաղթահարելու, բնակչության զբաղվածության եւ սոցիալական մյուս խնդիրները լուծելու համար:
Այս թեմայով Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը տարիներ առաջ դասախոսություններ է կարդացել արցախյան բուհերի ուսանողության առաջ: «Ժամանակների հետ փոխվել են խաղի կանոնները, եւ այսօր միանգամայն բարդ ու միաժամանակ պատասխանատու խնդիրներ են ծառացած հասարակության առաջ: Միմիայն համապատասխան գիտելիքների իմացությունն ու բանկային համակարգում գործիքակազմի լիարժեք կիրառումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ աշխատանքները համակարգելիս»,- կարծում է Ն. Երիցյանը, ով այս օրերին գտնվելով Արցախում, հանդիպումներ է ունենում ինչպես բանկային համակարգում աշխատողների, այնպես էլ տնտեսության տարբեր ոլորտների եւ գործադիր մարմնի ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ զրույցի ժամանակ հարցերի լուծման «բանալին» տեսնելով ապագայի կրթության մեջ:
«Մենք չենք կարող առաջնորդվել անցյալի կրթական համակարգով: Ապագայի համար ինչ որ ընտրում, նախանշում ենք, պարտավոր ենք հետեւողական լինել իրագործման խնդրում,- կարծում է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը:- Միեւնույն ժամանակ պիտի խոստովանենք, որ ռազմավարության մի շարք գործիքներ մեր մեղքով բարոյազրկվել են: Մինչդեռ համընդհանուր ընկալումը երեւույթների վերաբերյալ պիտի լինի հստակ եւ խորքային: Իմ համոզմամբ՝ ռազմավարությունը ոչ միայն ինչ-որ փաստաթուղթ է, այլեւ՝ ռազմավարական մտածողություն, որը պիտի ունենալ մտապատկերում եւ ամրագրված ուղղություններով առաջ շարժվել, կյանքի կոչել մշակված ծրագիրը»:
Ն. Երիցյանն իր դիտարկումները ներկայացնելով բանկային համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ՝ երիտասարդ մասնագետներին փորձում է ուղղորդել դեպի գործնական քայլեր ձեռնարկելու հարթակ, իրենց առջեւ կոնկրետ նպատակներ դնել եւ դրանք հետեւողականորեն իրագործել: Նրա խոսքով՝ պիտի պլանավորել անելիքը եւ լրջորեն զբաղվել խնդրով: Քանի որ միայն այդ պարագայում հնարավոր կլինի հասնել նպատակին: «Այսօր, երբ անհրաժեշտ է համատեղել ուժերը, վերականգնել ավերված տնտեսությունը, լրջագույն չարիք է՝ լքել Արցախը եւ հեռանալ մի այնպիսի հրաշք երկրից, որի պատմությունը, հողը, ջուրը, օդն ու բնությունը բացառիկ արժեքներ են, եւ դրանք պահելն ու պահպանելը սուրբ գործ է յուրաքանչյուր երիտասարդի համար: Ահա թե ինչու ամեն կերպ պիտի խթանենք տնտեսությունը, բոլոր առումներով գրավիչ դարձնենք երկիրը, որպեսզի մարդիկ ոչ թե գնան Արցախից, այլ ընդհակառակը՝ տուն վերադառնան, այստեղ գան ապրելու եւ արարելու, կյանքն աշխուժանա եւ ավելի հետաքրքիր դառնա: Կարծում եմ, այս ամենի արդյունքում, գործնական, բարեկամական կապերն էլ կամրապնդվեն»,- հավաստիացնում է ՀՀ ԿԲ փոխնախագահը եւ հորդորում համախմբվել ու «հանուն Արցախի ապագայի՝ ժամանակ չկորցնել, գալ եւ միասին բուժել պատերազմի վերքերը, լիարժեք օգտագործել երիտասարդական ներուժը, զարգացնել ու շենացնել երկիրը»: